Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եք, որ ձեր քաղաքացիները վախի մեջ ապրե՞ն՝ խոնարհվելով իշխանության առաջ, թե՞ ձգտում եք պատվի և հարգանքի արժանանալ»․ բուռն քննարկում ԵԽԽՎ-ում՝ Վրաստանի հարցով

Հունիս 27,2025 13:24

«Ուզում եք, որ ձեր քաղաքացիները վախի մեջ ապրե՞ն՝ խոնարհվելով իշխանության առաջ, թե՞ ձգտում եք պատվի և հարգանքի արժանանալ՝ ձեր երկիրը առաջնորդելով դեպի ազատություն և բարգավաճ ապագա»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում «Վրաստանում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց անհապաղ ազատ արձակում» թեմայով հրավիրված ընթացիկ քննարկման ժամանակ Վրաստանի իշխանություններին այսպես դիմեց ԵԺԿ խմբի խոսնակ, Նիդերլանդները ներկայացնող պատգամավոր Տեկկե Պանմանը։

ALDE խմբի ներկայացուցիչ Ստեֆեն Գետինսը հայտարարեց․ «Պետք է հարգել ժողովրդավարությունը։ Դա երբեմն դժվար է, և մենք բոլորս դա գիտենք։ Հակառակորդների բանտարկությունը և այլախոհների ճնշումը մեր արժեքներին հակասում են, ինչպես նաև հակասում են այս կազմակերպությանն անդամակցած երկրների հանձնառություններին։ ԵԽԽՎ-ն ընդունել է այս տարեսկզբին բանաձև, որով կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին և մտահոգություն հայտնում Վրաստանում ձերբակալությունների և իրավական գործընթացների չարաշահման վերաբերյալ։ Չպետք է լինի քաղաքական դրդապատճառներով հետապնդում։ Պետք է ազատ արձակվեն բոլոր նրանք, ովքեր Վրաստանում ենթարկվում են քաղաքական դրդապատճառներով հետապնդման»։

ALDE խմբի խոսնակ էստոնացի պատվիրակ Էրիկ Նիլ Կրոսսն էլ Վրաստանում կատարվողը համարեց ռուսական ոճով իրականացվող գործընթաց․ «Այն, ինչի ականատեսն ենք Վրաստանում, ռուսական ոճով է, հավանաբար նաև Ռուսաստանի կողմից ուղղորդվող և Ռուսաստանի օգնությամբ։ Սա պետության գրավում է Մոսկվայի կողմից ոգեշնչված և վերահսկվող օլիգարխիկ ​​ռեժիմի կողմից, որը տեղի է ունենում մեր աչքի առաջ»։

Եվրոպական միացյալ ձախերի խմբի խոսնակ Կիպրոսը ներկայացնող պատվիրակ Ջորջ Լուկադեն կարևորեց Միխեիլ Սաակաշվիլիին անկախ բժշկական օգնության տրամադրումը, անկախ հետաքննության իրականացումը չարաշահումների, բոլոր մեղադրանքների վերաբերյալ և այն օրենսդրության չեղարկումը, որը խաթարում է խոսքի և միավորման ազատությունները։

Նշենք, որ այս տարի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ Վրաստանի իշխանությունները հետ կանչեցին իրենց պատվիրակության անդամներին ԵԽԽՎ-ից։

Սոցիալիստների խմբի խոսնակ Պետրա Բայրն այս առիթով ասաց․ «Այս պահին Վրաստանում իրավիճակի զարգացման դրական նախադրյալներ տեսանելի չեն։ Մեծ հույս չունեմ, որ արմատական ​​փոփոխություն կլինի, և վրացական պատվիրակությունը շուտով կվերադառնա: Բայց մենք չպետք է հույսը կորցնենք և փորձենք ավելի մեծ ճնշում գործադրել վրացական իշխանությունների վրա՝ նոր ընտրություններ անցկացնելու, ակտիվիստների և խաղաղ ցուցարարների դեմ բոլոր բռնի գործողությունները հետաքննելու և, իհարկե, բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30