Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

«Այն ժամանակ հրահանգը ուղիղ Մոսկվայից էին ստանում, այժմ սկսել են հրահանգները ստանալ Անկարայից եւ Բաքվից»․ Մեխակ Գաբրիելյանը՝ Եկեղեցու դեմ արշավի, արքեպիսկոպոսների կալանավորումների մասին

Հունիս 28,2025 16:28

Aravot.am-ի զրուցակիցն է 1990-1995 թվականներին Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը

-Իշխանությունը հրապարակեց ինչ-որ «հեղաշրջման պլան», որին հետեւեցին համատարած խուզարկություններ եւ ձերբակալություններ նախ՝ Բագրատ սրբազանը, ապա՝ Միքայել Աջապահյանը։ Ի՞նչ մտորումների տեղիք է տալիս այս ամենը։

-Նման երեւույթները նորություն չեն։ Մեր ազգի ավագ սերունդը լավ է հիշում բոլշեւիկյան Հայաստանի առաջին տարիները, չնայած հետագայում էլ պակաս չմնացին, երբ համատարած տեռորի անցան հայ ժողովրդի դեմ, մարդկանց որակելով պետության թշնամիներ, ազգի դավաճաններ, իմպերիալիզմի սպասարկուներ եւ այլն։ Դա հայտնի է։ Եկեք այժմ համեմատենք այն ժամանակաշրջանը եւ ներկան։ Տարբերություն տեսնո՞ւմ եք։ Տարբերություն չկա։

Այն ժամանակ հրահանգը ուղիղ Մոսկվայից էին ստանում, այժմ սկսել են հրահանգները ստանալ Անկարայից եւ Բաքվից։ Մնացածը՝ պատմության կրկնություն է։ Ապազգային տարրեր են իշխանության ղեկին նստածները, որոնց ղեկավարը Էրդողանից օրերս հրահանգը ստանալուց հետո, առանց հապաղելու, անցավ հարձակման։ Իսկ քանի որ ազգային անվտանգության ծառայությունում հիմնականում աշխատակիցները ռուսական գործակալական ցանցի մաս են կազմում, ապա հասկանալի է դառնում, որ Էրդողանն է արդեն դարձել թելադրող Մոսկվային, որ չխոչընդոտի իրենց համատեղ վերաթողարկած հարյուր տարի առաջ ընդունած ծրագիրը՝ Հայաստանը հայազրկելու ծրագիրը։

Փաշինյանը տեսնելով, որ եկեղեցու դեմ իր դիվային ծրագրին ժողովուրդը հակահարված տվեց, անցավ ռուսական հատուկ ծառայություններին յուրահատուկ գործելակերպի․ մի քանի թուղթ մրոտեցին, ինչ-որ պլան գծեցին եւ հանձինս Բագրատ սրբազանի՝ անցան հարձակման` գործելով ավտորիտար ռեժիմներին հատու եղանակով։

Ակներեւ է, որ այս բոլորը որեւէ հիմք չունի, սակայն դա չի խանգարում այս դիվահարին գործել հանուն իր իշխանությունը պահելու։ Հետագայում ի՞նչ կլինի, իրենց դա չի հետաքրքրում։ Նույն գործելակերպ ունեին նաեւ բոլշեւիկները։ Պետք է հիշենք, որ հետագայում բոլոր բռնության ենթարկվածները արդարացվեցին, իսկ պետությունը փոխհատուցում տվեց նրանց եւ նրանց սերունդներին։

Օտարին ծառայող դիվահարը, միեւնույն է, շուտով ասպարեզից հեռանալու է, նրա անկումը սարսափելի է լինելու։

Ուզում եմ հիշեցնել 1921 թվականի փետրվարը, երբ բոլշեւիկները անցան համատարած ահաբեկչության։ Եվ ի՞նչ, ժողովուրդը ոտքի կանգնեց եւ այդ սրիկաները փախան, սակայն Ռուսաստանը կարողացավ կարճ ժամանակ հետո վերականգնել հայ բոլշեւիկների իշխանությունը։ Այն ժամանակ ապստամբությունը հաջողվեց, որովհետեւ դաշնակցության հերոսական փաղանգը դեռեւս ամբողջովին չէր գլխատված։ Ցավոք սրտի ներկայումս գործող քաղաքական ուժերից ազգայինները դեռեւս այն վստահությունը չեն վայելում ժողովրդի մեծամասնության կողմից, որ կարողանան իրականացնել իշխանության հեռացումը։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունը դիտվում է որպես ռուսական հինգերորդ շարասյուն, հանձինս իրենց առաջնորդների։

Հայ բոլշեւիկները մեր եկեղեցին վերացնելու նպատակով ոչ միայն քանդում էին եկեղեցիները, այլեւ լայնածավալ սպանություններով եւ աքսորի միջոցով հոգեւոր դասն էին վերացնում։ Չմոռանանք, որ նրանք խեղդամահ արեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Իսկ ներկայիս նոր բոլշեւիկները՝ ՔՊ կոչվածները, դեռեւս չկարողանալով Եկեղեցուն այդպիսի հարված հասցնել, փորձում են դանդաղ տարբեր ստոր եղանակներով հոգեւոր դասի նկատմամբ ժողովրդի մոտ առաջացնել անհարգանք, արգահատանք, ընդհուպ արքեպիսկոպոսին ներկայացնելով «պետական հեղաշրջում» կազմակերպելու մեղադրանք։ Այս քայլով նրանք փորձ են անելու եկեղեցին ներքաշել այս շինծու գործի մեջ, նաեւ անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

-Կկարողանա՞  իշխանությունը մինչեւ վերջ իրականացնել իր ծրագիրը։

-Տեսեք թե Արեւմուտքը քանի անգամ, առնվազն վերջին տարիներին, փորձեց Հայաստանին արագացված եղանակով իր ընտանիք վերադարձնել։ Սակայն այս իշխանությունը բոլոր եղանակներով ձգձգեց եւ ձգձգում է։ Նույնիսկ բանը հասավ այնտեղ, որ մեր բարեկամ Ֆրանսիան, հանձինս իր դեսպանի Ադրբեջանում, այցելում է Շուշի եւ գովաբանում Շուշվա «ադրբեջանական մշակույթը»։ Դա ակնհայտ ցուցադրական ապտակ է Փաշինյանին՝ Մակրոնի կողմից։ Կարող ենք ենթադրել, թե ինչո՞ւ․ բազում պայմանավորվածություններ խախտելու համար։ Կարծում եմ, ամենացցունը Իլհամ Ալիեւին պաշտպանելն է, որ առ այսօր հաջողությամբ իրականացնում է Փաշինյանը, հակառակ պարագայում նա, որպես պատերազմի հանցագործ արդեն նստած կլիներ միջազգային դատարանի մեղադրյալի աթոռին։

Չնայած սրանք գործում են ընդգրկուն եղանակով, մեր պետության բոլոր բնագավառներին հարված հասցնելով, փորձում են արժեզրկել ամբողջ ազգայինը՝ նրա բոլոր ոլորտները, պետք է ասեմ, որ դրանց վերջը արդեն մոտենում է, իսկ անկումը սարսափելի է լինելու։ Իրենց առաջնորդի գլխավորությամբ, այն մարդիկ, որոնք այսօր չուզենալով հանդերձ հակաօրինական գործողություններ են կատարում, ինչ-որ պլաններ կազմում՝ գրում եւ ձերբակալում Հայոց եկեղեցու արքեպիսկոպոսների, դրանով փորձելով նսեմացնել մեր եկեղեցին, այդ նույն մարդիկ մեծ ուրախությամբ հավաքելու են այդ ոհմակին՝ հարյուրավոր, հազարավոր մարդկանց, որոնք այնպիսի ջերմեռանդությամբ են իրար վրա ցուցմունք տալու, որ անհնար է պատկերացնել։ Այդպիսիներին գիտենք։

-Ինչո՞ւ են իշխանության վերին օղակի պաշտոնյաները խորշում այնպիսի բառերից, ինչպիսիք են հայրենասիրությունը, արժանապատվությունը, հայոց ինքնությունը եւ այլն։

-Հարցի պատասխանը ուզում եմ սկսել սուրբ Մովսես Խորենացուն հիշատակելով․

Սուրբ Մովսես Խորենացին՝ մեր պատմահայրը, մեջբերելով Մար Աբաս Կատինային, գրում է Հայկյան Արամի մասին. ․․․ Սա աշխատասեր եւ հայրենասեր մարդ լինելով, ինչպես ցույց է տալիս նույն պատմագիրը(նկատի ունի Մար Աբասին), լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես օտարացեղ ազգեր ոտնակոխ են անում իր հայրենիքի սահմանները եւ օտարները տիրում են իր արյունակից հարազատների վրա։  Ինչպես գիտենք Արամը, կամ ինչպես Խորենացին է անվանում՝ Հայկյան Արամը Հայկ Նահապետից հետո վեցերորդ սերունդն է(Հայկ, Արամանյակ, Արամայիս, Ամասիա, Գեղամ, Հարման, Արամ-Հայկյան Արամ), Խորենացին նրան համարում է մեր երեք հզորագույն արքաներից մեկը՝ Հայկ Նահապետ, Հայկյան Արամ եւ Տիգրան Առաջին Երվանդյան։

Ուշադրություն դարձրեք, առաջինը հայրենասեր բառը օգտագործել է Խորենացին, Հայկյան Արամին անվանելով հայրենասեր եւ տեսեք թե ինչպիսի որակումներ է տալիս․ աշխատասեր էր եւ հայրենասեր, գերադասում էր պատերազմել, քան տեսնել, թե ինչպես են օտարները ոտնակոխ անում մեր հայրենիքի սահմանները։

Այդ ատելությունը, Ձեր նշած ազնվականություն արտացոլող բառերի մասին, հասկանալի է, պատասխանը պարզ եւ միանշանակ է՝ ունենք անաստված եւ նյութապաշտ իշխանություն, որոնք խաբելով, սուտ խոստումներ տալով մոլորեցրին ժողովրդին եւ նստեցին պետության կառավարման աթոռներին։ Այդ մարդիկ, պարզվում է օտարին ծառայելու համար էին նախատեսված եւ որեւէ աղերս չունեն հայ ժողովրդի հետ։ Եվ առ այսօր դեռեւս կարողանում են իշխանությունը պահել ու հավատարմորեն ծառայել օտարին, դա լինի Ռուսաստանի, Թուրքիայի, թե Ադրբեջանի տեսքով։ Այնքան հավատարիմ են ծառայում օտարին, որ Արցախը հանձնելուց, Արցախում ցեղասպանություն իրականացնելուց հետո անցան ավելի ակտիվ գործողությունների հայ ժողովրդի սրբության սրբոց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա, հարձակումները դարձնելով թշնամուն յուրահատուկ բառապաշարով համեմված կեղծիքով եւ ստով, որը սկսել էին դեռեւս 2018 թվականին։

Այդքանից հետո ուզում եք, որ ներկայիս կառավարիչները չխորշեն հայրենասիրություն, արժանապատվություն, առաքինություն, ազգային արժանապատվություն, հայոց ինքնություն, Հայոց Փառք, Հայոց տարածքներ եւ այլն բառերից, որոնք սոսկ բառեր չեն, այլ իրենց մեջ պարփակում են ամենավեհը։ Չէ՞ որ այս իշխանավորները իրենց ամբողջ էությամբ հակահայ են, անաստված, իսկ թվարկած բառերը ամբողջովին արտացոլում են Աստվածայինը՝ ազնվականը, արիականը, հայկականը։ Դա է պատճառը, որ մեր ժողովրդի մոտ համատարած ատելություն առաջացավ դրանց նկատմամբ, որովհետեւ օտարին ծառայելով դեմ գնացին հայկական գենին։

– Ամեն դեպքում, շատերի գիտակցության մեջ չի տեղավորվում, որ հայ մարդը կարող է այնպիսին դառնալ, որ ծաղրի Հայոց ամենազգացմունքայինը՝ Հայրենիքի տարածքային ամբողջականությունը, նրան կրկին տեր դառնալու մտածումը։

-Այդ երեւույթը ունի իր պատասխանը, Պետրոս առաքյալն իր երկրորդ թղթում ասում է․ Մարդը ինչից որ պարտվում է, դառնում է նրա ծառան։ Այս իշխանավորները պարտվելով 2020 թվականի պատերազմում, փոխանակ ուշքի գային, վերակազմակերպեին բանակը, գնահատեին իրենց թույլ տված սխալները, ժողովրդին հույս տային, այլ ընդհակառակը, դարձան թշնամու կամակատարը եւ նրանց խոսափողը, ի հակադրություն Հայոց շահերի։ Դա է պատճառը, որ ոչնչից չեն խորշում եւ դրանցից լսում ես այնպիսի արտահայտություններ եւ մտքեր ազգային արժանապատվությունը վիրավորող, որ նույնիսկ փողոցի ամենաստորին ընկածը իրեն թույլ չի տա։

Այն, ինչ կատարվեց Հայաստանի անկախությունը վերականգնելուց հետո, առավելապես այս վերջին յոթ տարում, պետք է մեր ժողովրդին դաս լինի, որ այսուհետեւ կարողանա զատել թացը չորից, եւ այլեւս ապազգային, անաստված տարրերին մոտ չթողնի իշխանության ղեկին։

Իհարկե, մեծ կորուստների գնով իմաստնացանք, եւ քանի որ Աստված միշտ մեզ պահապան է, համբերատարությամբ գործենք եւ հեռու չի այն օրը, երբ կունենանք Աստվածավախ, օտարին ծառայելուց հեռու, ազգային մտածելակերպ ունեցող իշխանություն։

Աստծո օրհնությունն ու զորակցությունն աղերսենք։ Աստված պահպանի մեր ազգին եւ պետությունը եւ հեռացնի չարը մեր երկրից։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30