Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցների կիրառմամբ պայքարելու է Եկեղեցու և եկեղեցականության իրավունքների պաշտպանության համար»

Հունիս 27,2025 20:05

Սույն թվականի հունիսի 27-ը Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից  իրականացված խայտառակ գործողություններով մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ կմնա որպես ազգային ամոթի օր։

Շինծու հիմքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահ մարմինների ներկայացուցիչները մուտք ենք գործել Մայր Աթոռի տարածք՝ նպատակ ունենալով ձերբակալելու և բռնի ուժով բերման ենթարկելու Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այդ ընթացքում մեծածավալ ուժերով արգելափակվել են Մայր Աթոռի մուտքերը և խափանվել համայն հայության հոգևոր կենտրոնի բնականոն կյանքը։ Արհեստական խոչընդոտներ են հարուցվել նաև դեպի Վաղարշապատ և Սուրբ Էջմիածին ուղևորվողների համար, ընդհուպ անցկացվել են ստուգումներ։

Խստորեն դատապարտում ենք նախաձեռնված հակաեկեղեցական գործողությունները և գնահատում որպես անարգանք հայոց հոգևոր կենտրոնի՝ Սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ, այլև հավատացյալների հոգևոր զգացումներին հասցված ծանր վիրավորանք։

Ինչպես երկրի վարչապետի, այնպես և իշխանության տարբեր ներկայացուցիչների հռետորաբանությունից ակնհայտ է, որ ծրագրավորված այս գործողությունը իշխող ուժի եկեղեցահալած քաղաքականության հերթական դրսևորումն է։ Երբեք հնարավոր չէր պատկերացնել, որ հայրենի իշխանություններն ունակ են նման դավադիր հարված հասցնելու հայոց հնագույն ազգային հաստատությանը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն այնպես, ինչպես նույնիսկ չեն վարվել ժամանակի օտար տիրապետողներ։

Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին շարունակելու նույն նախանձախնդրությամբ լինել Մայր Եկեղեցու կողքին և աղոթելու Սուրբ Էջմիածնի պայծառության և մեր հայրենիքի խաղաղության համար։ Հոգևորականները հավատավոր մեր զավակների հետ, ի զորակցություն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, լինելու են Քննչական կոմիտեի և դատարանի վայրերում։

Դատարանից ակնկալում ենք արդարացի որոշման կայացում։

Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցների կիրառմամբ պայքարելու է Եկեղեցու և եկեղեցականության իրավունքների պաշտպանության համար։

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30