Փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնում է. «Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան»:
Առաջնորդարանում քննչական գործողություններ են ընթանում հարուցված քրեական վարույթի շրջանակներում: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներսում չէ: Դիմակավորված անձինք մտել են դուռը կոտրելով: Առաջնորդարանի մուտքն այժմ հսկում են ոստիկանության ներկայացուցիչները: Նրանք թույլ չտվեցին ներս մտնել փաստաբանին եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանին:
Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել: «2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,- հայտնել են գլխավոր դատախազությունից։
«Առավոտի» հիշեցմանը, թե ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական վարույթ է նախաձեռնել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին», Միքայել սրբազանը պատասխանել էր․ «Բա ոնց, բա ոնց, բա ոնց, ես եմ ուզում իշխանությունը զավթեմ, դառնամ վարչապետ․․․»:
Կարդացեք նաև