Ս.թ. հունիսի 12-13-ին Հայոց ցեղասպանության թանգարանի Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը մասնակցեց Երևանի պետական համալսարանի Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի կազմակերպած միջազգային գիտաժողովին՝ «Պետական պատվերով պատմագրություն եւ պատմագրական հեղինակություն» խորագրով։
Գիտաժողովին Սուրեն Մանուկյանը հանդես եկավ զեկույցով՝ «Ադրբեջանական պատմության կառուցումը. նարատիվների փոփոխությունը և պետական պատվերով պատմագրության դերը» թեմայով։ Զեկույցը քննարկում էր, թե ինչպես է Ադրբեջանում պետական հովանավորությամբ ձևավորվող պատմագրությունը վերածվել ռազմավարական գործիքի՝ հասարակական հիշողության մանիպուլյացիայի և հակահայկական քաղաքականության սպասարկման նպատակով։ Հատուկ ուշադրություն էր դարձված ժամանակակից ադրբեջանական դասագրքերին, որոնցում առատորեն հանդիպում են հայերի դեմ ուղղված ատելության խոսք սերմանող նարատիվներ։
Ներկայացվել են բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են հայերը դասագրքերում համակարգված կերպով ներկայացվում որպես «եկվոր», «նենգ» և «բանսարկու թշնամի», ինչպես է աղավաղվում տարածաշրջանի պատմությունը՝ հայերին պատկերելով իբրև ագրեսորներ, իսկ ադրբեջանցիներին՝ որպես անպաշտպան և խաղաղասեր զոհեր։ Զեկույցում վերլուծվել են նաև հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության յուրացման փորձերը, մասնավորապես՝ հայկական եկեղեցիներն ու վիմագիր արձանագրությունները ներկայացնելով իբրև աղվանական կամ ադրբեջանական ծագման հուշարձաններ։
Եզրափակելով՝ Սուրեն Մանուկյանը շեշտեց, որ այս պատմագրական նարատիվները չեն ուղղված խաղաղ համակեցության ու փոխըմբռնման ձևավորմանը։ Դրանք ծառայեցնում են մեկ հիմնական նպատակի՝ կրթական համակարգի միջոցով ձեւավորել մի հասարակություն, որն անհանդուրժող է հայերի հանդեպ և պատրաստ է պատերազմի, այլ ոչ թե խաղաղության։ Ադրբեջանական դպրոցական դասագրքերը պատրաստում են ոչ թե փոխզիջման ունակ քաղաքացիների, այլ հայերի դեմ վայրագություններ իրականացնելու պատրաստ ոճրագործների։
Կարդացեք նաև
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ