«Դասական ապօրինություն է կատարվում այստեղ, այս պահի դրությամբ մի քանի տասնյակ քաղաքացիներ ենք ու հարյուրավոր ոստիկաններ: Մենք ունենք մի շարք օրենքներ, եւ եթե իրավական պետությունում մեզ պատկերացնենք, այս մարդիկ՝ ոստիկանները պարտականություններ ունեն: Երբ մարդուն բերման են ենթարկում, մարդը պետք է ինչ-որ իրավախախտում թույլ տված լինի, մարդուն ժամանակ տրամադրեն, տեղեկացնեն, որ իր գործողությունն իրավախախտում է…Բայց հենց նոր մեր աչքի առաջ արդեն 4-րդ, 5-րդ քաղաքացուն առանց նախազգուշացման բերման ենթարկեցին ու բիրտ ուժ կիրառեցին» ,- Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը: Տեղեկացրեց, որ ի թիվս այլոց բերման են ենթարկել նաեւ ավագանու անդամի, բնակիչներին թույլ չեն տվել իրենց երեխաներին վերցնել մանկապարտեզից:
«Ուժի ցուցադրությունը այս իշխանությունների վախերի եւ թուլության ուղղակի վառ ապացույց է: Առայժմ այդքան էլ շատ չենք, բայց ես լիահույս եմ, որ մեր քաղաքացիները կմիանան ու կաջակցեն եկեղեցուն, որովհետեւ այստեղ ենք գտնվում ի զորակցություն Հայ առաքելական եկեղեցու եւ ի աջակցություն Միքայել սրբազանի»,-ասաց նա:
Նաեւ տեղեկացրեց, որ լրահոսից իմացել է, որ ԱԱԾ-ականները ներխուժելով սրբազանի կեցավայր, ավերել են այն, անգամ սուրբ մասունքները տրորել են. «Ի՞նչ եք ուզում ցույց տալ, որ սրբապիղծ եք, ի՞նչ կետեր եք տրորում ու կարմիր գծեր հատում: Սա Հայաստանի պատմության առաջին դրվագն է, որ իրավապահ մարմինները խուժում են եկեղեցու տարածք: Ընդ որում՝ ապօրինաբար են անում: Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը եւ իշխող ուժը իրավապահ մարմիններին հակաիրավական հրահանգավորումներ են տալիս, որովհետեւ Սահմանադրությամբ ամրագրված է, որ որ մեր Հայ առաքելական եկեղեցին ունի բացառիկ կարգավիճակ, եւ ունենք համապատասխան օրենք, որով սահմանված է, որ պետությունն իրավունք չունի միջամտելու ներեկեղեցական հարաբերություններին: Իսկ այն, ինչ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տիրույթում մեկնարկել է արդեն 10 օրից ավելի, միջամտություն է եկեղեցու ներքին գործերին»:
Կարդացեք նաև
Տեսանյութն՝ ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ