Լրահոս
Օրվա լրահոսը

Հայուհին, որը ճանապարհ է հարթում դեպի Idol-ի բեմ

Հունիս 29,2025 16:50

Կարինե Դավթյանն առաջին հայուհին է, որին հաջողվել է մուտք գործել համաշխարհային KPOP  (Քեյփոփ)  ինդուստրիա։ Նա առաջինն է, ով գտնվում է նախնական դեբյուտային փուլում կորեական DE:VA խմբում և ներկայացնում է ոչ միայն իր տաղանդը, այլև իր ազգային ինքնությունը։ Զրուցեցինք նրա հետ երազանքների իրականացման, մարտահրավերների ու հայկական ոգու մասին։

-Ի՞նչ զգացիք, երբ իմացաք, որ դարձել եք առաջին հայ աղջիկը, որը մուտք է գործելու KPOP  (Քեյփոփ) աշխարհ։

-Մինչ այդ կետին հասնելը ես միշտ պատկերացնում էի, որ առաջինն եմ լինելու։ Սոցցանցերում ամեն ինչ շատ արագ տարածվեց, ես կարդում էի մեկնաբանությունները, տեսնում էի՝ ինչպես էին, հատկապես, հայերը ինձ աջակցում ու անհամբեր սպասում մեր դեբյուտին։ Անսահման ուրախ էի, բայց չեմ կարողանում դեռ հպարտանալ, դեբյուտից հետո վստահ եմ ավելի շատ առիթ կլինի հպարտանալու ու ուրախանալու, քանի որ ինձ համար շատ կարևոր էր նման փոփոխություն անելը։

-Ինչպե՞ս և ե՞րբ հասունացավ որոշումը քայլ անել դեպի կորեական շոու-բիզնես։

-Ես 15 տարեկան էի, երբ սկսեցի KPOP  (Քեյփոփ)  լսել, Idol  (Քեյփոփ մշակույթում «idol» (հայերեն՝ այդոլ) բառը նշում է այն արտիստներին, ովքեր ոչ միայն երգում են, այլ նաև պարում, հանդես են գալիս բեմում, հեռուստաշոուներում, սոցիալական ցանցերում և ներկայացնում են ամբողջական բեմական կերպար) դառնալու միտքը շատ պատահական է եկել, երբ դիտում էի «MAMA» երաժշտական մրցանակաբաշխությունը։ Որոշեցի ուսումնասիրել՝ կա՞ն արդյոք օտարազգի այդոլներ։ Այդ ժամանակ դեռ այդքան էլ շատ չէին օտարերկրացիները KPOP (Քեյփոփ)-ում, բայց վստահ էի, որ բոլոր շանսերն ունեի։

Ու հենց այդ օրվանից սկսեցի պարապել, պլանավորել ամեն ինչ, որովհետև շատ լուրջ էի տրամադրված։

-Ո՞վ էր Ձեր  ոգեշնչման աղբյուրը այդ երկար ու դժվար ճանապարհին։

-Մայրս առաջին հերթին․ եթե նա չաջակցեր ու ամենակարևորը՝ չհավատար, չեմ կարծում՝ կկարողանայի առաջ գնալ։ Իսկ երկրորդ մարդը իմ վոկալի ուսուցչուհին էր։ Բացի երգել սովորեցնելուց, միշտ մոտիվացնում ու աջակցում էր հոգեպես։

Նաև շատ մեծ դեր են նաև խաղացել ընկերներս, ինչի համար անչափ շնորհակալ եմ։

-Ի՞նչ արձագանքներ եք ստանում KPOP (Քեյփոփ) աշխարհում՝ կապված Ձեր հայկական ծագման հետ։

-Իհարկե, բացասական մեկնաբանությունները ամենուր են, բայց աշխատում եմ անտեսել։ Մեծ մասամբ ստանում եմ միայն դրականը, ոչ միայն հայերի կողմից, այլև շատ այլ ազգերից։ Շատ նամակներ եմ ստանում երկրպագուներից, թե ինչքան հպարտ են ինձնով։ Երևի ոչ բոլորը դա գիտեն, բայց հենց այս խոսքերն են ինձ ամենաշատը ոգևորում ու ստիպում ավելիին ձգտել։

Հայը նման բնագավառում, այս դեպքում Կորեայում, շատ անհավանական բան է թվում։ Եղել են մեկնաբանություններ, երբ մարդիկ ծաղրում էին հենց ազգությունս, բայց դա արդեն իսկ նշան է, որ այդ հայը սկսում է ճանաչում ձեռք բերել, ինչն էլ, բնականաբար, նրանց նյարդայնացնում է։

-Ի՞նչ խոշոր մարտահրավերներ եք հաղթահարել մինչ խմբի անդամ դառնալը։

-Չնայած նրան, որ բոլորս Կորեայում էինք և միասին պարապում էինք, չէր բացառվում, որ մեզնից մի քանիսը կարող էին չհայտնվել վերջնական խմբի կազմում։ Դրա համար շատ կարևոր էր որպես թիմ աշխատելը։ Լինելով խմբում դու չես կարող միայն քո մասին մտածել, օրինակ` փորձերի ժամանակ աշխատում էինք ոչ միայն անհատական սխալներն ուղղել, այլ նաև Իրար հանդեպ ուշադիր լինել, օգնել իրար։ Նույնն էլ, երբ ունենում էինք ազատ ժամանակ` փորձասենյակից դուրս։ Եղել են բարդություններ, չենք հասկացել միմյանց, բայց դա գիտակցելով շտկել ենք և հարթել։

 

-Ի՞նչն եք ամենաշատը գնահատում խմբի անդամների մեջ։

-Մեր ընկերությունը։ Մենք կարճ ժամանակահատվածում շատ դժվարությունների միջով ենք միասին անցել (ու անցնում), ինչի հետևանքով օր օրի ավելի էինք մտերմանում։ Ես նրանց ընդունում եմ որպես մեծ քույրերի։

Նաև շատ եմ գնահատում նպատակասլացությունը։ Օրերից մի օր մենք անպայման կպատմենք մեր պատմությունը։

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ եզակի բան եք բերել DE:VA խմբի մեջ։

-Դե հայ լինելը արդեն իսկ եզակի բան է, դա շատ եմ կապում իմ բնավորության հետ։ Ես ապահովում եմ խմբի լավ տրամադրությունը։ Էությամբ այնպիսին եմ, որ բոլորին միշտ ծիծաղեցնում եմ ու նաև ամենաբարձրախոսն եմ։

-Քեյփոփը բազմաշերտ արվեստ է։ Ձեզ համար ո՞րն է ամենակարևորը՝ երաժշտությո՞ւնը, պա՞րը, ոճը, թե բեմադրությունը։

-Ըստ իս՝ KPOP  (Քեյփոփ)-ի բեմադրությունը շատ տարբերվող է ու աչքի ընկնող, սակայն չեմ կարող առանձնացնել կոնկրետ մեկը. իրենք լրացնում են միմյանց։ Ներկա սերնդի խմբերը ունեն բավականին տարբեր երաժշտություն, ինչը հնարավորություն է տալիս թե՛ լսողին և թե՛ կատարողին նոր երանգներ բացահայտել։

Իսկ պարը կարևորագույն մասնիկներից է, ինչի շնորհիվ քեյփոփը էլ ավելի լայն տարածում է գտնում ամբողջ աշխարհում, իսկ Քեյփոփի պարերը այլ երանգներ ունեն։

-Այս կարճ ժամանակահատվածում հասցրե՞լ եք ձեռք բերել երկրպագուներ։

-Այո, իհարկե։

Ի դեպ երբ ձմռանը եկել էի Հայաստան, շատերն էին դրսում ճանաչում։ Հուսով եմ՝ երկրպագուները միշտ կլինեն ինձ հետ, կաջակցեն ու կսպասեն իմ դեբյուտին։

-Ապրելով Կորեայում՝ ի՞նչ մշակութային տարբերություններ են Ձեզ ամենաշատը հետաքրքրել։

-Եղել են դեպքեր, որոնք ավելի շատ զարմացրել են։ Առաջին բանը, որ ես լսեցի Կորեա գալուց հետո, այն էր, թե ինչ փոքր է իմ գլուխը/դեմքը։ Ես, եթե անկեղծ, ապշած կանգնած էի ու չէի հասկանում ` ինչ պետք է ասել կամ դեմքիս արտահայտությունը ինչպես փոխել։ Աղջիկները դա տեսան ու ծիծաղում էին, հետո ասեցին, որ դա ամենալավ կոմպլիմենտներից է Կորեայում։ Այդ դեպքից հետո նույնիսկ դրսում պատահական անցորդները ինձ տեսնելիս նույն բանն էին ասում, բայց ես արդեն գիտեի, որ դա լավ իմաստ ունի ու ժպտում էի։

Կորեայում գեղեցկության ստանդարտները շատ են տարբերվում, ես դա գիտեի, բայց ապրելով այնտեղ՝ ավելի ես համոզվում։

Եղել են մարդիկ, ում համար շատ տարօրինակ էր, որ ես զարմանում էի նման կոմպլիմենտից, բայց ես բացատրեցի նրանց, որ իմ երկրում նման բաներ չեն ասում մենք այդքան էլ ուշադրության չենք դարձնում գլխի չափսերին։

-Եթե խմբով նկարահանվեիք ֆիլմում կամ սերիալում, ինչ ժանրի կլիներ այն, և ինչպիսին կլիներ Ձեր կերպարը

-Կլիներ սարսափ/դետեկտիվ ժանր, մի փոքր քոմեդիով, որը կապահովեի ես, հա-հա։ Իրադարձությունները, որի միջով մենք անցել ու անցնում ենք, մոտ են այդ ժանրերին հհա։ Պետք է նկարել նման ֆիլմ ապագայում։ Անկեղծանալով ասեմ, որ  ամեն օր այդքան էլ տխուր չի անցնում։

-Ինչպիսի՞ ուղերձ եք ցանկանում փոխանցել հայ երիտասարդներին՝ որպեսզի ձեր հաջողությունը դառնա նրանց ներշնչման աղբյուր ստեղծագործ ուղիներում։

 –Ուզում եմ իմ օրինակով մարդիկ առաջ գնան ու հասկանան, որ անհնարին ոչինչ չկա։ Եթե ինչ-որ բան շատ ես ուզում`վստահ պետք է առաջ գնաս։ Ճանապարհին ստիպված ես լինելու որոշ բաներ կորցնել, զոհաբերել։ Բայց եթե իրոք ցանկանում ես նպատակիդ հասնել, ուրեմն՝ ետ մի՛ նայիր։

Կյանքի ցանկացած բնագավառում լինում են խոչընդոտներ, բայց դրա հետ մեկտեղ նաև կան ելքեր, դրա համար պետք է միշտ պայքարել ու հավատալ քո ուժերին։

DE:VA խմբի մասին

DE:VA-ն ստեղծվել է 2024թ. հոկտեմբերին։ Ներկա պահին խմբում կա 5 մասնակից`Կարինե, Սիլվիա, Նատաշա, Կիա, իսկ 5-րդ մասնակցին դեռ չեն կարող բացահայտել։

Կարինե-Հայաստան

Սիլվիա-Ավստրալիա, Նիգերիա, Լիբերիա

Նատաշա-Թաիլանդ, Շվեյցարիա

Կիա-Սենեգալ, Ֆրանսիա

Խումբը որոշել է ետ բերել 2000-ականների y2k ու rnb ոճը։

Լուսինե ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30