Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ գրելով, որ «Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակում պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին։ Ի թիվս այլնի՝ նա անդրադարձել էր հոգեւորականների անձնական կյանքի մասին իր գրառումներին, ԱԱԾ-ի՝ ամեն բան իրեն զեկուցելուն, իսկ նրա կինը՝ Աննա Հակոբյանը, հետին թվով խմբագրել էր Մովսես Խորենացու «Ողբը»:
Տեսագրության սղագրությունը ներկայացնում ենք առանց խմբագրման:
Նիկոլ Փաշինյան- «Ազատություն» ռադիոկայան, համեցեք, այսինքն որպես քաղաքացի է ներկայանում…
Կարդացեք նաև
«Ազատություն» ռ/կ թղթակից– Պարոն վարչապետ, լսելով թե՛ ձեր, թե՛ տիկին Հակոբյանի բանախոսությունները՝ մի հիմնական նպատակ կա այդ երկուսում էլ. ունենալ ուժեղ պետություն, որտեղ գործում է իրավակարգը, գործում են օրենքները եւ ուժեղ պետություն ունենալու առանցքը նաեւ հենց սա է: Հիմա սրա հետ կապված հարցս հետեւյալն է, երկու իրավիճակ նկարագրեմ. այս ամենի ֆոնին այս օրերին Հայ Առաքելական եկեղեցու եւ իշխանության հետ հարաբերությունների ֆոնին ձեր էջում բազմաթիվ գրառումներ կան, հոգեւորականների անձնական կյանքի վերաբերյալ դրվագներ, մարդկանց մոտ կասկածներ եւ պնդումներ են…
Նիկոլ Փաշինյան– Ես ներողություն եմ խնդրում, ուղղակի որպեսզի… տեսեք, էս ֆորմատներում ես սովորաբար քաղաքական բնույթի հայտարարություններ չեմ անում… (դահլիճը ծափահարում է):
«Ազատություն» ռ/կ թղթակից– քաղաքական չի, ուժեղ պետություն ունենալու ձեր… (դահլիճը ծափահարում է)։
Նիկոլ Փաշինյան– Ամենայն հարգանքով, տեսեք, ես ձեր հարցին պիտի պատասխանեմ, պիտի հիմնավորեմ չէ՞, պիտի հիմնավորեմ ինչի եմ էդ ամեն ինչը էդպես արտահայտել: Էդ նշանակում է…
«Ազատություն» ռ/կ թղթակից– Չէ, բայց հարցս չեք լսել, պարոն վարչապետ…
Նիկոլ Փաշինյան- Դե խնդրում եմ էնպիսի հարց տվեք, որը քաղաքական բանի, քաղաքական քննարկման չվերածվի…
«Ազատություն» ռ/կ թղթակից-Ուժեղ եւ իրավական պետություն ունենալու տրամաբանության մեջ է հարցս, եւ հարցս հետեւյալն է. այդ գրառումները, որոնք ձեր էջում զետեղված են, դրանք վերաբերվում են հոգեւորականների անձնական կյանքին, եւ հնչում են կասկածներ, որ դուք որպես վարչապետ՝ օգտագործում եք ձեր լծակները, ձեռք եք բերում իրենց անձնական կյանքի մասին տեղեկություններ, դրանք հրապարակայնացնում եք… (դահլիճը ծափահարում եւ աղմկում է)։
Նիկոլ Փաշինյան- Մի րոպե, ժողովուրդ, չեղավ, թողեք հարց տա, որ ընդհատելու լինի, ես կընդհատեմ, թողեք, համեցեք…
Ռեպլիկ դահլիճից- Մենք դրա համար չենք եկել։
Նիկոլ Փաշինյան- Լա՜վ, չե-ղա՜վ, ժողովուրդ, չեղավ, պետք է լսենք իրար, համեցեք, ավարտեք:
«Ազատություն» ռ/կ թղթակից– Հիմա, պարոն վարչապետ, այդ պնդումները, որ դուք օգտագործում եք ձեր պաշտոնը եւ ձեռք եք բերում անձնական տեղեկությունները եւ հրապարակայնացնում եք դրանք, արդյոք ապատեղեկատվությո՞ւն են, եւ եթե ապատեղեկատվություն չեն, կխնդրեի՝ բացատրել, թե այդ դեպքում ինչպես են ձեր ձեռքում հայտնվել այդ տեղեկությունները, որոնք դուք հանրայնացնում եք… (դահլիճն աղմկում է):
Նիկոլ Փաշինյան- Ժողովուրդ չեղավ., թողեք հարցն ավարտի, համեցեք…
«Ազատություն» ռ/կ թղթակից- Եվ հաջորդը, ես կուզեի նկարագրել եւս մի իրավիճակ եւ հարցնել այդ իրավիճակը ձեզ մոտ հարցեր առաջացնո՞ւմ է, կամ քաղաքացիներն այդ իրավիճակի ֆոնին կարո՞ղ են կասկածներ ունենալ, որ Հայաստանում,օրինակ, իրավակարգը չի գործում, ինչպես դուք եք պնդում…Այսօր հայտնի դարձավ, որ Շիրակի թեմի առաջնորդը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, կալանավորվեց երկու ամսով եւ սրա վերաբերյալ… (դահլիճը ծափահարում եւ աղմկում է):
Նիկոլ Փաշինյան- Ինչքան ծափ տաք, էնքան իր ժամանակը երկարելու է, նենց որ, թողեք ավարտի հարցը…
«Ազատություն» ռ/կ թղթակից– Եվ սրա վերաբերյալ, պարոն վարչապետ, փաստորեն մեկ, մեկուկես տարի առաջ հայտարարությունը հնչել է հոգեւորականի կողմից, որ Հայաստանում պետք է իրականացնել ռազմական հեղաշրջում, կամ դա պետք է լինի իշխանություն փոխելու տարբերակ Հայաստանում, եւ այդ հայտարարությունից հետո հասարակական կազմակերպության ներկայացուցիչը դատախազություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Գլխավոր դատախազը մերժել է քրեական գործի հարուցումը, եւ մեկ ու կես տարի անց նույն այդ հայտարարությամբ հարուցվել է քրեական գործ, եւ հոգեւորականը հիմա կալանքի տակ է: Սա տեղի է ունենում կրկին եկեղեցու, հոգեւորականների հետ ձեր ունեցած խնդիրների ֆոնին: Արդյո՞ք այստեղ հիմնավոր չե՞ն այն կասկածները, որ իրավապահ կառույցները քաղաքական հրահանգով մեկ տարի անց նույն այդ հարցում տեսան հանցակազմ: Շնորհակալություն…
Նիկոլ Փաշինյան– Ես եմ շնորհակալ… Հիմա ես պիտի փորձեմ ձեր հարցին պատասխանել նենց, որ քաղաքական չլինի պատասխանը…(դահլիճն աղմկում է):
Մի րոպե, ժողովուրդ ջան չեղավ… Էն մասին, որ ես ունեմ պրոբլեմ հոգեւորականների հետ, կամ հոգեւորականներն ինձ հետ ունեն պրոբլեմ, իմ կարծիքով մեր հոգեւորականների պրոբլեմը Աստծո հետ է, իրենք ինձ հետ պրոբլեմ ո՞նց կարող են ունենալ… (դահլիճը ծափահարում է)… Այսինքն, մեր հոգեւորականության պրոբլեմն իրոք Աստծո հետ է, որովհետեւ իրենք՝ կուսակրոն քահանաները, ժողովուրդ ջան, կուսակրոնությունը ստանձնելիս իրենք ծնկի են գալիս Մայր Աթոռի Հիսուս Քրիստոսի իջման վայրում, ծնկի են գալիս եւ ուխտում են, խոստանում են… ինչու չեն երդվում, որովհետեւ Նոր Կտակարանում գրված է՝ մի երդվիր, թող քո այո-ն լինի այո եւ ոչ-ը՝ ոչ… Այսինքն մեր կենցաղային ընկալմամբ երդվում են եւ ուխտագիր են ստորագրում, որ իրենք չեն ունենալու անձնական կյանք, չեն ունենալու… Հասկանո՞ւմ եք, աբսուրդ է բառակապակցությունը՝ կաթողիկոսի անձնական կյանք, կամ եթե մարդն ունի անձնական կյանք, ինքը չի կարող լինել կաթողիկոս … (դահլիճը ծափահարում է)… Ինքը ոչ թե չի կարող, ինքը կաթողիկոս չի, եթե ունի անձնական կյանք, ինքը կաթողիկոս չի…
Երկրորդը, որ էլի կարճ լինի. ես ենթադրում եմ, որ դուք այսօր գլխավոր դատախազության հայտարարությունը չեք տեսել…տեսել ե՞ք, իսկ գլխավոր դատախազությունը պարզաբանել է, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ հարուցված քրեական գործի առումով առիթը, առիթներից մեկը կամ ամենաթարմ առիթը ոչ թե 2024թ. փետրվարին, կամ 2022թ սեպտեմբերին արված հայտարարությունն է, այլ 2025 թ․, ուշադրություն դարձրեք ամսաթվին, կարծեմ հունիսի 21-ին արված արտահայտությունը…Ես ամսաթվերը կարող է խառնեմ, բայց էս վերջերս..․ ներողություն, չէ, չէ ,չէ… 2025թ հունիսի 25-ին արված հայտարարությունը, որով ինքը հաստատել է նախկինում արած հայտարարությունը, ավելի դետալացվել է ,եւ էդ հայտարարությունն արել է Բագրատ Գալստանյանի ղեկավարած ահաբեկչական խմբի բացահայտման օրը եւ էդ առիթով մեկնաբանություն տալիս՝ արտահայտելով իր աջակցությունը բացահայտված ահաբեկչական խմբին…Այսինքն էդ քրեական գործը…
Ես ընդհանրապես ասեմ, մեր մեջ ասեմ, ես էն կարծիքին չեմ, որ գիտեք ինչ, մարդիկ կարող են անել էմոցիոնալ հայտարարություններ, ես էլ եմ… էս էլ, օրինակ, կարող եմ էմոցիոնալ հայտարարություններ անեմ, բայց չի նշանակում, որ վերջ, մարդը բան հայտարարեց, իրեն պետք է գնանք արդեն դատենք… Ոչ, կոնտեսքտ ունի հարցը: Պետք է համոզվել՝ էդ մարդը ուղղակի՝ էմոցիոնալ բա՞ն է ասել, թե ուղղակի մտածված… (դահլիճը ծափահարում է)… Իսկ դատախազության էսօրվա պարզաբանման մեջ էդ շատ կարեւոր էր, ես ուշադիր կարդացի, որովհետեւ երեկվանից էդ թեման քննարկվում է, էնտեղ ասվում է էս փաստով… էս մի շաբաթ… էսօր ամսի քանիսն է… (դահլիճից հուշում են՝ 28-ը)… 28-ը, այսինքն 5 օր առաջ հայտարարությամբ, դա ըստ էության վերաշարունակական գիտակցված… հիմա որեւէ մեկի մոտ կասկած չի կարող լինել՝ ինքը էմոցիոնալ հարց էդ հայտարարությունը, թե ոչ էմոցիոնալ… Մի անգամ կարելի է անել էմոցիոնալ, երկու անգամ կարելի է տենց նեղված լինել, բայց երրորդ անգամ ահաբեկչական խմբի ձեւավորմանն ի պաշտպանություն դա ասել, դա, կներեք, արդեն, հայրենիքը պետություն է, եւ պետությունը պետք է արձանագրի… (դահլիճը ծափահարում է):
Ինչ վերաբերվում է տվյալներին, ոչ մի թաքցնելու բան չկա… Ուրեմն դուք գիտեք, որ Բագրատ Գալստանյանի նկատմամբ օպերատիվ գործ է եղել՝ ինչ առիթով, էլի մոտավորապես նույն առիթով… Էդ օպերատիվ գործերը հիմա քրեական գործի հիմքերում են դրված: Էդ օպերատիվ տվյալները ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով: Ոչ թե եկեղեցականների դեմ գործ է բացվել, այլ եկեղեցականները իրենց՝ արդեն հիմա ակնհայտ գործողություններով հայտնվել են օպերատիվ ուշադրության կենտրոնում… Երբ որ օպերատիվ գործ է արվում, էդ օպերատիվ գործը նենց չի…Այսինքն մարդուն սկսում են հետազոտել՝ կապերը եւ այլն, եւ էդպես շարունակ: Եվ երբ որ էդտեղ տվյալ է բացահայտվում, էդ տվյալը չեն կարող ջնջել ուղղակի…
Հիմա ես ինչո՞ւ գիտեմ դրանց մասին… Մի պարզ պատճառով, որովհետեւ էդ օպերատիվ միջոցառումն իրականացրած մարմինը՝ ԱԱԾ-ն, վարչապետին ենթակա մարմին է… (դահլիճը ծափահարում է)… Եվ ԱԱԾ-ն ամեն օր, ամեն Աստծո օր ինձ զեկուցում է հանրապետությունում օպերատիվ իրավիճակի մասին… Եվ էդ օպերատիվ իրավիճակի մեջ նաեւ, բնականաբար, անվտանգության հետ կապված խնդիրներ կան եւ հարակից այլ խնդիրներ: Էդ ամեն ինչը, բնականաբար, ես չեմ կարող չիմանալ, ուղղակի չեմ կարող չիմանալ եւ իմ իմանալը նույնպես բացարձակապես օրինական է … (դահլիճը ծափահարում է)… Բայց խնդրում եմ հետագա հարցերը քաղաքական հարցեր չտաք…
Աննա Հակոբյան- Ներողություն, կարելի՞ է ձեր թույլտվությամբ, պարոն վարչապետ…
Նիկոլ Փաշինյան- Բայց դու ի՞նչ կապ ունես…
Աննա Հակոբյան- Ունեմ, ես հիմա կասեմ, թե ինչ կապ ունեմ, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ակնկալում եմ, որ այդ՝ վարչապետին առընթռեր մարմինը՝ ԱԱԾ-ն, որ զեկուցում է վարչապետին, եւ վարչապետը, պետք է ապահովեն իմ եւ բոլորի՝ ՀՀ քաղաքացիների անվտանգությունը… (դահլիճը ծափահարում է)… Ինչ վերաբերվում է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին…
Նիկոլ Փաշինյան– Նկատի ունես, առանձնապես մեծ մխիթարանք չի՞… Եթե ահաբեկչությունը եպիսկոպոսն է անում, չեմ կարծում, թե երաշխիք կա դրա արդյունքում դրախտ կընկնեն մարդիկ… (Աննա Հակոբյանը բարձրաձայն ծիծաղում է)։
Աննա Հակոբյան– Ինչ վերաբերվում է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, ես հարգում եմ… ինչ վերաբերվում է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտությունը, բնականաբար, էլ չասենք՝ ինչքան եմ սիրում եւ կարոտում, բայց սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ժողովը չէր եւ սա ասուլիս չէր, սա «Կրթվելը նորաձեւ է» շարժման բանախոսություններն են, որը լսել էր մեր հարգելի լրագրողը նաեւ, բայց ես ուզում եմ ասել, որ ոնց վարչապետն ասաց՝ պիտի նայես, նայես, նայես եւ չտեսնես, լսես, լսես, լսես եւ չիմանաս…
Եվ ուզում եմ եւս մեկ անգամ մեր հարգելի լրագրողի եւ լրատվամիջոցների համար մեջբերում ընթերցել՝ 5-րդ դար, Մովսես Խորենացի «… կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ …(դահլիճը ծափահարում է)… պատվասեր, անաստվածասեր…Վիճակավորները՝ կրոնավորների ղեկավարները՝ հպարտ, դատարկախոս, դատարկապորտ, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առեւտուր եւ կատակերգություններ սիրող»… Եթե Խորենացին երբեւէ պատկերացներ, որ կարելի է ավելացնել նաեւ հանցագործ եւ ահաբեկիչ, կավելացներ եւ դրանք… Մեր լրագրողը պետք է հարց տալուց առաջ մտածի, իրեն դիրքավորի երբեմն որպես քաղաքացի, հատկապես էս բանախոսություներից հետո եւ հատկապես էս դահլիճում: Շնորհակալություն: