«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Հոգևորականների մասին ինձ զեկուցել են ԱԱԾ-ից, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպման ժամանակ։
«Եկեղեցականներն իրենց գործողություններով հայտնվել են օպերատիվ ուշադրության կենտրոնում։ ԱԱԾ–ն վարչապետին ենթակա մարմին է, և ԱԱԾ–ն ինձ ամեն օր զեկուցում է Հանրապետությունում օպերատիվ վիճակի մասին»,- նշել է նա։
Նորից կիսաճշմարտություններ են մատուցվում մեր ժողովրդին։
Կարդացեք նաև
Այո, ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է՝ ըստ հայտնի «կոստյում» անունով 2015 թ. ընդունված Սահմանադրության, որը Նիկոլ Փաշինյանը արդեն 7 տարի պետք է փոխած լիներ՝ իր իսկ խոստման համաձայն։ Սակայն մնացածը ամբողջությամբ կեղծիք է և ապօրինություն։
Նույնիսկ եթե որևէ անձի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվում, որի շրջանակներում իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, դրանք համարվում են նախաքննական գաղտնիք և չեն կարող ներկայացվել կողմնակի անձանց, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավարին, որը քննիչ չէ «ex officio», նախաքննության մարմին էլ չէ։
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ, փաստորեն իր դեմ ցուցմունք տալով, հայտնում է մեր ժողովրդին, որ ՀՀ-ում հարուցվող ցանկացած իրեն հետաքրքրող վարույթի և դրանց շրջանակներում իրականացվող օպերատիվ միջոցառումների վերաբերյալ ստանում է տեղեկություններ և ըստ քաղաքական նպատակահարմարության օգտագործում իր ընդդիմախոսների դեմ։
Միայն նախաքննական մարմնին վերապահված՝ գաղտնի տեղեկություններին տիրապետելով՝ գործող վարչապետը քաղաքական հետապնդում է իրականացնում ողջ քաղաքական դաշտի և անհամաձայն քաղաքացիական հասարակության նկատմամբ։
Հարկ է նաև ընդգծել, որ նախաքննություն իրականացնող մարմինները, որոնք այդ տեղեկությունները ներկայացնում են վարչապետին, ով ի պաշտոնե դրանց տիրապետելու իրավասություն չունի, նույնպես հանցագործություն են կատարում։
Այս արձանագրումներն արդեն իսկ ունեն քաղաքական և իրավական նշանակություն։
Օրը կգա, հետևանքները կտեսնեք…