Սամվել Կարապետյանի ձերբակալությանը հաջորդեցին քրեական վարույթների հարուցումներ, կալանավորումներ։ Այս անգամ թիրախում էին «Սրբազան շարժմանն» աջակցող քաղաքացիները, Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը։
Իրավաբաններն ահազանգում են՝ իշխանության ներկայացուցիչների կողմից տեղի է ունենում անմեղության կանխավարկածի ոտնահարում, խոչընդոտում են փաստաբանների գործունեությունը խուզարկությունների ժամանակ և այլն։ Իրավապաշտպանն արձագանքում է՝ հերթական բռնությունների ալիքն է։ «Եթե նախկինում փորձում էին ինչ-որ ձևական, ֆորմալ, իրավական փաթեթավորում ապահովել, Սամվել Կարապետյանի գործով մեկնարկ տվեցին ծայրաստիճան բացահայտ ապօրինությունների, որն արդեն հարիր է ավտորիտար կառավարման պետություններին։ Իրենք չեղարկեցին մեր պետության ժողովրդավար և իրավական տարրերը։ Քաղաքական իրավունքի իրացումը մեր երկրում մարդու համար դարձրել են ճակատագրական։ Դա հարիր է ավտորիտար ռեժիմներին, ոչ թե իրենց կողմից ոչ վաղ անցյալում հռչակված «ժողովրդավարության բաստիոնին»։
Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը միացրեց արհեստական շնչառության ապարատին՝ ակնհայտ կերպով հրաժարվելով բոլոր այն արժեքներից, որոնք հռչակել էր անցյալում։ Ի՞նչ արեցին «Սրբազան շարժման» և Բագրատ Սրբազանի նկատմամբ։ Մեկնարկը տրվեց ինչ-որ անհայտ ծագումնաբանության պլանից, որի օրինակն իրենց իսկ կողմից հրապարակվեց և պարզվեց՝ հին ամսաթվով է, դրան հաջորդեց ձայնագրության հրապարակումը, որն, իրար հերթ չտալով մեկնաբանում ու տարածում էին, այդ ձայնագրությունը կրկին անհայտ ծագումնաբանությամբ էր, ակնհայտ կեղծ տարրեր պարունակող, երևի թե, ինչ-որ զրույցներից արհեստական կերպով բառեր էին կպցրել իրար, որովհետև բուն ձայնագրություններից մասեր կային, որոնք Քննչական կոմիտեի էջից ջնջվեցին և հետո տեղադրվեցին նոր մասեր՝ ավելացված տարբերակով։ Քննչական կոմիտեն սկզբում մի լիրիկական տեքստ տեղադրեց, և ակնհայտ էր, որ այդ տեքստում ներառված մարդկանց նկատմամբ ծանր մեղադրանքներ են առաջադրվելու։ Զուգահեռ խոչընդոտվում էր փաստաբանների ներկայությունը խուզարկությունների ժամանակ, խոչընդոտում էին լրատվամիջոցների գործունեությունը, իսկ մարդկանց անմեղության կանխավարկածը մեր երկրում արդեն վաղուց, էլի քաղաքական հայացքներով պայմանավորված, չեղարկվել է։ Քննչական կոմիտեն, ըստ էության, ոչ թե օբյեկտիվ քննություն իրականացնող մարմնի գործառույթն էր իրականացնում, այլ մեղադրանքը հիմնավորող մարմնի ու հանրային կարծիք ձևավորելու գործառույթն էր կյանքի կոչել։
Դրա մասին էին վկայում իրար հետևից տեղադրվող, իբրև թե, փաստական հանգամանքներն ու իրեղեն ապացույցները, որոնք զազրելի ու ծիծաղելի են, մանկահասակի մակարդակի։ Օրինակ՝ «արմատուրայի» տեսականին էր տեղադրվել՝ որպես «ծանր զենքի» տեսականի, հրավառության տեսակները կամ «Սրբազան պայքարի» հայտնի գունային ներկերը, որոնք միշտ օգտագործում են երթերի, հավաքների ժամանակ, ողորկափող որսորդական զենքերն իրենց օրինական թույլտվություններով և ավելի զավեշտալի՝ կրակված փամփուշտները։ Այս ամենը զավեշտ է։ Սրանք իրենց իշխանության սատելիտների և ներկայացուցիչների համար հիմքեր են, որպեսզի շրջանառեն ու ներկայացնեն, թե ինչպիսի վտանգավոր «բանդայի» են մեկուսացրել և մյուս կողմից էլ՝ անաչառ դիտորդի համար այսպիսի տպավորություն ստեղծել, թե՝ տեսեք՝ ինչ «հանցագործներ» են։
Կարդացեք նաև
Բագրատ Սրբազանը մեր երկրում այս իշխանության դեմ ամենամեծածավալ մարդկային ներուժով ու ամենաերկարատև շարժման առաջնորդն է եղել։ Եթե մարդը ունենար բռնության հակում ու մտադրություն, նա բազմաթիվ հնարավորություններ ունեցել է բռնության կոչեր հնչեցնելու ու շատ ավելի լայն ռեսուրսներով կյանքի կոչելու։ Տասնյակ հազարներով մարդիկ իր հետ քայլել են, շարժմանը ներկա գտնվել։ Այդ մարդիկ միայն իր աջակիցները չեն, նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներն են, ովքեր ուղեկցել են այդ շարժումը, երթն ու հավաքները։ Անձամբ եմ ականատես եղել հարյուրավոր դեպքերի, թե ինչպես է Սրբազանը խաղաղեցնող, հարթեցնող, միջադեպերը լուծող, խաղաղ ելքով, կոչերով հանդես եկող մարդը եղել։ Սա էլ է փաստական հանգամանքների զինանոցը, որոնք դատարաններում պետք է քննարկվեին ու ներկայացվեին, անհեթեթ մեղադրանքները չեղարկելու հիմք հանդիսանային։ Մինչդեռ բոլորիս համար ակնհայտ էր՝ բոլոր այն մարդիկ, ովքեր ձերբակալվեցին, նրանց նկատմամբ կալանքի որոշումները հաստատ ընդունվելու էին։ Այս հիմքով մեր դատական իշխանությունը մտածելու բան ունի, ու հենց այն դատավորները, ովքեր բավարարեցին կալանքի միջնորդությունները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Երրորդ հարվածը երեկ ստացավ Հայ առաքելական եկեղեցին, երբ ԱԱԾ աշխատակիցները, ոստիկանները փորձեցին ուժով մտնել Վեհարան և ձերբակալել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Աննկարագրելի զազրելի տեսարանի ականատես եղանք։ Մեր զրուցակիցը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը նախընտրական քարոզչության ծիրում են և այս ամենը տեղավորում են այդ ծիրում։ «Այդ մասին բարձրաձայնեց Արտակ Զեյնալյանը՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։ Ընդդիմադիր պատգամավորի հարցին, թե ինչպիսի՞ գնահատական է տալիս Եկեղեցու նկատմամբ ողջ պրոցեսին, արձագանքեց՝ Եկեղեցին այն կառույցն է, որն ունի լայնամասշտաբ հանրային ազդեցություն և աջակցություն, և պատահական չէ, որ նրանց միջամտության նախընտրական քարոզչության սահմանափակում կա, այսինքն՝ ըստ էության փորձեց որակում տալ և արդարացնել Եկեղեցու հանդեպ այս ողջ պրոցեսը։ Այդտեղից ինձ համար ակնհայտ էր, որ Եկեղեցին իրենց համար վախենալու կառույց է, որը նախընտրական քարոզչությունում կարող է ազդեցություն ունենալ հանրային կարծիքի և տրամադրությունների վրա։ Իրենք բուռն կերպով պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին, այդ ճանապարհին Գյումրին իրենց համար եղավ «աքիլլեսյան գարշապարը», անսպասելի իրավիճակ ստեղծվեց, որովհետև իրենք գիտեն, թե ինչ մասշտաբի ռեսուրս էին կիրառել Գյումրու ընտրություններում, ինքս դրա ականատեսն եմ եղել՝ որպես դիտորդական առաքելության ներկայացուցիչ ու ղեկավար։ Ու հիմա իրենց համար հավանական ընդդիմադիր գործիչներին, թեկնածուներին, կառույցներին, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցուն դարձրել են թիրախ, ու թիրախները տրորելով, որպես մարդիկ, ովքեր չունեն կարմիր գծեր ու սահմաններ, անցնում են առաջ՝ կրկին սահմանադրական կարգը տապալելով, սահմանադրական-քաղաքական ճգնաժամ ստեղծելով։
Մեր Սահմանադրությունը տվել է Հայ առաքելական եկեղեցուն կարգավիճակ, պատահական չէ այդ կարգավիճակը, տվել է գործունեության երկու հիմնական առաքելություն և սկզբունք, որոնք ամփոփվում են հայի ինքնության պահպանմամբ, դա արվել է՝ հաշվի առնելով Եկեղեցու դերը մեր պետության ու ազգի կյանքում ու գոյապահպանության հարցում։ 2005 թվականի Սահմանադրությամբ ուղղակի ամրագրված էր, որ Եկեղեցին ու պետությունը անջատ են։ 2015 թվականի փոփոխություններով խնդիր կար բեռնաթափելու Սահմանադրության տեքստը, և արդեն համանուն օրենքում, որը պետության և Եկեղեցու հարաբերություններն է կարգավորում, հստակ նորմ կա, որ պետությունն իրավունք չունի միջամտել մեր եկեղեցական իրավահարաբերություններին։ Բացի դա, Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, նա, ըստ Սահմանադրության, ունի հստակ գործառույթներ, լիազորություններ, պարտականություններ։ Եթե նա անում է մի բան, որ օրենքում ու Սահմանադրությամբ սահմանված չէ, նա այդպիսով խախտում է օրենքն ու Սահմանադրությունը։ Նա որևէ իրավասություն չուներ Եկեղեցու նկատմամբ նման արշավ սկսելու, նման միջամտություններ նախաձեռնելու։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ տապալում է մեր իրավական պետության հենասյունային՝ օրինականության, իշխանությունների տարանջատման սկզբունքները. ըստ էության, սա սահմանադրական կարգի տապալում է, ու հերթական անգամ ճգնաժամն այն է, որ իր հակաիրավական գործողությունները մնում են անհետևանք ու անպատիժ»,-եզրափակում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում