Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Փաստաբան․ Չեմ բացառում, որ նույն սրբապիղծ ոճով կարող են գործողություններ կատարվել նաեւ կաթողիկոսի դեմ․ «Հրապարակ»

Հունիս 28,2025 11:16

«Վեհարանում տեղի ունեցած իրադարձություններին իրավական գնահատական նույնիսկ տալն իմաստ չունի, մեկ բառով կարելի է ասել՝ դա սրբապղծություն է, որին մասնակցում են մեր իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Մի կողմ թողնենք, որ կա ապօրինի վարույթ, կա ձերբակալման որոշում, որը պետք է ի կատար ածվի, որեւէ ուժային կառույցի ղեկավար չէր կարող այդ որոշման կատարումն անել այս եղանակով, եթե գիտակցված չի ցանկացել գնալ եւ իր ենթականերին տանել սրբապղծության»,- իրավիճակը գնահատում է փաստաբան, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Եվ հիշեցնում է, որ նախորդ տարի՝ Սրբազան շարժման ակտիվ փուլում, երբ շարժումը հայտարարում էր, որ Մայր Աթոռը չի մասնակցում գործընթացին, չի ղեկավարում շարժումը, ՔՊ-ն ամեն կերպ փորձում էր հիմնավորել, որ դա այդպես չէ՝ այդ կերպ փորձելով պատերազմի մեջ ներքաշել եկեղեցուն: Ըստ Խուդոյանի, արդեն նախորդ տարվանից ակնհայտ էր, որ այս գործողությունների պլանն իշխանությունն ունի:

«Ե՛վ Բագրատ սրբազանի, եւ՛ Միքայել սրբազանի նկատմամբ հարուցված վարույթներն ակնհայտ ապօրինի են, կեղծված են տվյալները եւ չեն արտահայտում որեւէ իրականություն, դրանք իրավունքի հետ աղերս չունեն ու եկեղեցու դեմ ուղղված գործողություններ են՝ կատարված իրավապահների կողմից եւ չեմ բացառում, որ նույն սրբապիղծ ոճով կարող են գործողություններ կատարվել նաեւ կաթողիկոսի դեմ»,-ասում է Խուդոյանը:

Նիկոլ Փաշինյանը, որը 2008 թ-ի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ անձամբ էր հակաիրավական գործողությունների կոչեր հնչեցնում, այսօր ջանք չի խնայում իրավապահների գործողությունները «հեղաշրջման» վտանգը կանխելու սոուսով ներկայացնել՝ չնայած նրան, որ հայտնի «պլանը» պարզապես ծաղրի առարկա դարձավ: Համեմատելով 2008-ի Նիկոլի գործողություններն այսօրվա Նիկոլի գործողությունների հետ՝ մեր զրուցակիցն արձանագրում է՝ ցանկացած հետաքրքրվողի համար տեսանյութերը հասանելի են, որտեղ երեւում է, որ հավաքի կազմակերպիչներից Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին փայտերով, քարերով, մետաղական ձողերով զինվելու, ոստիկաններին դրանով դիմավորելու, բարիկադներ կառուցելու, Ձկան խանութի մոտ «подкрепление» ուղարկելու հրահանգներ է տալիս։ Փաստաբանը հիշեցնում է, որ այդ գործողություններն ուղղորդվել են պայթուցիկներով, հրկիզումներով, 100-ից ավելի ոստիկանների՝ ծանր վնասվածքներով ու այս ամենը իրականացվել է Փաշինյանի՝ ուղիղ հայտարարություններով, որոնք արձանագրված ու հայտնի են:

«Քաղաքականության մեջ թրծված մարդկանց համար արդեն իսկ ակնհայտ պետք է լինի, թե ինչ խնդիր է լուծում հիմա Փաշինյանը, նա արդեն հասկացել է, որ սահմանադրական  եղանակով 2026-ին իր իշխանությունը շարունակելու որեւէ հեռանկար չունի եւ 2018-ից սկսած ավտոկրատական գործողությունները փորձում է վերջնական փուլին հասցնել՝ կառուցել բռնապետական համակարգ եւ մինչեւ ընտրությունները մեկուսացնել բոլոր ազգային ուժերին, իրեն հակադրվողներին ու ապագայում մենք կտեսնենք՝ նաեւ քաղաքական օպոնենտներին»,-ասում է Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ պետության տարբեր ինստիտուտներ արդեն իսկ թուլացրել են, բանակը կոտրվել է եւ ամենաբարձր իմունիտետն ունեցող կառույցը՝ եկեղեցին է, որն այժմ խանգարում է Փաշինյանի հակապետական ծրագրերի իրականացմանը:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30