«Ես երբեք դեմ չեմ եղել երկխոսությանը»,- ադրբեջանցի լրագրողի հարցին՝ ի՞նչ փոխվեց, որ մեկ տարի առաջ Ադրբեջանի հետ երկխոսելու մասին էիք խոսում, բայց վերջերս նրան բռնապետ անվանեցիք, լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը։
ԵԽԽՎ նախագահը վստահեցրեց՝ մշտապես կողմ է եղել համագործակցությանը, նույնը վերաբերում է Վրաստանի հետ հարաբերություններին։ Նշեց, որ երբ Միգրացիայի հանձնաժողովի նախագահն էր, շատ լավ հարաբերություններ է ունեցել ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ։
Թեոդորոս Ռուսոպուլոսը հորդորեց հայտարարություններն ու հարցազրույցը չխառնել և ասաց, որ բռնապետ է անվանել Ալիևին հարցազրույցի ժամանակ, երբ հնչել է հարց «չե՞ք վախենում» ու ասաց․ «Ես չեմ վախենում ոչնչից, նույնիսկ մահից։ Բայց մահ՝ նկատի չունեմ սպանություն»։
Ադրբեջանցի լրագրողն ասաց, որ պրոկառավարական ադրբեջանական մեդիան այն թեզն է տարածում, թե այդ ամենն իբր նախաձեռնվել է ԵԽ գլխավոր քարտուղարի կողմից, և հարցազրույցն էլ եղել է նրա՝ Ալիևի հետ Անթալիայում հանդիպումից երկու օր առաջ, ԵԽԽՎ նախագահը պատասխանեց․ «Ես ուրբաթ օրն եմ հարցազրույց տվել, հաջորդ օրը գլխավոր քարտուղարի հանդիպումն էր։ Մենք երկուսով նույն արժեքների համար ենք աշխատում տարբեր կերպ։ Գլխավոր քարտուղարին ընտրում է Վեհաժողովը, բայց մենք չենք կարող թելադրել՝ նա ինչ անի։ Մենք ունենք նույն նպատակը և հարցին մոտենում ենք տարբեր կողմերից»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստրասբուրգ