Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպասենք՝ տեսնենք, թե այդ հետաքննության արդյունքները ինչպիսինը կլինեն»․ Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պրն Մեհդի Սոբհանին՝ Ադրբեջանի տարածքից իր երկրին հարվածելու մասին

Հունիս 27,2025 13:17

«Այո, մենք ինչ-որ տեղեկություն ստացանք, ըստ որի` որոշակի թվով փոքր ԱԹՍ-ներ հարեւան երկրներից մեր տարածք են մտել։ Այդ իսկ պատճառով Իրանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցում, մեր նախագահը նրանից խնդրեց, որպեսզի շատ լուրջ հետաքննություն իրականացվի այդ ուղղությամբ․ սպասենք՝ տեսնենք, թե այդ հետաքննության արդյունքները ինչպիսինը կլինեն։ Հենց հետաքննության արդյունքները հստակ լինեն, մենք որոշում կկայացնենք՝ ինչպես արձագանքել։ Հնարավոր է եւ հավանական է, որ մեր թշնամի սիոնիստական ռեժիմը հարեւան երկրի տարածքից օգտված լինի։ Սակայն ադրբեջանական կողմը մեզ վստահեցրել է՝ թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի։ Բայց սիոնիստական ռեժիմին շատ լավ ճանաչում եք, նրանք ոչ մի կանոնի, օրենքի հավատարիմ չեն, ուստի, այն որ հնարավոր է առիթն օգտագործած լինեն՝ կարող է»,- այսօր Մամուլի ազգային ակումբում հայտարարեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պրն Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, որ այս ընթացքում հայտարարություններ հնչեցին, որ հարվածներն Իրանին հասցվել են Ադրբեջանի տարածքից։

Դեսպանը հստակեցրեց՝ իրանական հետախուզական համակարգն է արձանագրումն արել եւ դիմել են Ադրբեջանին, բայց կսպասեն պաշտոնական աղբյուրների հաստատումներին։

ՄԱԱ նախագահի դիտարկմանը՝ Թեհրանի համար արժանահավատ կլինե՞ն Ադրբեջանի տրամադրած տեղեկությունները, քանի որ մենք Ադրբեջանին էլ ենք լավ ճանաչում՝ դեսպանը հստակ չպատասխանեց, կրկնեց՝ կսպասեն պաշտոնական հաստատումներին կամ հերքումներին։

«Իսրայելի մանկասպան եւ հանցագործ վարչապետն ավելի քան 30 տարի է, փորձում է աշխարհի հանրային կարծիքը մոլորեցնել՝ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի նկատմամբ»,- ասաց դեսպանը՝ հիշեցնելով, որ իր երկիրը քանիցս հայտարարել է, որ միջուկային զենք ձեռք բերելու նպատակ չի հետապնդել, չի հետապնդում եւ Իրանի խաղաղ միջուկային ծրագիրն իրականացվում է ՄԱԳԱՏԵ-ի հսկողության ներքո․ այդ կառույցից չկա որեւիցե հաստատում, որ Իրանը շեղվել է միջուկային խաղաղ ծրագրից։

«Մենք սիոնիստական ռեժիմի անօրինական ռազմական ագրեսիայի ենթարկվեցինք։ Ընդհանրապես, Իրանի կողմից որեւիցե սպառնալիք չլինելով հանդերձ, մենք զինված հարձակման եւ ագրեսիայի ենթարկվեցինք սիոնիստական ռեժիմի կողմից։ ԱՄՆ-ի հետ բանակցությունների փուլում էր գտնվում Իրանը եւ իսրայելական ռեժիմը, որպեսզի կանխեր այդ բանակցությունները, որպեսզի ԱՄՆ-ի հետ համաձայնության չհանգեինք, այդ հարձակումն իրականացրեց»,- ասաց դեսպանը՝ անօրինական եւ անտրամաբանական որակելով Իսրայելի պատճառաբանությունը, թե հարվածը կանխարգելիչ էր՝ Իրանի կողմից հնարավոր սպառնալիքների դեմ։

Նա պնդեց՝ ԱՄՆ-նն ի սկզբանե տեղեկացված է եղել, որ Իսրայելը ցանկանում է հարձակվել Իրանի վրա եւ չկանխելով դա, թույլատրելով հարձակումը՝ «դավաճանել է» Իրանի հետ բանակցային գործընթացին։ Դեսպանի գնահատմամբ՝ ԱՄՆ-ը խաբվեց «Իսրայելի հանցագործ բանդային»՝ ինքն էլ հարվածելով իրանական տարածքների վրա, որպեսզի «Իսրայելի ռեժիմին մահից փրկեն»։

«Երբ ասում ենք ՝ հրադադար, դա ենթադրում է երկխոսություն, սակայն սա հարձակումների դադարեցում էր ագրեսորի կողմից եւ պաշտպանվողի կողմից պատասխանի դադարեցում»,- այսպես բնութագրեց դեսպանը՝ Իրանի եւ Իսրայելի միջեւ՝ կրակը դադարեցնելու պայմանավորվածությունը՝ հավելելով, որ հստակ ուղերձ են հղել․ «Իրանը Լիբանանը չէ, Գազայի տարածքի բաց երկնքի տակ գտնվող բանտը չէ եւ հրադադարի ցանկացած խախտում պատասխան կստանա»։

Իրանն այժմ գտնվում է վնասի գնահատման փուլում, որպեսզի փոխհատուցման դիմում ներկայացնեն։

Խոսելով տարածաշրջանում հակամարտության ազդեցության եւ Իրան-Հայաստան հարաբերությունների մասին էլ՝ դեսպանն ասաց․ «ՀՀ-ի հետ մեր հարաբերությունն անգամ մեկ ակնթարթ չի դադարել, երկու երկրների միջեւ փոխադարձ այցերն անգամ ավելի շատ են տեղի ունեցել։ Մենք ականատես եղանք ՀՀ կառավարության դրական դիրքորոշմանը, Իսրայելի ռեժիմի գործողությունները դատապարտվեցին։ Մենք ականատես եղանք Հայաստանի ժողովրդի հոգեւոր միասնությանը եւ աջակցությանն Իրանի ժողովրդի նկատմամբ»։

Դեսպանը նկատեց, որ առանձին դեպքեր են եղել, երբ փորձ է արվել «պատվերով աշխատել» եւ իրականությանը չհամապատասխանող պատկեր ներկայացնել։ Նա հայտարարեց՝ իմաստուն խոսք կա, որ տխրության եւ ուրախության ժամանակ ես բարեկամիդ ճանաչում։ Չնայած իր բազմազբաղ լինելուն, դեսպանը վստահեցրեց՝ պարբերաբար հանդիպումներ է ունենում իրանցի գործարարների հետ, դրանք ընթանում են լավատեսության մթնոլորտում եւ արդյունքներն էլ դրական են, ԻԻՀ-ի կողմից ՀՀ-ում իրականացվող բոլոր նախագծերը շարունակվում են։ Նաեւ Իրանում են վերականգնողական աշխատանքները տարվում, այսօրվանից էլ դեպի Հայաստան թռիչքները կվերականգնվեն

«Աշխարհը հասկացավ, որ Իրանի հետ ուժի լեզվով չի կարող խոսել։ Իրանը հասկացավ, որ Իրանին եւ իրանցուն չպետք է սպառնալ։ Մենք պատրաստ ենք մեռնել, բայց ուժի լեզվով խոսողներին չհանձնվել»,- հայտարարեց դեսպանը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում ևս մեկ անգամ Իրանի ժողովրդի կամքը կթելադրեն։

Մամուլի ազգային ակումբի՝ «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում, այսօր ՄԱԱ-ում կայացավ հանդիպում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պրն Մեհդի Սոբհանիի հետ։ Քննարկման թեման էր՝ «Հայաստան-Իրան համագործակցության խորացման եւ ընդլայնման խոչընդոտները եւ հեռանկարները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30