Հերոսական պատումը նվիրվում է 2020 թվականի հոկտեմբերի վեցին Մարտակերտի շրջանի N141 դիրքի առաջնագծում մարտական արտակարգ հանձնարարության ժամանակ հերոսաբար զոհված, Արցախի հատուկ նշանակության գործողությունների ստորաբաժանման վաշտի հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանին, և նրա հրամանատարությամբ վաշտի մարտական առաջադրանքը խիզախորեն կատարած նվիրյալ քաջորդիներին:
«Կանավ» կոչվող մարտագծի ձախ հենակետի հատվածում մարտերը չէին դադարում: Թուրքերի առաջապահ ուժերը, երկու անհաջող հարձակումից հետո չդիմանալով հայկական կողմի հուժկու հակահարվածին, զգուշավոր նահանջում էին՝ թողնելով հայկական դիրքերի ամբողջ երկայնքով շաղ եկած տասնյակ դիակներ ու վիրավորներ:
Ռոստը հեռադիտակով դեռ զննում էր բախման գոտու ողջ երկայնքը, երբ ականջին պայթեց Հովոյի շնչակտուր ձայնը.
– Դրանց զենքերը չհավաքե՞նք, հրամանատար, ափսոս ա…
Կարդացեք նաև
– Մի՛ շտապիր, Հովո… արա՛, սնդիկ հո չե՞ս… լավ զննեք տարածքը, վիրավոր թուրքը մեկ ա էլի թուրք ա, մեկ էլ տեսար… ինձ թուրքի մի ավել ավտոմատ պետք չի, Հովիկ տղա, ինձ պետք ա, որ անիմաստ զոհ կամ վիրավոր չտամ, հասկացա՞ր,- կարգադրեց Ռոստը ու շարժվեց խրամատի ուղղությամբ:
Նա ամբողջովին լարված էր. շուրջը տարածված վառոդի ու գորշ ծխի հոտը պարուրել էր հենց նոր մարտն ավարտած հոգնաբեկ հրամանատարին:
Խրամատի գոգավոր երկայնքով տարածված, աշնան բարկ արևից խանձված խոտի դեղին ծղոտները դեռ դադար չէին առել անդադար պայթող ականների հարվածող ալիքից և տարուբերվում էին ժամապահների օդը թնդացնող անզուսպ քրքիջից:
– Արա՛, էդ հարիֆի վրա մի մագազին պատրոն վարի տվիր, բա որ Ռոստը իմանա,- Հակոբին խեթեց Համոն:
– Ախպե՛ր, էդ անասունը գլխիս կասկադյոր էր դառել, ոնց կրակում էի՝ աջ ու ձախ էր թռնում: Դու իմ տեղը լինեիր, ի՞նչ կանեիր: Սպասեցի, որ մի քիչ ինքն իրանով հիանա… ու երբ բլուրի կողմից, իրա էշ խելքով, իբր թե աննկատ սկսեց սողալ, կանգնեցի ու… դե, մնացածը տեսաք, էլի:
– Մեկ ա, տրիբունալի հոտ ա գալիս, Հակոբ ջան, մի մագազինով մի թուրք… չլսված բան ա,- զսպված հեգնանքով Համոն «կարդաց դատավճիռն», ու ծխախոտի հերթական ծուխը կուլ տալով՝ թիկնը տվեց խրամատի գոգին:
– Հա՛, հա՛, հա՛… ծիծաղից մեռա, պարոն Համո: Հերիք ա բքես, տուր մի ծուխ էլ ես քաշեմ: Էդ մեկ, մեկ էլ ասա՝ բա դո՞ւ ինչի էիր ըտենց նազ տալով կրակում:
– Ախպե՛ր, էսի սնայպերսկի կարաբին ա, հո ռագատկա՞ չի՝ օպտիկան էլ գլխին դրած: Ես մինչև կրակելը լավ տնտղում եմ ու նոր կրակում, պրիստիժի հարց ա՝ փուստ տալու իրավունք չունեմ,- պարծենկոտ փիլիսոփայեց Համոն և ծուխը խորը քաշելով՝ ծխախոտը մեկնեց Հակոբին:
– Մարդը տասներկու պատրոնով տասներեք թուրք ա սատկացրել, լավ չի՞,- անթաքույց հեգնանքով խոսքին խառնվեց ավտոմատի փողը մաքրող Արամը:
– Տասներկուսը հասկացա, բա էն մեկի՞ն ոնց բստրեցիր:
– Դե, էն մեկն էլ վախից ա լեղաճաք էղել, Հակոբ ջան,- խոսքը չհասցրեց ավարտել Արամը, և միանգամից պայթեց երեքի անզուսպ հռհռոցը՝ տարածվելով խրամատի ողջ երկայնքով:
«Ռո՛ստ Բազեին, Ռո՛ստ Բազեին»,- ընդհատվող խշշոցի միջից հնչեց հեռակապի ձայնը:
– Ռոստը լսում է, պարո՛ն գնդապետ,- հայացքը հեռացնելով թուրքի այրվող ամենագնացից՝ պատասխանեց Ռոստը:
«Ռոստոմյան ջան, խոսք չունեմ… հետևում էի, կեցցե՛ս, դրանց լավ ջարդեցիք»:
– Շնորհակա՛լ եմ, պարոն գնդապետ: Այո՛, տղերքը լավ աշխատեցին, ուրիշ ընտրություն չկար,- աչքը հեռվից չկտրելով՝ Ռոստոմյանը շրջվեց դեպի խրամատը:
«Զոհ, վիրավոր ունե՞ք»,- հեռակապից հնչեց գնդապետի բեկբեկվող ձայնը:
– Երկու վիրավոր ունեմ, պարոն գնդապետ: Ժամկետային զինծառայողներ են, թեթև վերքեր են, վիրակապել ենք… մեկը նույնիսկ հրաժարվեց բուժկետ գնալ:
«Հա, լավ է, լավ: Դու փորձառու հրամանատար ես, Ռոստոմյան, գիտես, որ էդ անասունները չեն հանգստանա, նոր հարձակում կձեռնարկեն: Պիտի դիմանաք, այլ տարբերակ չկա, օգնական ուժ առայժմ չեմ կարող ուղարկել… գիտես, որ ձեր դիրքից ներքև՝ ձորի հատվածում, վիճակը շատ ծանր է»:
Հեռակապից հնչող ձայնը երերուն էր, բայց հատուկ նշանակության գործողությունների ստորաբաժանման վաշտի դաշտային հրամանատար, ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանը չգիտեր՝ ինչ բան է ընկճվելը և, իրեն հատուկ սառնասրտությամբ, արտաբերեց՝ «Պարոն գնդապետ, մի՛ անհանգստացեք, որքան հարկավոր է՝ կդիմանանք: Դուք տեղյակ եք, որ իմ վաշտի տղերքը նահանջել չգիտեն:
Կապի մյուս կողմից խորը հևոց հնչեց՝ «Շնորհակա՛լ եմ, տղա՛ս, 141 դիրքի հույսը դո՛ւ ես, Ռոստ ջան… ինչ ասեմ՝ բարի ծառայություն: Կապի վերջը»:
– Շնորհակա՛լ եմ, պարոն գնդապետ, շուտով կհանդիպենք, կապի վերջը, – անջատելով խոսափողը՝ Ռոստը մտավ խրամատ:
– Հրամանատա՛րը,- ֆագոտի եռոտանին հրելով բղավեց Հովիկն ու ավտոմատը ուսելով՝ պատվի առավ.
– Հրամանատա՛ր, վաշտի մարտիկները, թվով…
– Թողնե՛լ, ազատ,- հրամանատարը նստեց Նարեկի կողքին, ձեռքը տարավ գրպանն ու ծխախոտի տուփը մեկնեց Հովիկին.
– Արժանի եք, կարող եք ծխել, էս երկու տուփն էլ ուղարկեք խրամատի մյուս տղերքին:
Լռություն տիրեց, տղերքը անխոս ծխում էին: Նրանք զգում էին, որ հրամանատարն էլի բան ունի ասելու:
– Բոլորիդ չեմ կարող գրկել, տղե՛րք, գրկումս չեք տեղավորվի, բայց ասեմ, որ կենտրոնական շտաբում ձեզնով հիացած են… Տղե՛րք, դրանց չպիտի թողնենք առաջ գան, դիրքը պիտի պահենք այնքան ժամանակ, մինչև որ մեր աջ ու ձախ թևերի վիճակը կայունանա: Հարցեր կա՞ն…
– Չէ, ի՞նչ հարց, հրամանատար, ամեն ինչ նորմալ է…
Անհասցե թռչող ականի հանկարծակի սուլոցը Նարեկի խոսքը կիսատ թողեց:
– Էն ջահելը ո՞նց ա:
– Ճուտո՞ն… բան չկա, հրամանատար, ասկոլկեն մի թեթև ուսն ա տաշել: Մի քիչ վախեցել ա, բայց դուխը տեղն ա:
– Դե լավ ա, Արամ, զգո՛ւյշ եղեք, տղերք, արխային չընկնեք, դու էլ աչքդ հեռադիտակից չկտրե՛ս, Հովո: Հիմա հանգստացեք, գնամ տեսնեմ՝ մյուսները ոնց են:
Բլուրի կողմից դեռ շարունակվում էին հատուկենտ կրակոցները, հրամանատարը մոտեցավ քողարկված ժամապահին:
– Փամփուշտդ կհերիքի՞, զինվոր, չկանգնե՛ս, միշեն ես դառնալու,- նստելով գնդացրորդի կողքին՝ սաստեց հրամանատարը:
– Ճիշտ այդպե՛ս, պարոն ավագ-լեյտենանտ, երկու ցինկ ու երկու մեծ մագազին:
– Հա, լավ ա: Էն ներքևի թումբը տեսնո՞ւմ ես, ծխից՝ աջ:
– Ճիշտ այդպե՛ս,- հրամանատարի մտերիմ վերաբերմունքից շփոթված պատասխանեց պատանին և ավելացրեց,- կարծեմ դրա ներքևում մինամյոտ կա տեղադրված:
– Ապրե՛ս, հոտառությունդ տեղն ա: Ինչքա՞ն ժամանակ ա, որ ծառայում ես:
– Երեք ամիս, պարո՛ն հրամանատար: – Դիմացի՛ր, լավ կլինի,- զինվորի ուսին մտերմորեն տպտպացնելով՝ քայլեց առաջ:
Խրամատի վերջնամասում տեղակայված մարտիկներն իսկույն ոտքի կանգնեցին:
– Զգա՛ստ: Պարոն ավագ լեյտենանտ…
– Թողնե՛լ: Հանգիստ ճաշեք, հետո կխոսենք:
– Լավ ոսպով ապուր է, համից չեք կշտանա, հրամանատար, չե՞ք միանա մեզ,- ասաց Կարոն և արագ շարժումով նոր ափսե դուրս բերեց խրամատի թաքստոցից, բայց հանդիպեց հրամանատարի մերժող հայացքին: –
-Ես իմ ապուրը կուտեմ էն ժամանակ, երբ բլուրի հետևի բոլոր թուրքերին կմաքրենք:
Կարոյի ու հրամանատարի լուռ հայացքներն իրար հանդիպեցին:
Հ-ա՛, չմոռանամ, ով ծխող չի, թող ձեռք բարձրացնի,- կատակի տվեց հրամանատարը:
Բոլորը քրքջացին, բացի անկյունում տեղավորված զինվորից, ով մեղավորի պես ձեռքը բարձրացրեց՝ հուսալով տեսնել ընկերների ներողամիտ հայացքները:
– Դա լավ ա, որ չես ծխում, զինվո՛ր, դու էս գժերին մի նայիր, սրանք էս չոլերում վայրենացել են, էս կողմերում ինչքան վայրի կենդանի կա, կերել-վերջացրել են: Դու քեզ խնայիր, կռվից հետո մեզ առողջ տղերք շատ են պետք գալու, դեռ շատ գործ ունենք անելու,- բոլորի համակրանքին արժանանալով՝ կատակի տվեց հրամանատարը և ի ցույց բոլորի՝ թափահարեց ծխախոտի տուփերը:
– Հայկակա՞ն ա, հրամանատար: Լյովը, իրեն չզսպելով, առաջ ընկավ՝ «մեռանք, երկու օր է խոտ ենք ծխում»:
– Ուրեմն ճիշտ ժամանակին եմ եկել, քիթդ մի՛ կախիր, Լյով, պատերազմ է, ամեն ինչ էլ կլինի,- մտերմիկ հորդորեց հրամանատարը՝ ծխախոտի տուփերը հանձնելով Համոյին:
– Դե, որ ըտենց ա, հրամանատար ջան, մի՛ գնա, հոգեպահուստս հանեմ, սուրճի հետ մի լավ բքենք:
– Հոգիդ խորն ա, Մուզմուզ, սուրճից չեմ հրաժարվի, թե չէ համը մոռացել եմ:
– Արա՛, բայց ինչ տիպն ես, երկու օր ա խնդրում ենք, քարի պես չես շարժվում:
– Ամեն ինչ իրա ժամանակին, Կարո՛ ջան, խի հրամանատարին կարամ խնայե՞մ:
Հրամանատարի սրտովն էր վաշտի տղաների մտերմիկ զրույցները. միմյանց հետ երկար ու արյունալի ճանապարհ էին անցել, և երբեք նա շատ խիստ չէր վերաբերվում տղաներին:
– Կարո՛,- գլխով նշան անելով՝ հրամանատարն առանձնացավ:
– Կարո՛, 141 դիրքի գործերը լավ չեն, թուրքերը ձորով կիսել են ճանապարհն, ու հայտնի ա, թե ինչ ա սպասվում:
– Պարզ է, էլի հույսները մենք ենք,- Կարոն հասկացավ հրամանատարի մտահոգությունը:
– Կներես, հրամանատա՛ր, բայց հինգերորդ օրն ա, որ կռվի մեջ ենք. տղերքը հոգնել են, փոխարինող չկա…
– Գիտեմ, Կարո, ամեն ինչ գիտեմ,- Կարոյի խոսքը կտրեց հրամանատարը,- բայց ուրիշ ելք չկա, տղերքին պիտի օգնության հասնենք:
– Հրամանատա՛ր, սուրճը պատրաստ ա,- լսվեց Մուզմուզ Գևոյի բամբ ձայնը:
– Արա դե սպասի, է… իսկ եթե հրետանիով պադդերժկա անե՞նք,- շարունակեց Կարոն:
– Հրետանին չի աշխատի, կոորդինատները մոտավոր են, բացի այդ տղերքը մարդուժի պակաս ունեն: Էնպես որ պիտի անցնենք առաջ, բայց մինչ այդ էս բլուրը պիտի մաքրենք, Կարո, որ կարողանանք…
Ականանետի մեկը մյուսին հաջորդող ռումբերը, ուժեղ սուլոցներ արձակելով, պայթեցին խրամատի թիկունքին:
«Մեզնից շուտ սկսեցին շանորդիները, բայց ավելի լավ»,- խորհեց հրամանատարն ու խրամատ մտնելով՝ արագ հրաման արձակեց:
– Ուրեմն սենց, տղե՛րք. տեսնում եք՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Պատրաստվե՛ք, արագ պիտի հարձակվենք, որ էդ անասունները չհասցնեն խելքի գալ: Մուզմո՛ւզ, ամեն հիսուն վայրկյանը մեկ՝ մի հատ հրետանու կրակոց՝ բեկորային, հասկացա՞ր: Գրանատամյոտը իրար հետևից պիտի բլուրի չորս կողմերին խփի: Կարո՛, տասներկու հոգով մենք անցնում ենք գրոհի՝ դիմացից ու շեղ անկյունով: Դրանց քանակը քիչ ա, գիտեմ, դուխ չեն անի բաց դաշտ դուրս գան: Մուզմո՛ւզ, սնայպերները հսկում են մեր ճամփան, չնեղանաս, կոֆեն չհասցրեցինք խմել, դու մնացածի հետ պահում ես առաջին գիծն ու խրամատի տարածքը: Հարցեր կա՞ն:
Վաշտի մարտիկների լուռ ու պատրաստակամ հայացքները գոհացրեցին հրամանատարին:
Երկու ուղղությամբ գրոհող դասակը, ականանետների ու ինքնաձիգների տարափի տակ, արագորեն առաջ էր անցնում: Շրջանցելով տատասկի չոր ճյուղերով պատված արահետը՝ հրամանատարը միացրեց հեռակապը. «Մուզմուզ, ի՞նչ եղավ»:
«Ես պատրաստ եմ, հրամանատար»,- լսվեց Մուզմուզ Գևոյի ոգևորված ձայնը: «Էլ ո՞ւմ ես սպասում, կրա՛կ»: «Ռո՛ստ Բազեին, Ռո՛ստ Բազեին»,- անընդհատ ձայնում էր հեռակապը: Ականների պայթյունի տակ հեռակապի չդադարող ձայնին կարծես թե անտարբեր հրամանատարն իր տարերքի մեջ էր. մտքում միայն բլուրի հետևում ծվարած թուրքերին ոչնչացնելու վճիռն էր, որ անբեկանելիորեն նրան առաջ էր մղում:
– Ռացիան, հրամանատա՛ր,- հևոցը զսպելով՝ Կարոն մոտեցավ հրամանատարին:
– Կարո՛ ջան, գիտեմ ինչ են ուզում, բայց դրա ժամանակը չի: Ձախ թևն անցի, տղերքին ասա՝ իրարից ավելի հեռու լինեն… և ոչ մի կրակոց, մինչև չհրամայեմ:
– Լսո՛ւմ եմ, Ռոստ ջան, որ հրամայես՝ լուսին թռնել, իմացի, որ կթռնեմ,- շնչակտուր ծղրտաց Կարոն ու անհետացավ:
Ռազմաճակատի բոլոր հատվածներում ավագ-լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանին սպայական կազմի ընկերները նաև «Ռոստ» մականունով էին կոչում: Պատվելի էր, սակայն առաջին դեպքն էր, որ ենթակա զինվորը «համարձակվեց» հրամանատարին «Ռոստ» անունով դիմել: Հրամանատարը չնեղսրտեց, որովհետև դիմելակարգը խախտել էր իր հետ մահ ու կռվի դառնությունը կիսող խիզախ մարտիկը՝ նվիրյալ հայը:
Տեղի տալով հայկական կողմի հեռահար կրակահերթին, թուրքերի ականանետների կրակոցները դադարեցին:
Հեռակապի պայմանական ազդանշանին հենց այդ պահին սպասող Մուզմուզի սևացած շուրթերից հնչեց՝ «լսո՛ւմ եմ, հրամանատար»:
«Ապրե՛ք, Մուզմուզ ջան, լավ աշխատեցիք, մի քանի րոպեից կհասնենք դրանց դիրքերին, սնայպերներիդ ասա՝ ուշադիր լինեն: Հենց կարմիր գույնի հրթիռ արձակեմ, իմացիր, որ մտնում ենք, կրակը պետք է դադարեցնել»:
«Լսո՛ւմ եմ»,- հեռակապի հակառակ կողմից հնչեց զինվորի պատրաստակամ ձայնը, բայց Ռոստը նույնիսկ չլսեց պատասխանը: Նա համակված էր մարտն ամեն գնով շահելու մեծ պատասխանատվությամբ, որին ընդառաջ էր գնում ինքնամոռաց՝ իր խիզախ քաջերի հետ:
Կարմիր հրթիռն արդեն արձակվել էր, Մուզմուզը կարգադրել էր կրակը դադարեցնել, դիպուկահարները ճողոպրող թուրքերի վերջը տվել էին, իսկ Ռոստի տղերքի անակնկալ ներխուժումից ահաբեկված թուրքերի հետ կարճատև մերձամարտն ավարտվել էր հայտնի ելքով: Ու հիմա Մուզմուզը, սրճեփը պինդ գրկած, զգուշավոր վազքով մոտենում էր բլուրին:
Հրամանատար Ռոստոմյանը զննում էր գրաված տարածքի տեղանքը ու հանկարծ… աջ ու ձախ փռված թուրքերի դիակների մոտ նկատեց դաշտային կարմիր փշածաղկի կոնին իր հանգիստը վայելող աշնանային մի բզեզ, որն իր անհոգ դանդաղ շարժումներով կարծես ապացուցում էր, որ իրեն բոլորովին չի հետաքրքրում մարդկային գազանությունը:
«Ի՜նչ անհույս մոլորության մեջ է մարդկությունը. շարունակ՝ կռիվ, ավեր, արյուն,- այս մտքից սարսափեց մի պահ այլ իրականության մեջ հայտնված հրամանատարը,- ե՞րբ և ինչո՞ւ սպառվեցին համակեցության ու միմյանց հանդուրժելու եղանակները… այս ցավը ըմբռնելի՞ է արդյոք գազանային բնազդով առաջնորդվող թուրք կոչված արարածին, որին հազար անգամ հաշտության ձեռք ես մեկնել, սակայն ապարդյուն»: – Վիրակապե՞մ:
– Ի՞նչը,- սթափվեց հրամանատարը:
– Ուսիցդ արյուն է գալիս, հրամանատար:
– Թեթև վերք ա, չեմ էլ զգացել: Դու քո ոտքին նայիր:
– Էս ձեր ուսի արյունն է թռել, ընկեր լեյտենանտ, կողք կողքի էինք վազում:
– Արյունս տո՛ւր, ավազա՛կ,- հրամանատարի անկաշկանդ հումորը Կարոյի սրտովն էր ու հռհռալու պատճառը:
– Մերը նույն արյունն է, Կարո, մեկ է՝ մի օր էդ արյունները իրար են միանալու:
– Մուզմուզը սուրճը բերել ա,- Կարոն հրամանատարի բազմիմաստ ակնարկին չցանկացավ ընթացք տալ:
– Չէ, լուրջ, արա, բայց ինչ տիպն ա էդ Գևորը: Դրան որտեղի՞ց ես գտել:
– Ես չեմ գտել, հրամանատար, ինքն ա հայտնվել, մեր կամավորներից ա, տասնվեց թվին էլ ա մասնակցել:
– Հաա, կամավորի հոգին ուրիշ ա: Քայլենք տղերքի մոտ:
Տարածվեց հեռակապի խշշոցը, անհանգիստ ձայնը շարունակ կրկնում էր՝ «Ռո՛ստ Բազեին, Ռո՛ստ Բազեին»:
– Ռոստը լսո՛ւմ է, պարոն գնդապետ,- ձայնեց Ռոստը՝ Կարոյին լռելու նշան անելով:
«Կապին չեք պատասխանում, հրամանատար, անհանգիստ ենք, ի՞նչ վիճակ է ձեր դիրքում»:
– Դե արի, ասա, որ սուրճ ենք խմում,- իրեն հատուկ անմեղ ձևացող դեմքով փսփսաց հենց նոր հայտնված Մուզմուզը՝ հրամանատարին հատկացված սուրճի զինվորական բաժակը փոխանցելով Կարոյին:
– Պարո՛ն գնդապետ, մարտի մեջ էինք, ոչ մի կերպ չէի կարող ձեզ պատասխանել:
«Հեռվից լսում էինք ձայները, բայց ոչինչ չէինք կարողանում կռահել. ի՞նչ մարտ, ո՞ր ուղղությամբ»:
– Մեր դիմացի բլուրը մաքրել ենք, պարո՛ն գնդապետ, սպասում ենք նոր հրամանի:
Հեռակապի երկու կողմում ձայները լռեցին: Սարքի միալար խշշոցի այդ իմաստը միայն մարտագծի մարտիկներին է հասկանալի. այն լինում է կա՛մ հաղթանակի, կա՛մ զոհված մարտիկի լուրը փոխանցելու դեպքում:
«Բազե՛ Ռոստին, Բազե՛ Ռոստին, ինձ լսո՞ւմ եք, պարոն գնդապետ»:
«Հրամանատար Ռոստոմյան, ուղղակի չգիտեմ ոնց արտահայտեմ հիացմունքս, կեցցե՛ք, իմ արծիվներ»,- վերջապես լսվեց գնդապետի հուզված ու փաղաքուշ ձայնը:
«Ծառայո՛ւմ ենք հայրենիքին, պարոն գնդապետ»:
«Այո՛, պիտի ծառայենք, որդի՛, մինչ հաղթական ավարտ: Ռոստոմյան,- փոքր դադարից հետո շարունակեց գնդապետը,- գիտեմ ինչ վիճակում եք, բայց ուզեմ, թե չուզեմ պիտի տեղեկացնեմ, որ 141 դիրքը գրեթե շրջափակման մեջ է, թուրքերը Բաղերի կողմից մոտենում են այդ դիրքին: Հետախույզների մի վաշտ ենք ուղարկել օգնության, եթե դուք էլ գետի ուղղությամբ մոտենաք, վիճակը կլինի փրկել»:
«Պարոն գնդապետ, տղերքին մենակ չենք թողնի, շուտով կշարժվենք»:
«Այդպես էլ գիտեի, Ռոստ ջան, միայն թե շտապեք: Քերծի ճանապարհով անցեք, տեղանքին դու ծանոթ ես, ընթացքում կապ տուր»,- գնդապետի ձայնը Ռոստի պատասխանից հետո ավելի ջերմ էր ու զգացական:
«Լսո՛ւմ եմ, պարոն գնդապետ, թույլ տվեք կապն ընդհատել, պիտի պատրաստվենք»:
«Գործի՛ր, տղա՛ս, հաջողություն ձեզ, կապի վերջը»:
– Հիմա ի՞նչ ենք անելու, հրամանատար,- լռությունը խզեց Գևորգը:
– Սուրճ ենք խմելու,- անսպասելի արձագանքեց հրամանատարն ու ոտքի կանգնելով ավելացրեց,- էդ ծխախոտից տվեք մի հատ փորձեմ:
Հակոբը սուրճն ու ծխախոտի տուփը մեկնեց հրամանատարին, Մուզմուզը երկյուղով փոխանցեց կրակայրիչը՝ հույս ունենալով, որ հրամանատարը չի կատակում:
– Արա, էս թույնը ո՞նց եք ծխում, ափսոս չե՞ն ձեր թոքերը,- առաջին ծխի հետ հազալով ոտքի կանգնեց հրամանատարն ու ձեռքն առավ դաշտային պայուսակը:
Արագորեն դուրս բերեց տեղանքի քարտեզն ու խորասուզվեց:
– Էս ի՞նչ ա անում կամանդիրը, ախր ժամանակ չկա,- Հակոբի ականջին հնչեց Մուզմուզի ցածր ձայնը:
– Մի՛ խառնվի իրար, կամանդիրը մտածում ա, առաջին անգա՞մն ա,- սաստեց Հակոբն ու մոտեցավ հրամանատարին:
– Ուրեմն էսպես, տղե՛րք,- աչքը քարտեզից պոկելով խոսեց հրամանատարը, – գիտեմ, հալումաշ եք եղել, ես էլ՝ ձեզ հետ: Բայց ինքներդ լսեցիք, ուրիշ ելք չկա, տղերքին օգնության պիտի հասնենք: Հարցեր կա՞ն,- սուրճի վերջին կումն անելով եզրափակեց նա, ու քարտեզը տեղավորեց պայուսակի մեջ:
Որևէ բան ասելու կարիք չկար, ամեն ինչ պարզ էր:
– Գնում ենք Գոմեր դիրքի ուղղությամբ, ավելի կարճ է, համ էլ Քերծի հատվածում տեղանքը բաց է, թիրախ ենք դառնալու: Հը, ի՞նչ կասես, Համո:
– Երկու օր ա՝ էդ հատվածը խաղաղ ա, հետախուզել ենք, հրամանատար: Բայց ինչ իմանամ, կարող ա սյուրպրիզ միներ լինեն,- բանիմաց հետախույզի նման եզրակացրեց Համոն:
– Տեսնո՞ւմ եք, շտաբում այս մասին կարող են և չիմանալ: Գնդապետը կարծում եմ կների, եթե գործենք ըստ իրադրության: Հիմա կասեմ՝ ինչ ենք անելու: Հա, չմոռանամ, սուրճը լավն էր, Գևորգ, ապրե՛ս, բայց ծխելը թողեք, տղե՛րք, ափսոս եք: Այսպես ուրեմն, բաժանվում ենք հինգ խմբի՝ քառասունից հիսուն մետր բացվածքով: Առջևից գնում է իմ խումբը՝ ես, Հովոն, Մարտիկն ու… Աղաս, ի՞նչ կարծիքի ես: –
Բա ոնց, ձեզ հետ եմ, հրամանատա՛ր,- Աղասը ձգվեց և ընդգծված պատրաստակամությամբ մոտեցավ հրամանատարին:
– Ապրե՛ս, հիմա տես ինչ եմ ասում, Աղա՛ս, մեզ շատ փամփուշտներ են պետք, սրանց թողած գրանատները լրիվ վերցնում ենք… հա, Գևո՛րգ, կապ տուր տղերքին, ասա որ ոչ մի պատճառով ներքև չիջնեն, ով գիտի, կարող ա հրետանու կարիք ունենանք: Վերջ, տղե՛րք, պատրաստվե՛ք, մի րոպեից շարժվում ենք:
Հրամանատարը հեռադիտակը ձեռքն առավ, որ մի վերջին անգամ զննի գրոհի ուղին, ու հանկարծ նորից աչքն ընկավ փշածաղկի կոնին բազմած այն նույն բզեզին:
«Անողո՜ք աշխարհ, մարդու կերպարանք առած վայրի գազաննե՛ր… չեք թողնում անգամ մի բզեզի երջանկության իրավունք ունենանք: Ընկել ենք սար ու ձոր, արնախում գազան ենք զսպում, որ տեսակ ու արժանապատվություն փրկենք»՝ ցավից կծկվեց նրա հոգին
– Հրամանատա՛ր, մենք պատրաստ ենք,- Աղասի բամբ ձայնը ետ բերեց Ռոստին:
– Շատ լավ, շարժվեցինք:
Ականանետային անդադար ռմբակոծության տակ վաշտի մարտիկները, շրջանցելով զառիթափի՝ փշալարերով պատված հատվածը, արագորեն առաջ էին անցնում:
– Հրամանատա՛ր, 111:
Օդային տագնապի ազդանշանը հասավ հրամանատարին:
– Կանգնե՛ք,- ամբողջ ուժով բղավեց հրամանատարն ու ձեռքի պայմանական նշանով հրահանգեց՝ թաքնվել:
Հանկարծակի հայտնված անօդաչու սարքը վաշտի մարտիկների տեղակայված հատվածում լայնակի պտույտ կատարեց և անհետացավ ամպերի մեջ:
– Կարո՞ղ ենք շարժվել, հրամանատար:
– Մի՛ շտապիր, դրանց բլեֆները ես լավ գիտեմ,- Աղասին հանգստացրեց հրամանատարն ու հեռադիտակով փորձեց ամպերի մեջ հայտնաբերել անօդաչու սարքը:
Ճիշտ այդ պահին նույն կառավարվող սարքը ավելի ցածր բարձրության վրա ևս մի պտույտ գործելով՝ դարձյալ անհետացավ ամպերի մեջ:
«Առաջի՛ն երրորդին, առաջի՛ն երրորդին»՝ անընդհատ ձայնում էր հեռակապը:
«Առաջինը լսում է, ի՞նչ կա, Դավո՛»:
«Հրամանատա՛ր, ասում եմ՝ դրա մեջքին մի երկու հատ չհասցնե՞մ»: «Տեղներս կբացահայտենք, Դավո՛, բայց դե՝ ժամանակ ենք կորցնում: Լավ, հենց երևաց… «պեկայով» ես, չէ՞»:
«Ճիշտ այդպե՛ս, հրամանատար»,- հնչեց Դավոյի ձայնը:
141 դիրքի ուղղությամբ հնչող ռումբերի պայթյունների հեռավոր արձագանքները հասնում էին Ռոստի ականջին, ու փորձառու հրամանատարը գիտակցում էր, որ ամեն մի րոպեի վատնումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:
Գնդացրի օդում ճայթող կրակահերթի ձայնը հուսադրեց հրամանատարին, սակայն անօդաչու սարքը դեռ շարունակում էր անվնաս սավառնել:
«Շան որդին փախավ, ոնց որ մեզ նկատել են, կամանդիր»,- հեռակապից հնչեց Դավոյի դժգոհ հոխորտանքը:
«Դե որ նկատել են, Դավո տղա, ես դրա հարցը ուրիշ ձև կլուծեմ: Ուշադիր եղիր, կարող ա էլի քո կողմը գա»:
Կապն ավարտվեց: Թաքստոցից դուրս գալով՝ Ռոստն ուղղահայաց դիրքով կանգնեց դեպի իրեն ընթացող անօդաչու սարքը ու սեղմեց գնդացրի շնիկը: Զայրույթից շփոթվել էր և նույնիսկ չհասկացավ, թե ինչպես դատարկվեց պահունակը: Բայց Աղասի ուրախ գոչյունից հասկացավ ամեն ինչ և դեմքին ժպիտ եկավ:
– Կպա՜վ, կպա՜վ… վայ, կամանդիր ջան, ցա՜վդ տանեմ:
– Լավ, Աղաս, հանգստացի՛ր: Վստահ չեմ, տեսա՝ օրորվում էր: Թե որ հետ չեկավ, ուրեմն կպել եմ: Աղա՛ս, կապվիր տղերքի հետ:
– Քո ձեռից բան կպլստա՞, հրամանատար, հիմա, էս վայրկյանին:
«Դավո, շնորհավորելու ժամանակը չի, ուշանում ենք: Չորրորդ ու հինգերորդ խմբին ասա, որ շարժվում ենք: Վերջ կապին»:
«Լսո՛ւմ եմ, հրամանատար»,- կարճ պատասխանեց Դավոն ու դուրս գալով թաքստոցից՝ աջ թևի խմբերին պայմանական նշանով փոխանցեց հրամանատարի հրահանգը:
Գոմեր դիրքի հատվածը մնացել էր թիկունքում, 141 դիրքից ընդամենը մի ձորակ էր բաժանում, որտեղի լռությունը հրամանատարին դուր չէր գալիս:
– Տղե՛րք, ոնց որ մեզ դիմավորողներ կան,- հեռադիտակը իջեցնելով՝ Մարտիկին հրահանգեց թաքնվել ու կապ տվեց երրորդ խմբին:
«Դավո, 141-ը քթներիս տակ ա, լսում ես չէ՞ մերոնց կրակոցները»:
«Ճիշտ այդպե՛ս, հրամանատար»,- հեռակապի մյուս ծայրից արձագանքեց Դավոյի ձայնը:
«Լսիր, թե ինչ եմ ասում, Դավո՛: Էս անասունները գլխի են ընկել կամ էլ էն ծիծեռնակը մեզ նկարել ա: Սրանք հաստատ անցել են 141-ի հետևը, որ փակեն մեր ճամփան»:
«Հասկացա, հրամանատար, հիմա ի՞նչ ենք անում»:
«Էստեղից լավ չի երևում, Դավո՛, մի հատ հասկացիր՝ էդ ինչի են դրանք մի գծով գնում ու շուտ կապ տուր ինձ»:
«Ճիշտ այդպե՛ս, հրամանատար»,- հեռակապից լսվեց Դավոյի պատրաստակամ ձայնը:
Ձորակից փչող մեղմօրոր քամին դաշտի չորացած ծղոտները քմահաճորեն այս ու այն կողմ էր ցփնում:
«Մի քսան-քսանհինգ հոգի կլինեն, հրամանատար: Չգիտեմ ինչի, բայց ոնց որ պարանից բռնված են գալիս»,- Դավոյի ձայնը կտրտվում էր, հազիվ էր լսվում, բայց հրամանատարն ամեն ինչ հասկացավ:
«Պարզ ա, Դավո, տարածքը մինապատել են ու հիմա պարանի գծով են շարժվում, որ իրենց միների վրա չսատկեն»:
«Այ հիմա հասկացա, հրամանատար, ոնց որ հատուկ դեսանտայիններ լինեն, համազգեստը ուրիշ տեսակ ա»:
«Հատուկին հատուկ վերաբերմունք ցույց կտանք, Դավո: Ուշադիր լսիր, թե ինչ եմ ասում: Վերջին խմբին փոխանցիր՝ թող կրակոցով ուշադրությունը իրենց վրա վերցնեն ու արագ դիրքը փոխեն: Մենք էս կողմից դրանց հուպ կտանք, քո տղերքն էլ՝ դիմացից»:
Գործեց հրամանատարի ծրագիրը. ծուղակ պատրաստող թուրք գրոհայիններն իրենք ընկան ծուղակի մեջ ու հիմնովին ոչնչացվեցին:
«Եթե սա թուրքի հետնապահ ուժն էր, ուրեմն նոր բախումն անխուսափելի է»՝ դեռ չէր հասցրել եզրահանգման գալ, երբ սաստիկ գնդակոծում սկսվեց:
Թաքստոցներում դիրքավորված վաշտի մարտիկներին չէր հաջողվում գեթ մեկ պատասխան կրակոց արձակել, ականանետի հարվածներին զուգահեռ գործում էին նաև մեծ տրամաչափի գնդացիրները, որն անհնար էր դարձնում անգամ փոքր ինչ տեղաշարժը: Ինչ որ պահի կրակը դադարեց, հրամանատարը հնարավորություն ստացավ գործելու.
– Տղերք, տեղից չշարժվե՛ք:
Ապա կապ տվեց Դավոյին՝ «Ի՞նչ վիճակում եք»:
«Դիմանում ենք, հրամանատար, կարևորը, որ կորուստներ չունենք»,- հեռակապի մյուս ծայրից լսվեց Դավոյի խզված ձայնը:
«Լավ ա, Դավո ջան: Սրանք, պռավալից կատաղած, մեզ հանգիստ չեն տալու: Ուրեմն էսպես ենք անում. ես իմ խմբով մնում եմ էս դիրքում: Կրակը վերցնում ենք մեզ վրա, տպավորություն ենք ստեղծում, որ վախից ծվարել-մնացել ենք: Դու մյուս խմբերի հետ առաջ ես շարժվում մինապատ հատվածով, հասկացա՞ր»:
«Ճիշտ այդպե՛ս, հրամանատար»:
«Շարունակությունը, Դավո՛… էդ ուղղությամբ թուրքերը չեն կրակում, գիտեն ինչն ինչոց է: Դրանց կրակոցների ձևից երևում ա, որ իրենց դիրքում երկու մինամյոտ կա ու մի քանի ավտոմատավոր ասկյար: Ուշադիր եղեք միներից, դիակների կողքով անցեք, անվտանգ ա: Հա, էն կյաժի անունը ո՞նց էր»:
«Արմե՞նը»: «Հա, Արմենը, լավ հետախույզ ա, թող առաջից գնա: Հարցեր կա՞ն»:
«Հրամանատա՛ր, կներես, բա որ հարձակում եղավ ձեր ուղղությամբ, ախր քիչ եք, է»: «Դավո՛, ասածս չի քննարկվում, հիմա կարևորը տղերքին հասնելն ա: Հենց մենք սկսեցինք կրակել, շարժվեք, հասկացա՞ր: Ձորը անցնեք, կապ կտաս… կապի վերջը»:
– Մի քիչ էլ մենք կրակենք, Գևոր, ի՞նչ կասես: Հովո՛, թաքստոցից դուրս չենք գալիս, ուղղակի կրակում ենք: Տղերքը շարժվում են դեպի 141, պիտի թուրքերի ուշադրությունը շեղենք:
– Լսո՛ւմ եմ, հիմա ընենց մի շուխուռ անեմ, որ թուրքերն էլ զարմանան:
– Աղաս, դու միացիր Դավոյի տղերքին, մենք երեքով կմնանք:
Աղասը սրտնեղեց, ուզում էր հակաճառել, որ մնա, բայց հրամանատարի անդրդվելի հայացքը լռեցրեց նրան:
Հովոն թեքվել էր կողքի ու ծանր հևոցով անընդհատ կրկնում էր՝ ջո՜ւր, ջո՜ւր… Ձախ ոտքը չէր ենթարկվում, փորձեց արնոտված ծոցագրպանից բինտը հանել, բայց հասկացավ, որ դժվարանում է, չի ստացվում շարժում անել, կրծքի արյունը լերդացել էր, ներսը այրվում էր ցավից:
«Կենտրոնացիր, Ռո՛ստ, կենտրոնացի՛ր»՝ ինքն իրեն ուժ էր տալիս հրամանատարը:
– Մարտի՜ն, Մարտի՜ն, ո՞ւր ես կորել, այ տղա: Մեծ ճիգով թեքվեց ու կաղալով քայլեց Հովոյի և Մարտինի ուղղությամբ: Մարտինը փորձում էր վիրակապել Հովոյին, բայց խոր վերքից հոսող արյունը խանգարում էր:
– Ժգուտ դիր, Մարտին, ու սրսկի, սրսկի, ասում եմ, մորֆին պայուսակիս մեջ ա:
– Չե՛մ լսում, հրամանատար, չե՛մ լսում…
Մարտինի արնոտված ականջից հրամանատարը հասկացավ, որ նա ցնցահարվածից խլացել է, ցույց տվեց պայուսակն ու համրի շարժումներով մի կերպ հասկացրեց ուզածը:
– Ջո՜ւր, ջո՜ւր եմ ուզում,- նվաղ հևոցով անընդհատ ձայնում էր Հովոն:
Ռոստը ձեռքը մեկնեց ջրամանին, ականի բեկորը պատռել էր այն:
– Մարտին, արագ ջուր գտիր: Բայց հիմա նրան ջուր չի կարելի տալ,- հրամանատարի խոսքը մի կերպ հասկանալով՝ փորձեց հակառակվել Մարտինը:
– Գիտեմ, Մարտին, գիտեմ, բայց որ ասում եմ, լսիր ինձ: Սպասիր, դո՞ւ ոնց ես:
– Գլուխս դժժում ա, կանցնի, ոնց որ մի քիչ արդեն լսում եմ:
– Հա, կանցնի: Տեսնում ես՝ Հովոյի վիճակը լավ չի, ընկերոջ վերջին ցանկությունը պիտի կատարենք:
– Լսում եմ, հրամանատար, բայց ախր դուք էլ լավ վիճակում չեք:
– Ես ոչինչ, կդիմանամ: Դե, քեզ տեսնեմ Մարտին, շարժվի՛ր:
Մարտինն արագ անհետացավ:
– Հրամանատա՜ր,- մորֆին իր դերը կատարել էր, Հովոն փորձում էր նստել:
– Հիմա քեզ չի կարելի շարժվել, Մարտինին ուղարկել եմ, մի քիչ դիմացիր, հիմա ջուր կբերի:
– Հրամանատար, տղերքից ի՞նչ լուր կա, հասա՞ն:
– Հա, բա ոնց, ամեն ինչ լավ ա, մի՛ խոսիր, հանգիստ պառկիր,- ընկերոջը սփոփելու համար ստիպված ստեց, բայց գոհ մնաց իր ասածից՝ Հովոյի թույլ ժպիտը տեսնելով:
– Ուրեմն արժեր դրա համար…
Օդը շամփրող ականների խլացնող պայթյուններն ընդհատեցին բախտակից ընկերների վերջին զրույցը:
Մեջքին կիտված հողի ծանրությունից շունչը կտրվում էր, բայց գիտակցությունը տեղն էր: Ուժերի գերագույն լարումով փորձեց ոտքի կանգնել: Չհաջողվեց: Որովայնից արյուն էր հոսում: Ինքնաձիգի ձողին հենվելով՝ շրջվեց ու սկսեց դանդաղ սողալ Հովիկի ուղղությամբ: Պայթյունի ալիքը բերանքսիվայր շուռ էր տվել Հովիկի մարմինը, թիկունքի վերքից արյուն էր հոսում: Շրջեց Հովոյին, զննեց:
– Հրամանատար,- Հովիկի կոպերը հանկարծ բացվեցին,- հրամանատար, ես մահանո՞ւմ եմ…
– Ո՛չ, եղբա՛յր, ո՛չ, դու… դու անմահանո՛ւմ ես,- երբևէ իրեն տված ամենադաժան հարցին հրամանատար Ռոստոմյանը պատասխանեց մեծ, շատ մեծ դժվարությամբ, ինքն էլ չհասկանալով, թե՝ ինչո՞ւ այդքան շիտակ, այդքան հպարտ:
Ձեռքը տարավ Հովոյի բաց աչքերին ու խոնարհվեց ընկերոջ մարմնին: Վերքերի ցավերը չէր զգում, մի տեսակ թմբիր էր իջել վրան:
– Հրամանատար,- անսպասելի ձայնից վեր նայեց:
– Նարե՞կ, ինչո՞ւ էս այստեղ:
– Հիմա արագ կզեկուցեմ, բայց վերքերդ կապեմ, հետո:
– Հիմա էլ ոչնչով չես կարող ինձ օգնել, գործից խոսիր:
– Ըըը… ձորի աջ կողմով անցանք, դրանց քթի տակով, հետո մի կես կիլոմետր վազելով՝ հասանք 141 դիրք: Ռացիան խափանվել էր, Դավոն հրահանգեց, որ ինչ գնով էլ լինի՝ հասնեմ ձեզ, սիրտն անհանգիստ էր:
– Աաա՜… ապրե՛ք, ապրեք տղերք,- ձայնը նվաղեց,- Մարտինն ուշացավ, ջուր եմ ուզում:
– Ջուր ունեմ, հրամանատար:
Նարեկն արագ բացեց ջրամանի կափարիչն ու մեկնեց հրամանատարին:
– Օգնիր, չեմ կարողանում, Նարեկ:
Հեռակապի խշշոցը ցնցեց հրամանատարին: «Հրամանատար ջան, զեկուցում եմ՝ հանձնարարությունը կատարված է: Մեր ռացիան փչացավ, տղերքի կապով եմ խոսում: Թուրքերին հետ ենք շպրտել գրողի ծոցը, առաջացել ենք մինչև մեր նախկին խրամատը ու դիրքավորվել ենք»՝ ցնծում էր Դավոյի ձայնը:
– Հա, Դավո ջան, Նարեկն ամեն ինչ ասաց,- ջանալով խոսքին կայտառություն հաղորդել՝ ծանր հառաչեց, ու կապի վահանակը մեկնելով Նարեկին՝ անձայն հասկացրեց, որ թաքցնի իրողությունը: «Ի՛նչ եղավ, ձայնդ մի տեսակ է, հրամանատար»:
«Նարեկն ա, Դավո: Հովիկը վիրավոր ա, հրամանատարը վիրակապում ա»: «Հո ծանր չի՞»: «Ոտքն ա ու ուսի հատվածը»,- աչքը հրամանատարի լուռ հրահանգներից չկտրելով՝ Նարեկն ավելացրեց՝ «Դավո, պիտի օգնեմ հրամանատարին, հետո կկապվենք»: «Հասկացա, մի քիչ հանգստանանք, ես կկապվեմ: Լա՛վ եղեք, կապի վերջը»: Հրամանատարի ուժերը վերջնականորեն հատում էին, բայց մի կերպ խոսեց.
– Մի՛ դողա, Նարեկ… որ էսքան ճամփեն մենակ անցել ես, ուրեմն քաջ տղա ես: Քեզ մի հանձնարարություն ունեմ, ինչ գնով էլ լինի՝ պիտի կատարես: Պայուսակս բեր, Հովիկի կողքին ա:
Շնչելն արդեն շատ էր դժվարացել, բայց գիտակցությունը տեղն էր:
– Մեզ վրա դեռ կրակում են, Նարեկ, չգիտեմ որ կողմից, ուժ չունեմ, որ զննեմ: Էս պայուսակի մեջ առաջնագծի գլխավոր քարտեզի օրինակն է: Չգիտեմ ինչ կլինի, բայց էս քարտեզը աններելի ա, որ թուրքի ձեռքն անցնի, հասկացա՞ր:
– Հասկացա, հրամանատար, բայց ձեզ էս վիճակում ո՞նց թողնեմ:
– Էլ բայց չկա, Նարեկ, սա պատերազմ է, ամեն ինչ էլ պատահում է, կարևորը պատվով դուրս գալն է: Հասկանում ես, չէ՞:
– Ճիշտ այդպե՛ս, հրամանատար, պատրաստ եմ հրամանը կատարել,- սրտնեղեց քաջ մարտիկը, սակայն մի կերպ կարողացավ հնչեցնել խոսքերը:
– Ապրե՛ս, զինվոր ջան, գրանատդ տուր ինձ, իմի օղակը սեղմվել ա: Գգվեցին լուռ: Նարեկը գնաց:
Ծխապատ օդը ճեղքելով՝ միանվագ սուլոցով աջ ու ձախ սուրող գնդակները կարծես փնտրում էին խելահեղ արագությամբ դեպի գետափը վազող շնչակտուր զինվորին:
«էս ի՞նչ եմ անում, հրամանատարին մենակ թողեցի, ո՞նց եմ ապրելու սրանից հետո»,- տագնապեց զինվորը, բայց գիտեր, հասկանում էր, որ հրաման է կատարում:
Ականանետից արձակված արկի պայթյունը ստիպեց կանգ առնել:
Քիչ անց լսվեցին ավտոմատի ընդհատ կրակոցներ: Զինվորի քրտնաթոր դեմքին թեթև ժպիտ հայտնվեց, հրամանատարի կրակելու ոճին վաղուց էր ծանոթ:
«Ուրեմն դեռ ողջ է»՝ անցավ մտքով: Լավ էր ճանաչում իր հրամանատարին, գիտեր, որ անգամ այդ ծանր վիճակում նա հանձնվող չէ:
Հանկարծ շրջվեց ու խելահեղ արագությամբ ետ վազեց:
– Գալի՜ս եմ, հրամանատա՜ր, մի քիչ էլ համբերիր, հրամանատա՜ր, հեսա կհասնեմ,- բարձր գոռալով վազում էր զինվորը:
Հանկարծ շանթահարվածի պես կանգ առավ:
«Աստվա՛ծ իմ, ախր չե՛մ կարող, իրավունք չունե՛մ…»՝ անվճռականությունից գոռում էր ու տեղում դոփում պատանին… Հիշեց հրամանատարի կարգադրությունը՝ «առաջնագծի դիրքերի քարտեզը հասցնել շտաբ, ոչ մի գնով այն չի կարող թուրքի ձեռքն անցնել»:
Ձեռքը սահեցրեց հրամանատարական դաշտային պայուսակից ներս, շոշափեց քարտեզը ու հասկացավ, որ միայնակ մնացած վիրավոր հրամանատարի հրամանը պարտավոր է կատարել ամեն գնով:
Ընդհատ կրակոցները կրկնվեցին… գոտեպնդվեց պատանին: Հրամանատարը կարծես այդ կրակոցներով հաստատում էր հրամանի կարևորությունը:
Զինվորը գետն անցավ ու հենվեց հողաթմբին: Նկատեց, որ ուսից արյուն է հոսում, բայց դա նրան չհուզեց, ոչ մի բանի ժամանակ չկար, պարտքը նրան առաջ էր մղում:
Դիրքերին հասնելու շատ քիչ հատված էր մնացել, երբ լսեց հրամանատարի ավտոմատի խուլ կրակահերթը, ապա… գրանատի բամբ պայթյունը… այն գրանատի, որը բաժանումից առաջ իրենից պահանջել էր հրամանատարը, իր հրամանատարը, իր խիզախ ու անձնուրաց հրամանատար Հակոբ Ռոստոմյանը:
Գաղտագողի մոտեցող երկու թուրքերին Հակոբը տապալեց, բայց ուժը այլևս չբավեց ավտոմատի շնիկը նորից սեղմելու համար: Որովայնի անասելի ցավից կծկվեց ու աչքերը փակեց: Լսեց շուրջը խմբված թուրքերի հոխորտանքը:
Մի վերջին ճիգով մատն անցկացրեց ուժանակի օղակի մեջ, ու ձգեց այն:
Լսեց տապալված թուրքերի հառաչները, բայց ինչ-որ խորհրդավոր մի ձայն Հակոբին իր գիրկն էր կանչում… կարծես անհավանական մի թռիչքով՝ հայտնվեց բազմագույն բզեզների պարսի մեջ, որոնք շրջանաձև պտույտ գործելով՝ բարձրանում էին դեպի երկինք: Զարմանալի թեթևություն էր զգում, կարծես փակվել էին բոլոր վերքերը, շուրջը լուռ էր, ոչ մի պայթյունի ձայն չէր լսվում: Թափանցիկ երկնքի ծիրից նա նշմարեց Դավիթ ու Արա որդիներին, կնոջը, ծնողներին, ովքեր լուռ հետևում էին իր ճախրանքին:
Բզեզների պարսը անդադար վեր էր բարձրանում, ամպերի վարագույրից վեր…
Հակոբի հոգին հասկացրեց, որ այլևս անկարող է ետ դառնալ, և իրեն սպասող հարազատներին պատգամեց՝ «ԵՍ ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔՈՎ ԵՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ»:
Նարեկը վստահ էր, որ հրամանատարը պատվարժան կռիվ է տվել, վստահ էր, որ կռվել է մինչև վերջ, բայց միևնույն է՝ սիրտը ցավում էր, ճմլվում այն մտքից, որ վերջին պահին հրամանատարի կողքին չի եղել:
Գլխահակ և ուժասպառ մարտիկը մոտենում էր խրամատին:
Նա կատարել էր իր հերոս հրամանատարի վերջին հրահանգը:
Նա հպարտ էր, որ այդ կարևորագույն հանձնարարությունը վստահվել էր իրեն:
Սփոփիչ մի միտք նրան մխիթարում էր, որ պատերազմում ոչ միայն զոհվում են, այլ նաև պարտավոր են ապրել, որովհետև՝ ՀՐԱՄԱՅՎԱԾ Է ԱՊՐԵԼ: