Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում Բուխարեստի Ի. Լ. Կարաջալեի անվան թատրոնի և կինոյի ազգային համալսարանում մեկ կիսամյակ ուսումնառել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Թատրոնի ֆակուլտետի «Դերասանական արվեստ» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Աղալարյանն ու Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի «Կինոարվեստ» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Դավիթ Նալբանդյանը:
Ուսանողները մասնակցել են մի շարք դասընթացների, ներգրավվել են նաև վարպետաց դասերին և համագործակցել տարբեր երկրներից ժամանած ուսանողների հետ։ Սա նրանց համար ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային մեծ փորձառություն էր, քանի որ նրանք նոր տեսանկյունից բացահայտեցին թատրոնի և կինոյի բազմաշերտ լեզուն այլ մշակութային համատեքստում։
Կարդացեք նաև
Տիգրանի խոսքով՝ այնտեղ սովորելը հնարավորություն էր վերագնահատելու ընտրած ուղին, նորովի տեսնելու թատերարվեստի դերը ժամանակակից աշխարհում, ինչպես նաև տիրապետելու նոր հմտությունների ու մեթոդների: Դավիթն էլ ընդգծում է, որ ուսումնառության մի քանի ամիսներին սովորել է աշխատել նոր պայմաններում, պատմություն պատմելու համար իր ունեցած հմտություններն է զարգացրել ու իր համար կարևոր ուղերձ վերահաստատել. այն է՝ կինոն կարող է սահմաններ ջնջել։
Այս փորձառությունը նաև մոտիվացնում է՝ շարունակել սովորել, զարգանալ և նոր տեսանկյունից նայել այն ճանապարհին, որն ընտրել են:
Մեր ուսանողները ստացած գիտելիքը նաև գործնականում են կիրառել՝ ներկայանալով ստեղծագործական աշխատանքներով: Դավիթը կարճամետրաժ խաղարկային ֆիլմ է նկարել, իսկ Տիգրանը դերակատարմամբ հանդես է եկել ներկայացման մեջ՝ խաղալով ռումիներեն:
ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ