Երբեմն իմ ընթերցողներն ինձ դիմում են՝ տարակուսելով, թե արդյոք ես իսկապես հավատո՞ւմ եմ, որ, օրինակ, Աստված է ստեղծել աշխարհը 7 օրում՝ չնայած ապացուցված է, որ էվոլյուցիան՝ ամեոբաներից մինչեւ մարդանման կապիկները, տեւել է 3,5-4 միլիարդ տարիներ: Դրան ի պատասխան՝ ես նախեւառաջ իմ վերապահումն եմ հայտնում «ապացուցված է» արտահայտության հանդեպ: Նույն Դարվինը (որն, ի դեպ, իրեն աթեիստ չէր համարում) 150 տարի առաջ մի բան էր ապացուցում, մինչդեռ այսօր ժամանակակից կենսաբանությունը հերքում է բրիտանացի գիտնականի պնդումների մի մասը: Գիտությունն ապացուցված էր համարում, որ Արեւը պտտվում է Երկրագնդի շուրջ, այսօր մենք դրա վրա ծիծաղում ենք, իսկ վաղը մեր հետնորդները ծիծաղելու են մեր վրա: Գիտությունը գործ ունի հիպոթեզների եւ տեսությունների հետ, որոնք ապացուցվում են եւ հերքվում են (verification and falsification). Եթե չկա երկրորդի հնարավորությունը, դա գիտություն չէ:
Արդյոք կրոնը պե՞տք է հարմարեցվի հարափոփոխ եւ զարգացող գիտության տվյալներին: Կարծում եմ՝ ոչ: Դրանք տարբեր աշխարհներ են. Աստվածաշնչի 7 օրը որեւէ կապ չունի ֆիզիկական 7 օրվա հետ: Գիտության գործառույթների մեջ չի մտնում ուսումնասիրել հավերժ կյանքը, բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ հավերժ կյանք գոյություն չունի: Կենսաբանության տեսանկյունից՝ մահով մարդու կյանքն ավարտվում է, կրոնական մոտեցման դեպքում՝ ոչ: Արդյոք մենք կարո՞ղ ենք ասել, որ մեկը ճիշտ է, մյուսը՝ սխալ: Ո՛չ, դրանք համադրելի, համեմատելի մոտեցումներ չեն:
Գիտությունն ունի տարբեր օբյեկտներ՝ բույսեր, մոլորակներ, քիմիական մասնիկներ եւ այլն: Նման մի օբյեկտ է նաեւ մարդը, որին տարբեր տեսանկյուններից ուսումնասիրում են հոգեբանությունը, ընկերաբանությունը, նույն կենսաբանությունը, մի շարք այլ գիտություններ: Կրոնում (համենայնդեպս, քրիստոնեության մեջ) մարդը սուբյեկտ է, եւ այստեղ նյութը «մարդ-Աստված» փոխաբերությունն է: Ինձ թվում է, կրոնը, գիտությունը եւ արվեստը իրենց ձեւով, իրենց լեզվով, իրենց «գործիքներով» նկարագրում են իրականությունը, եւ մենք պետք է հավասարապես հարգենք այդ երեք մոտեցումները՝ դրանք ոչ թե հակադրելով, այլ հակառակը՝ փոխլրացնելով:
Հավանաբար, մեզանում կրոնը «գիտությամբ հերքելու» ավանդույթը գալիս է Սովետից՝ Գագարինը տիեզերք է թռել եւ Աստծուն չի տեսել:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ