Քիչ առաջ Շիրակի թեմի առաջնորդարանում ավարտվեցին քննչական գործողությունները։
Փաստաբան Թամարա Յայլոյանին, որը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից լիազորված փաստաբան էր, այդպես էլ չթույլատրեցին մտնել առաջնորդարանի շենք։
Կարդացեք նաև
Քննչական գործողությունների ժամանակ առաջնորդարանի շենքում միայն պահակն էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի թեմի սարկավագ Արտաշես Աջապահյանը։ Նա ասաց, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներսում չէ։
«Ես դիմակավորված ոստիկանների չեմ տեսել, դիմակավորվածները երևի վերևում էին, ներքևինները դիմակավորված չէին, բայց նրանց պատրվակ էր պետք, երազում էին լինել վեհարանում` մահակներով։ Հայաստանի Հանրապետության ոստիկանական ուժերն այսօր մեր երկրի շահերը չեն սպասարկում»,- ասաց սարկավագը։
Դրսում հավաքված մարդիկ դատապարտում են կատարվածը, հորդորում հանգիստ թողնել եկեղեցուն ու հոգևոր հայրերին։
«Դուք Նիկոլի ոստիկաններն եք, ամոթ ձեզ, երկու կոպեկի համար էս ինչ եք անում». ասում էր տարեց կանանցից մեկը։
Երիտասարդ մի տղամարդ էլ հայտարարեց, որ եթե համարձակվեն կալանավորել Միքայել Սրբազանի պես հայրենասեր հայորդուն, կպառկի ոստիկանական մեքենաների անվադողերի տակ ու թույլ չի տա։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ