Տեղեկացրել ենք, որ հունիսի 9-14-ը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման ու առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում հայկական 13 հոգուց բաղկացած պատվիրակությունը գտնվում էր Բելգիայի Թագավորությունում՝ ուսումնասիրելու եվրոպական այս երկրի երիտասարդական քաղաքականությունը, համայնքային երիտասարդական ծառայությունների առանձնահատկությունները։ Պատվիրակության կազմում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, երիտասարդական ոլորտի նորաստեղծ ՀԿ-ների ներկայացուցիչներ ու ոլորտի փորձագետներ։
Հայկական պատվիրակությունը հյուրընկալվել էր տարբեր կառույցներում՝ Բրյուսելում տեղակայված Եվրոպական հանձնաժողովում, «Էրազմուս+ միջազգային երիտասարդական աշխատանք» ազգային գործակալությունում, երեխաների ու երիտասարդության հարցերով ֆլամանդական նախարարությունում, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում, Բելգիայի Թագավորությունում երիտասարդական աշխատանքի ոլորտում ճանաչում ունեցող հասարակական կազմակերպություններում, Գենտի համայնքապետարանում։
Բելգիական փորձն ուսումնասիրող հայկական պատվիրակության անդամներից շատերն անչափ տպավորվել էին Բելգիայի Թագավորության ֆլամանդական տարածաշրջանում գտնվող Գենտ պատմական նավահանգստային քաղաք կատարած այցից։
Կարդացեք նաև
Բանն այն է, որ մայրաքաղաք Բրյուսելից ու Անտվերպենից հետո Բելգիայի մեծությամբ երրորդ քաղաքը ոչ միայն համարվում է գիտելիքի մայրաքաղաք՝ իր երկու համալսարանների, չորս համալսարանական քոլեջների ու բազմաթիվ այլ կրթական հաստատությունների շնորհիվ, որտեղ սովորում են 80 հազար ուսանողներ, այլ այսպես ասած՝ երեխայամետ, երիտասարդարամետ կամ երեխայահարմար ու երիտասարդահարմար է, անգլերենով հատուկ տերմին է օգտագործվում՝ «Child-and youthfriendly city»։
Տեղացիների պարզաբանմամբ՝ նման բնութագիր կարելի է տալ այն քաղաքներին, որտեղ կյանքը (քաղաքն իր ենթակառուցվածքներով, փողոցներով, երթևեկությամբ, կանաչ տարածքներով) հարմարեցվում է երեխաների ու երիտասարդների կարիքներին, և որտեղ նրանց ձայնը, իրավունքները դառնում են քաղաքային իշխանության վարած երիտասարդական քաղաքականության անբաժան մաս։ Այլ կերպ ասած՝ քաղաքային իշխանությունը, երիտասարդներին համարելով առաջնահերթություն, պարտավորվում է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կապահովվի նրանց բարեկեցությունն ու ակտիվ մասնակցությունը քաղաքային կյանքի տարբեր ոլորտներում։
Գենտ ոտք դնելուն պես՝ կարելի է ականատես լինել հեծանիվներով երթևեկող բազմաթիվ մարդկանց, իսկ կայարանի մոտակայքում՝ կայանված ահռելի քանակով հեծանիվների, որոնք, ըստ տեղացիներ, Գենտում աշխատող մարդկանց տրանսպորտային միջոցներն են։
Նշենք, որ Գենտը Եվրոպայի մշակութային ու զբոսաշրջային կարևորագույն կենտրոններից է․ շատ հարմար է ոտքով քայլելու համար․ հատկապես ամեն քայլափոխ տեսնելու ու բացահայտելու մի նոր բան կա․ քաղաքի հետիոտնային կենտրոնը հայտնի է միջնադարյան ճարտարապետությամբ՝ 1180 թվականին կառուցված Գրավենստեն ամրոցով, որը դարեր շարունակ եղել է Ֆլանդրայի կոմսերի նստավայրը և քաղաքի պատմական կենտրոնում՝ Լեյ գետի ափին գտնվող Գրասլեյ նավամատույցով։
«Ուզո՞ւմ ես ունենալ զարգացած համայնք, հզորացրու երիտասարդներիդ»,-այս սկզբունքով են առաջնորդվում Բելգիայի Թագավորությունում։
25 վարչական շրջաններ միավորող Գենտի 270 հազար բնակիչներից 62 հազարը 15-30 տարեկան երիտասարդներ են։
Հիշեցնենք, որ Բելգիայի Թագավորությունում երիտասարդների մասին խոսելիս՝ նշում են 0- 30 տարեկանը, իսկ քաղաքականությունը մշակում են՝ չմոռանալով շեշտել, որ այն երեխաների ու երիտասարդների համար է։
Գենտում քաղաքային իշխանությանը օրակարգ թելադրողը երիտասարդներն են, անհնար է կայացնել մի որոշում՝ առանց նրանց հետ քննարկման։ Իսկ քաղաքի զարգացման ռազմավարական պլանն ավագանու հաստատմանը ներկայացելուց առաջ նախ պետք է հանձնել երիտասարդական խորհրդի (YouthCouncil) հավանությանը, այն իր կարծիքը պարտադիր պիտի հայտնի։ Այստեղ մեծ լիազորություններ են տրված երիտասարդական խորհրդին։ Եթե տեղական ինքնակառավարման մարմինները համարձակվեն ընդունել մի որոշում, որտեղ երիտասարդները չեն հնչեցրել իրենց կարծիքը, այն կավարտվի փողոցային բողոքի ցույցերով կամ ԶԼՄ-ներում թեժ քննարկումներով։
Այս քաղաքի երիտասարդական խորհուրդը գործում է բավական վաղուց՝ 1993 թվականից, այնտեղ ներառված են 20 երիտասարդներ՝ 15-30 տարեկան։ Այն պարտավորվում է տարին երեք անգամ դռնբաց երիտասարդական նիստեր հրավիրելու, վերահսկողական մեխանիզմ ունի, օրինակ՝ հնարավոր է դեմ կանգնի քաղաքային որևէ միջոցառման համար գումարի տրամադրմանը։ Երիտասարդական խորհուրդն ապահովում է երիտասարդների ներգրավվածությունը համայնքի կառավարմանը, մեծ դերակատարություն ունի նաև ընտրություններում։ Շատ հաճախ երիտասարդական խորհուրդները կլոր սեղաններ, բանավեճեր են կազմակերպում քաղաքական կուսակցությունների առաջնորդների մասնակցությամբ։
«Բավական տպավորված եմ Գենտում տեղի ունեցած այցից, հստակ մշակույթ է այնտեղ ձևավորված․ գործում է համագործակցություն տեղական իշխանությունների ու երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների միջև, բավական մեծ աշխատանք էր տարվում երեխայակենտրոն համայնքներ ունենալու առումով։
Կարծում եմ՝ դա շատ կիրառելի կլինի Հայաստանում։ Գենտում մեծ աշխատանք էին տանում համայնքների, թաղամասերի միջև կապը ստեղծելու, համագործակցելու, տարբեր միջոցառումներ էին կազմակերպում․ նույնիսկ մի քանի օրով փակում էին ճանապարհները, կանաչ գազոններ էին ստեղծում և ներգրավում էին երեխաներին, ընտանիքների, տարբեր կազմակերպությունների, որպեսզի կարողանան շփվեն, վեր հանեն խնդիրները, լավ ժամանակ անցկացնեն և նաև միավորվեն։
Այդ բացը ես շատ եմ տեսնում Հայաստանում, կարծես թե ամեն մեկը իր կյանքով է ապրում՝ մոռանալով շփումների, համագործակցության կարևորությունը»,- մեզ հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ, «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման ու առաջնորդության խթանման» ծրագրի թիմի ղեկավար Անի Թորոսյանը։
«Երիտասարդական նախաձեռությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ, երիտասարդական ոլորտի փորձագետ-ուսուցանող Արթուր Նաջարյանն էլ ասաց․ «Մեր ուսումնական այցի ժամանակ հնարավորություն ունեցանք այցելել Գենտ․ քաղաք, որն ուներ երեխայակենտրոն, երեխայահարմար կարգավիճակ։ Դա ի՞նչ է իրենց ենթադրում․ կան մշակված հստակ չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն քաղաքում տարբեր ենթակառուցվածքներ՝ փողոցներ, այգիներ, պուրակներ, խաղահրապարակներ, տրանսպորտ, երիտասարդական տարածքներ և կենտրոններ։ Սրանք լիովին հարմարավետ պետք է լինեն երեխաների համար։
Հետաքրքիր մոտեցում ունեին։ Ասում էին, եթե քաղաքը հարմարավետ ու համապատասխան է երեխային, ապա այն հարմար է յուրաքանչյուրին։ Լուրջ քայլեր էին ձեռնարկում Բելգիայում ավելացնելու այդպիսի քաղաքների թիվը, որովհետև սա ցույց է տվել, որ մեծ թվով բնակիչներ մեգապոլիսային քաղաքներից տեղափոխվել ու տեղափոխվում են երեխայամետ և երիտասարդամետ ավելի փոքր համայնքներում բնակվելու հենց նրա համար, որ շատ ավելի հարմարավետ է այնտեղ ապրելը։
Մեզ մոտ այն տպավորությունն էր, որ կարծես Բելգիան սրանով նաև լուծում է փոքր համայնքների բնակեցման և մեծ համայնքների բեռնաթափման հարցը։ Փոքր համայնքներ տեղափոխվելը ոչ միայն աշխատատեղով է պայմանավորված, այլ քաղաքի մատչելիությամբ, հարմարավետությամբ։ Յուրաքանչյուր ընտանիք շատ կարևորում էր իր երեխայի հարմարավետ, ապահով միջավայրում մեծանալը»։
Բելգիայի Թագավորությունում կառավարությունը ֆինանսական միջոցներ չի խնայում երիտասարդների համար բարեկեցիկ կյանք ապահովելու ու նրանց հետ տարվող աշխատանքը բարձր մակարդակի հասցնելու համար։ Երիտասարդական աշխատանք կազմակերպվում է ինչպես համայնքապետարանների, այնպես էլ հասարակական կառույցների միջոցով․ մեծամասամբ այս երկուսի համատեղ ուժերով՝ համագործակցությամբ։
Ի դեպ, այս երկրում երիտասարդական աշխատանք իրականացնող հասարակական կառույցները ոչ թե մտահոգվում են՝ ինչպես հայթայթել ֆինանսական միջոցներ կարևոր գաղափարները իրականություն դարձնելու կամ երիտասարդական աշխատանք կատարելու համար, այլ ֆինանսավորվում են կառավարության, նաև վեց տարի ժամկետով ընտրվող ՏԻՄ-ի կողմից։
Օրինակ՝ Գենտում տարեկան մեկ միլիոն եվրո են հատկացնում ամենամեծ երիտասարդական հասարակական կազմակերպությանը, 10 հազար եվրո էլ յուրաքանչյուր կազմակերպությանը կամ հետաքրքրված խմբերին՝ երիտասարդական լավ գաղափարները իրականություն դարձնելու համար։ Ի դեպ, համայնքապետարանում երիտասարդական հարցերի համար բյուջեով առանձնացված գումարը եթե չի ծախսվում, այն թույլ չեն տալիս օգտագործել որևէ այլ նպատակի համար։
Համայնքապետարաններն ունեն մի քանի երիտասարդական աշխատողներ։ ՀՀ-ում, ըստ «Երիտասարդական քաղաքականության մասին» նոր օրենքի, ևս նախատեսվում է համայնքապետարաններում պարտադիր ունենալ երիտասարդական աշխատողներ։
ՀՀ-ում, այնպես էլ Բելգիայի Թագավորությունում երիտասարդական աշխատողը պաշտոնապես դեռ չճանաչված, սակայն շատ տարածված ու պահանջված մասնագետներից է։ Եվրոպական այս երկրի համայնքապետարաններում նման հաստիքների քանակը կախված է համայնքապետարանի մեծությունից։ Երիտասարդական աշխատանքը համակարգում է երիտասարդական բաժինը, որի աշխատակիցները կոչվում են youth officer։
Օրինակ՝ Բելգիայի Թագավորության ֆլամանդական համայնքում կան 106 պաշտոնապես ճանաչված երիտասարդական կազմակերպություններ, Ֆլանդրիայում և Բրյուսելում 0-30 երեխաների ու երիտասարդների թիվը հասնում է 2 միլիոն 700 հազարի, որոնցից առնվազն մեկ միլիոնի հետ երիտասարդական աշխատանք է տարվում։ Երիտասարդական աշխատանքը համարվում է յուրաքանչյուր երեխայի ու երիտասարդի իրավունքը։
Ֆլամանդական համայնքում վճարվող պրոֆեսիոնալ երիտասարդական աշխատակիցների թիվը հասնում է 3200-ի, որոնցից 850-ը համայնքային երիտասարդական ծառայողներ են։ Կան նաև կամավորական հիմունքներով երիտասարդական աշխատողներ, որոնց թիվը մոտ 100 հազարի է հասնում։ Ֆլամանդական համայնքում տարեկան վկայական են ստանում 6000 երիտասարդական աշխատողներ։ Տարվա ընթացքում 8 հազարից ոչ պակաս երիտասարդական նախաձեռնություններ են իրականացվում այստեղ։
Ի դեպ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Բելգիայում կառավարությունը քննարկում է բուհերում երիտասարդական աշխատանք մասնագիտությունը ներդնելու մասին։ Օրինակ՝ Բելգիայում քննարկում են այդ մասնագիտությամբ մագիստրատուրա բացելու, միաժամանակ նաև սոցաշխատանք բաժնի բակալավրիատում հատուկ առարկա մտցնելու։ Ի դեպ, ՀՀ-ի երկու բուհերում՝ Երևանի ու Շիրակի պետական համալսարաններում սոցիոլոգիա և սոցաշխատանք բաժիններում երիտասարդական աշխատանքը ուսուցանվում է որպես առարկա։
Նշենք, որ Բելգիայի Թագավորությունում երիտասարդական աշխատանքը թեմատիկ ուղղվածություն ունի, ավելին՝ կառույցները ևս մասնագիտացված են․ օրինակ՝ կան մշակութային երիտասարդական աշխատանքով զբաղվող կազմակերպություններ, քաղաքական, ազգային երիտասարդական աշխատանքով զբաղվող կազմակերպություններ, կան սոցիալ-կրթական, առողջապահական, սեռական դաստիարակությամբ, բնապահապանական, մեդիա ոլորտներով զբաղվող երիտասարդական աշխատողներ։
Կառավարությունը երիտասարդական աշխատանք կատարելու համար միջոցներ չի խնայում, միայն ֆլամանդական կառավարությունը՝ ըստ օրենքի այս նպատակի համար պարտավորվում է տարեկան հատկացնել 100 հազար եվրո։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ