Այսօր` հունիսի 27–ին, տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը, որը վարեց Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նիստին մասնակցեցին հոգաբարձուների խորհրդի 17 անդամներ, 9-ը՝ հեռավար, ինչպես նաև 15 տեղական մարմինների անդամներ, 6 –ը՝ հեռավար:
Կարդացեք նաև
ՀՀ նախագահի խոսքով՝ անցնող տարում իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր, որոնց միջոցով նոր շունչ է հաղորդվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությանը։ Սակայն հիմնադրամի առջև դեռևս կանգնած են բազում մարտահրավերներ՝ թե՛ ռազմավարական պլանավորման, թե՛ ծրագրերի արդյունավետության բարձրացման, թե՛ համահայկական ներուժի լիարժեք օգտագործման տեսանկյունից։
«Այս նիստը նաև առիթ է վերահաստատելու հիմնադրամի բովանդակային և կառուցվածքային զարգացման ճանապարհային քարտեզը՝ ընդլայնելու ներգրավվածությունը, ուժեղացնելու վստահությունը և բարձրացնելու արդյունավետությունը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և ողջ սփյուռքի բարգավաճման։
Համոզված եմ, որ մեր այսօրվա քննարկումները կնպաստեն հիմնադրամի աշխատանքների առավել հստակ ուղղորդմանը՝ հենված թափանցիկության, պատասխանատվության և ներառականության սկզբունքների վրա»,-ասել է նա։
Հոգաբարձուների խուրհուրդը լսեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2024 թվականի գործունեության մասին գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հաշվետվությունը։
Ներկայացվեցին տարիներ շարունակ Հիմնադրամի կողմից էլ ավելի մեծածավալ բնույթ և ձևաչափ կրող ծրագրերը ՝ բնակարանաշինության, առողջապահության, հումանիտար օգնության տրամադրման, սոցիալական աջակցության, կրթական, ենթակառուցվածքների վերականգնման ու զարգացման, վերականգնվող էներգիայի լայնածավալ կիրառման, կրթության, դպրոցաշինության ոլորտներում:
Զարուհի Ազնաուրյանի խոսքով, 2024 թվականի ընթացքում իրականացվել է 1,633,358,691.79 ՀՀ դրամ արժողությամբ ավելի քան 50 ծրագիր, շուրջ «Հայաստան» 40 համայնքում՝ ավելի քան 55,000 շահառուների համար։ Ծրագրերի մի մասը երկարաժամկետ ծրագրեր են և շարունակվում են 2025-ին:
«Այս տարի ևս շարունակելու ենք կանգնել սահմանային համայնքների և իր բնակիչների կողքին, միևնույն ժամանակ սատարելով նաև արցախցիներին, որոնց առնչվող ծրագրերը կրելու են շարունակական բնույթ» ,-նշել է նա։
Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2024 թվականի տարեկան ֆինանսական և գործունեության հաշվետվությունները, 2025 թվականի տարեկան բյուջեն, հոգաբարձուների խորհրդի գործունեությունը, գույքի տնօրինումը և աշխատանքային ներքին կանոնակարգը։
Հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց բոլոր նվիրատուներին, հոգաբարձուներին, գործընկեր կազմակերպություններին Հիմնադրամին աջակցելու համար, Հիմնադրամի տեղական մարմիններին իրենց ջանասիրության ու նվիրվածության համար, ինչպես նաև Հիմնադրամի ողջ անձնակազմին՝ նվիրումով աշխատելու համար։
«Հայաստան» համահայկական հիմնադրամ