Որքան էլ տարբեր մեկնաբաններ փորձեն շրջանառել վերը ակնարկված «խելահեղության կանխավարկածը», պարզից էլ պարզ է, որ նման քայլեր նախաձեռնողը չի կարող չհասկանալ, որ դրանցով առնվազն կտրուկ ապակայունացնում է ներքին իրավիճակը: Երբ փորձում ենք մի փոքր «կողքից» դիտարկել այս ամենը, ապա աչքի է զարնում այն, որ Փաշինյանը, մեծ հաշվով, նպատակ ունի ոչ թե ինչ-որ «հանցավոր մտադրություններ» բացահայտել ու խափանել, այլ ճնշել ընդվզումը, ջարդել դիմադրողականությունը, տրորտակ տալ իրեն ընդդիմանալու բոլոր հնարավոր դրսևորումները: Այդ ամենը տիպիկ են արգահատելի բռնատիրություններին: Բայց փորձ է արվում իրականացնել մի իշխանախմբի կողմից, որը, գոնե առերևույթ, իշխանությունը փողոցով վերցրել էր ժողովրդավարական կարգախոսների «գործիքակազմով»:
Հատկանշական է, ի դեպ, որ չնայած ինչ-որ «կամավորականների» հավաքագրելու մասին անձամբ Փաշինյանի արած հայտարարությանը, նա Հայ առաքելական եկեղեցու վրա գրոհելու համար օգտագործեց ոստիկանական և ԱԱԾ ստորաբաժանումները:
Կա տեսակետ, որ Փաշինյանն այդպիսով ջանում է հիմքեր ապահովել իր իշխանությունը պահպանելու համար, քանի որ նրա ընկալման տեսանկյունից՝ պաշտոնը պահպանելը իր ու մերձավոր խմբի անվտանգության ապահովման միակ երաշխիքն է: Բայց, մյուս կողմից, վերարտադրվել ջանացող, այն էլ՝ ընտրությունների միջոցով վերարտադրվել ցանկացող որևէ իշխանություն իրեն այդպես չէր դրսևորի: Դա հակասում է ռացիոնալ ընկալմանն ու ողջամտությանը: Ընտրություններով վերարտադրվել ցանկացողը չի դիմում հարկային մամլիչի, չի խստացնում տուգանքներն ու տույժերը, չի ծավալում համատարած ագրեսիա, չի փորձում կտրուկ ապակայունացնել ներքին իրավիճակը: Շատերն են նկատում, որ Փաշինյանի այդ քայլերը կամ դրանց հնարավոր նպատակը ոչ միայն պարզապես իրավիճակի սրումն է, այլ ինչ-ինչ անկարգություններ հրահրելը (շատերը ավելի դաժան բառեր են գործածում): Բայց ի՞նչ կարող է տալ կամ ո՞ւմ է պետք երկրի ներսում նման հնարավոր խառնաշփոթը:
Շատերը նաև սրա պատասխանն են տալիս՝ իսկ եթե նպատակը հենց խառնաշփո՞թն է, քաոտիկ վիճակը: Այս տարբերակն էլ ունի կյանքի իրավունք: Սակայն հարցն այն է, որ դրանից, կարելի է չկասկածել, կշտապեն օգտվել մեր երկրի ու ժողովրդի թշնամիները: Իսկ օրվա իշխանությունն էլ, նույնպես կարելի է չկասկածել, այդ ամենի համար կսկսի մեղադրել ընդդիմադիրներին, ժողովրդին, «ահաբեկիչներին», «հեղաշրջումականներին»: Այսինքն, կփորձի իր իսկ հրահրած ցեխաջրից «չոր» դուրս գալ:
Կարդացեք նաև
Դա, կարծում ենք, հասկանում են բոլոր հիմնական ուժերի, «դիմադրության օջախների» բոլոր ղեկավարները, ինչից ելնելով էլ՝ հնարավորինս խուսափում են կտրուկ ապակայունացման, թվում է թե՝ իշխանության կողմից «նվեր տրված» առիթներն օգտագործելուց: Այո, բայց «համբերության չիբուխը» մի օր կարող է և սպառվել: Ըստ որում, անկախ այն բանից, թե կողմերից յուրաքանչյուրն ինչ հաշվարկներ կամ մտորումներ ունի: Պարզ է մեկ բան. այդպես կարելի է միառժամանակ, մի ինչ-որ ժամանակահատված, կառչած մնալ իշխանական աթոռին: Բայց այդպես իշխանություն պահել, ավելին՝ ինչ-ինչ պայմանավորվածություններ իրագործել, այն էլ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կայացված և գաղտնի պահվող պայմանավորվածություններ, չի հաջողվի: Շատ բան այդ առումով, կարծում ենք, կախված է նաև նրանից, թե որքան արագ ու ճկուն կլինեն հանրային որոշակի վարկանիշ, նաև ռեսուրս ունեցող հիմնական քաղաքական ու ազգային ուժերը:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում