Արժանապատիվ Տեր Նշան քահանա Պանֆյորովը երեկ իր ֆեյսբուքյան էջում շատ ուշագրավ գրառում էր արել։ Տեր հոր մղումը շատ ազնիվ է եղել, նա Կանոնագիրք Հայոցից մեջբերումներ անելով՝ պարզապես ի ցույց էր դրել ՀՀ վարչապետի և բոլոր այն մարդկանց անօրինականությունն ու ճշմարիտ դավանանքից շեղված լինելը, ովքեր անընդհատ հրապարակայնորեն անիրավի քննադատություններ են հնչեցնում Ամենայն Հայոց հայրապետի և այլ հոգևորականների հասցեին։
Տարբեր առիթներով տարբեր հոգևորականներ նշել են, որ Կանոնագիրք Հայոցի կանոնները որոշ դեպքերում անիրագործելի են ժամանակի թելադրանքով, սակայն վարչապետն ու նրա համախոհները շարունակում էին պնդել ու մատնացույց անել որոշ կանոններ, որոնք պատիժ էին սահմանում կարգազանց հոգևորականների համար, սակայն մոռանալով կամ անտեսելով անընդհատ այն հանգամանքը, որ նույնիսկ եթե որևէ հոգևորականի համար ինչ որ պատիժ է սահմանված իր հոգևոր ծառայության մեջ թերանալու համար, ապա այդ պատիժը սահմանում է միայն ու միայն Եկեղեցական ժողովը։
Կարծում եմ ավելորդ չի լինի այստեղ նույնպես մեջբերել Արժանապատիվ Տեր Նշանի մատնանշած կանոնը, համաձայն որի անիծյալ են բոլոր նրանք, ովքեր հանրային կերպով, առանց Եկեղեցու ժողովի գիտության անարգում, պախարակում կամ դատում են Վեհափառ Հայրապետին կամ եպիսկոպոսին։ Ահա այդ կանոնը․
- Հիմնարար կանոններ.
– Կանոն 19 (Սբ. Հովհան Օձնեցի)
Կարդացեք նաև
«Ով Հայրապետին կամ եպիսկոպոսին անարգի, պախարակի կամ դատի առանց Եկեղեցու ժողովի գիտության՝ թող լինի անիծյալ ու հեռացված եկեղեցուց»։ Այստեղ եկեղեցական ժողով ասելով պետք է հասկանանք Ազգային-Եկեղեցական ժողովը։
Հիմա թող ամեն մարդ ինքն իրեն հարց տա թե արդյոք ինքը համաձայն այդ կանոնի անիծյա՞լ է և եկեղեցուց հեռացված։
Տեր Նշանը մեկ այլ կանոնի էլ է հղում կատարում, ցույց տալու համար, որ ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու եպիսկոպոսներին, այլ ընդհանրապես որևէ ձեռնադրյալ հոգևորականին հանրային կերպով պախարակումն ու նախատումը դատապարտելի է։ Ահա այդ կանոնը․
– Կանոն 68 (Մաշտոց Ա)
Ով ձեռնադրված հոգևորականին (մանավանդ եպիսկոպոսին) հանրային կերպով նախատի, թող ապաշխարի 40 օր աղոթքով ու ծոմով։ Եթե կրկնի՝ թող լինի արտաքսյալ»։
Եվ սրանք բնականաբար բոլոր այն կանոնները չեն, որոնք պատիժներ են սահմանում հոգևորականների ու Քրիստոսի Եկեղեցու դեմ պատերազմողների համար, ուստի աննահանջ կերպով ինչ որ կանոնական հարցեր բարձրացնելով ՀՀ վարչապետն ու իր համախոհները իրենք իրենց են ծուղակը գցում և անհարմար վիճակում հայտնվում։
Իսկ կարգալույծ եղած որոշ հոգևորականների միանալը իշխանությունների կողմից սանձազերծած հակաեկեղեցական արշավին չեմ կարծում, որ խելամիտ քայլ է։
Սակայն ապաշխարության դռները բոլորի համար բաց են և, ինչպես գրված է, Աստված երբեք չի կամենում մեղավորի մահը, այլ ժամանակ և առիթ է տալիս ապաշխարելու համար։
Ահա, սիրելի մեղսակից եղբայրներ, այս հոդվածս թող առիթ լինի մեզ բոլորիս համար ապաշխարելու, քանզի ես ինքս էլ սիրով օգտվում եմ ապաշխարության համար ինձ ընձեռված հնարավորությունից։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ