Բուլղարիայի հայ համայնքային խորհուրդը խորապես անհանգստացած է Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներով։ Մասնավորապես, մտահոգություն է առաջացնում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող հետևողական և համակարգված ճնշումների շարանը, ինչպես նաև եկեղեցական և քաղաքական գործիչների ձերբակալություններն ու նրանց նկատմամբ կիրառվող խիստ միջոցները։
Ժողովրդավարական հասարակության հենքը խոսքի ազատության, օրենքի գերակայության և արդար դատաքննության սկզբունքների պահպանումն է։ Որևէ պետական կառույց չի կարող գործել որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Ցանկացած իրավական գործընթաց պետք է իրականացվի թափանցիկ, օբյեկտիվ և արդար ձևով՝ հիմնվելով հստակ ու հավաստի ապացույցների վրա։ Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն, որը խաթարում է քաղաքացիական ազատությունները և իրավական պետության հիմքերը։ Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ինքնության և միասնականության անքակտելի հենարանը։ Դրա դեմ իրականացվող հարձակումները սպառնում են ոչ միայն մեր հոգևոր ժառանգությանը, այլև ազգային միասնությանը՝ հատկապես այսպիսի բարդ տարածաշրջանային իրավիճակում։
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերադառնալ օրենքի և ժողովրդավարական արժեքների դաշտ՝ հարգելով յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքները և նպաստելով ազգային համախմբմանը։ Միայն համերաշխ և ազատ հասարակությամբ կարող ենք դիմակայել մեզ կանգնած լուրջ մարտահրավերներին՝ պահպանելով մեր ինքնությունը և ամրապնդելով հայության միասնականությունը ամբողջ աշխարհում։
Կարդացեք նաև
Բուլղարիայի հայ համայնքային խորհուրդ