Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավերեց երկիրը մեր, բոլոր կառույցները քանդեց, հասել է Էջմիածնին. եկեղեցականների նկատմամբ այս հետապնդումները սարսափելի են, սա նորություն է մեր պատմության մեջ»

Հունիս 30,2025 13:00

«Առավոտի» զրուցակիցն է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

– Տիկին Ալեքսանյան, ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների կողմից հոգեւորականների եւ ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող գործողությունները։ Մենք ականատես եղանք տեսարանի, երբ ԱԱԾ-ականները գործողություններ իրականացրեցին նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում։ Ի՞նչ է սա։

– Սա ակնհայտ քաղաքական նպատակներով է իրականացվում։ Սամվել Կարապետյանի դեպքից սկսած մենք տեսանք, որ սա այդ նպատակն է հետապնդում։ Այս մթնոլորտը շատ ճնշող է՝ լցնել ԱԱԾ աշխատակիցներին Էջմիածին։ Ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքին, որ ԱԱԾ տնօրեն չկա նշանակված, եւ առանց պետի էլ իրենք իրենց անելիքն անում են։ Երեւի մեկ մարդ պետք է այս բոլոր կառույցները ղեկավարի, այդպես էլ արվում է։ Եկեղեցականների նկատմամբ այս հետապնդումները սարսափելի են, սա նորություն է մեր պատմության մեջ։ Ապականում են Էջմիածինը, հոգեւորականներին, մարդկանց մեկ նախադասություն ասելու համար հետապնդում են։ Ասում են՝ «ահաբեկչության նախապատրաստություն», ո՞ւր են ձեր հիմքերը։ Ես չեմ տեսնում այդ հիմքերը, Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ թաքնված զենքեր կան։ Բայց ո՞ւր են այդ թաքնված զենքերը։ Ամենասարսափելին այս ամենն անելու մոլուցքն է, մոլագարի նման ընկել են մարդկանց հետեւից։ Սա նորմալ իրավական գործընթաց չէ։ Դուք բերեք ձեր ապացույցները, եթե այդքան համոզված եք ձեր մեղադրանքներում։ Փաստաբաններին թույլ չեք տալիս այս կամ այն գործողությանը մասնակցել, դուք նախաքննության գաղտնիությունը չեք պահում։ Նախապես հրապարակել են սրբազանի ձայնագրությունները, դա ի՞նչ ապացույց է, ես չեմ հասկանում։ Դիտավորությամբ դա հրապարակել են՝ մարդկանց գլուխները լցնելու համար։ Եվ այդ իրավական տգիտությունը, որ կա մեր ժողովրդի մեջ, դա են հաշվի առել։ Մտածում են՝ եթե ձայնագրությունը կա, ուրեմն վերջ։ Դե «սամասուդ» արեք, եւ վերջ։

– Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «նոր հոկտեմբերի 27 կանխեցին»։

– Ի՞նչ հոկտեմբերի 27, դա անգամ ծիծաղելի է։ Եթե իրենք քննություն կատարեին, մեզ ցույց տային ինչ-որ ապացույցներ, որ սա հոկտեմբերի 27 է… Ես շատ լավ եմ հիշում, հետեւել եմ հոկտեմբերի 27-ի գործի ամբողջ ընթացքին, սա ի՞նչ հոկտեմբերի 27, ո՞վ է զոհվել, ի՞նչ եք կանխել։ Մի հատ կիսագրագետ փաստաթուղթ են հանել, երկու ձայնագրություն, եւ վերջ։ Իրենք այնպես են ներկայացնում, որ արդեն տեղի է ունեցել այդ «ահաբեկչությունը», բայց մենք ենք ահաբեկված այս կանխատեսելի հետապնդումներով։

– Ինչի՞ց են վախենում իշխանությունները, ինչո՞ւ են նման քայլերի գնում։

–  Ես կարծում եմ, որ նպատակներից մեկն ընդդիմության գլխատումն է։ Չգիտեմ՝ թուրքական պահանջներն են կատարում, քանի որ այս գործողություններն անցկացվում են Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի՝ Մայր Աթոռի մասին հայտարարություններին զուգահեռ։ Նաեւ նախընտրական պայքար են տանում՝ իշխանության մնալու համար։ Չեմ կարող կոնկրետ պատճառ ասել, այս ամբողջը խառնվել է։ Եվ այս քաոսը, մարդկանց շրջանում ահաբեկման մթնոլորտ ստեղծելն այս նպատակն ունեն՝ միայն թե մնա իր աթոռին։ Դուք ի՞նչ եք արել Հայաստանի համար, ավերեց երկիրը մեր, բոլոր կառույցները քանդեց, հասել է Էջմիածնին։

Նախքան այս ձերբակալությունները, Նիկոլ Փաշինյանի խուլիգանական հայհոյանքներն էինք լսում՝ գրառումների տեսքով։ Դա երեւի նախնական «իրավական» փուլն էր, դրանից հետո սկսեցին ձերբակալությունները եւ նախաքննական գաղտնիքի հրապարակումը։ Փաստորեն, նախաքննական գաղտնիքը գործում է միայն փաստաբանների համար, բայց մնացածին հասանելի են այդ տեղեկությունները։ Ու թե ոնց են լծվել այս ամենին, ցավոք սրտի, քաղհասարակությունն էլ է լծվել այս գործին եւ հիմա գեթ մեկ մարդու չեն պաշտպանի։ Բոլորը դարձել են իշխանության համախոհ, անպատկերացնելի վիճակ է ուղղակի։ Եվ հենց այս մոլագար վիճակը ցույց է տալիս նրանց ապացույցների սնանկությունը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30