Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր լռելը նշանակում է համաձայնություն տալ ազգային ինքնության ոչնչացմանը. ԱՀ պետնախարար

Հունիս 28,2025 00:40

Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը ArmLur.am լրատվականի միջոցով կոչով դիմել էր ինչպես արցախահայությանն, այնպես էլ համայն հայությանը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետությունը, թեկուզ այսօր բռնազավթված ու ժամանակավորապես օկուպացված, շարունակում է պահպանել իր պետական ինստիտուտները՝ որպես հայ ժողովրդի կամքի կենդանի վկայություն։ Սակայն այսօր մենք ականատես ենք լինում երևույթների, որոնք զարհուրելի վտանգ են ներկայացնում մեր ողջ ժողովրդի համար։

Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից սկսել է իրագործվել հստակ ուղղորդված արշավ՝ մեր հոգևոր հենասյան՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Ձերբակալվում են հոգևորականներ, ճնշվում են քահանաները, հալածվում են ազգային արժեքների համար պայքարող քաղաքացիներն ու գործիչները։ Այսօր արդեն այդ հարձակումները հասել են մեր հոգևոր կենտրոնին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որտեղ բռնի ուժ է կիրառվում ոչ միայն հոգևորականների, այլև հավատավոր ժողովրդի դեմ։

Սա այլևս քաղաքական խնդիր չէ։ Սա մեր ինքնության, մեր հավատքի, մեր պատմության և ապագայի հարցն է։

Որպես Արցախի Հանրապետության պետնախարար՝

Դատապարտում եմ այս գործողությունները որպես հակահայկական և հակազգային։

Կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին՝ դադարեցնել խտրական, հակազգային և բռնաճնշող գործողությունները, հարգել ազգային և հոգևոր կառույցների ինքնիշխանությունը և զերծ մնալ պատմական հիշողության ջնջման փորձերից։

Եվ ամենակարևորը՝ կոչ եմ անում հայ ժողովրդին դուրս գալ և կանգնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, մեր եկեղեցու, մեր հոգևորականների ու ազգային արժեքների կողքին։

Միաժամանակ, մեր համերաշխությունն ու զորակցությունն ենք հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, մեր հոգևորականներին, ինչպես նաև մեր այն հայրենակիցներին, ովքեր կանգնած են ճշմարտության և արդարության կողքին։

Այսօր լռելը նշանակում է համաձայնություն տալ ազգային ինքնության ոչնչացմանը։ Այսօր մեկտեղվելու ժամանակն է՝ հանուն մեր հայրենիքի և մեր հոգևոր ժառանգության։

Եկեք ոտքի կանգնենք՝ հայ եկեղեցու, հայ հոգևորականության և հայ արժանապատվության համար։

 

Նժդեհ Իսկանդարյան

ԱՀ պետնախարար

27.06.2025 թ.»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30