«Մեր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ միշտ կայուն է․ աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը եւ խորհուրդ ենք տալիս, որ պատմական ինքնակոչ պահանջներով չխանգարեն տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- այսօր Մամուլի ազգային ակումբում հայտարարեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պրն Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների և պատվիրակությունների ղեկավարների արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նիստին, որի եզրափակիչ հայտարարությունում անդրադարձ կա նաև Հայաստանին ու Ադրբեջանին։
«Մենք կտրականապես մերժում ենք ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ազգային ինքնիշխանությունը։ Ինչպես նաեւ ցանկացած կեղծ եւ շինծու արտահայտություններ, որոնք կարող են ենթադրել որեւէ տեսակի տարածքային պահանջ մեկ այլ երկրի նկատմամբ։ Հորինված եւ կեղծ այդ արտահայտությունների օգտագործումը հակասում է տարածաշրջանում խաղաղ գոյակցության ծրագրին, համակեցությանը եւ այլ երկրների տարածքային ամբողջականությանը։ Պետք է խուսափել այդ արտահայտությունների օգտագործումից»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ «Արեւմտյան Ադրբեջան» անվանումը, որ օգտագործվում է՝ ԻԻՀ նահանգներից մեկի անվանումն է եւ այն չի կարող օգտագործվել մեկ այլ տեսակի աշխարհագրական տարածքի համար, երբ այն օգտագործվում է որեւէ երկրի, հատկապես Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ։
Դեսպանը վերահաստատեց՝ իր երկիրը աջակցում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության մասին երկխոսությանը եւ կողմերին կոչ է անում՝ արագորեն ստորագրել կողմերի միջեւ արդեն իսկ համաձայնեցված հիմնական դրույթներով համաձայնագիրը:
Դեսպանն անդրադարձավ նաեւ Իրաք-ԱՄՆ հնարավոր բանակցություններին։
Կարդացեք նաև
«Այս օրերի ընթացքում որեւիցե հանդիպում չի եղել ԱՄՆ ներկայացուցիչների հետ, բանակցություններ չեն վարվել, նոր պայմանավորվածություն չունենք բանակցություններ վարելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ այժմ ուսումնասիրում են՝ հնարավոր բանակցություններն Իրանի շահերից բխո՞ւմ են, թե՞ ոչ եւ ո՞ր բանակցությունների սեղանի շուրջ է պետք հավաքվել, քանի որ բանակցային երկու ձեւաչափ՝ մեկն ԱՄՆ-ի հետ, մյուսը՝ եվրոպական երկրների հետ, ընդհատվել են․ առաջինը՝ Իսրայելի հարձակման արդյունքում, երկրորդը՝ ԱՄՆ-ի։
«Իրանի համար բանակցությունների ուղին փակ չէ»,- ասաց դեսպանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ