«Եթե նախկինում իրավապահ մարմինները հրաժարվել են քրեական հետապնդում իրականացնել կամ քրեական վարույթ նախաձեռնել, դա ներկայիս քրեական վարույթը բացառող հանգամանք է»։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելու միջնորդությունը քննող դատարանի շենքի առջեւ լրագրողների հետ զրուցելիս այս մասին շեշտել է փաստաբան Հովսեփ Սարգսյանը՝ հավելելով, որ հարուցված քրեական վարույթը չէր կարող նախաձեռնվել, քանի որ Գլխավոր դատախազությունը նախկինում հանցակազմ չէր գտել Միքայել Սրբազանի հայտարարություններում։
Սարգսյանն այս համոզմանն է՝ հիմնվելով այսօր ավելի վաղ իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի ներկայացրած փաստաթղթի վրա։ Իոաննիսյանին Դատախազությունից հայտնել էին, որ Սրբազանի խոսքերում հանցակազմ չկա։
Սարգսյանի պատկերացմամբ՝ դատավոր Մասիս Մելքոնյանին բացարկ հայտնելու հիմքերն առկա են։
Կարդացեք նաև
Նախապատմություն
Այսօր ԱԱԾ-ն Մայր Աթոռում փորձում էր բերման ենթարկել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդին։ Չկարողանալով իրականացնել դա՝ իրավապահները հեռացան Սուրբ Էջմիածնից։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ինքը ներկայացավ Քննչական կոմիտե։ Կոմիտեն Սրբազանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին, որին մակագրվել էր նաեւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու միջնորդությունը։ Հիշեցնենք, որ գրեթե մեկ ամիս է, ինչ հայաստանյան իշխանությունները հակաեկեղեցական արշավ են նախաձեռնել՝ նպատակ ունենալով հեռացնել Գարեգին Բ Հայոց Հայրապետին։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ