Լրահոս
Օրվա լրահոսը

Անտառապահների գործը 2019-ից դատարանում է

Հունիս 30,2025 12:00

Արմեն Շառյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. ապրիլի 15-ին Նորաշենի անտառպետության տարածքում, Ճամբարակ համայնքի բնակիչներ Վահե Դանիելյանի եւ Մաթեւոս Լազարյանի հետ բռնություն էր գործադրել մասնաճյուղի տարածքում գարնանային ստուգումներ իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, Հայանտառ ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Նորայր Պապյանի նկատմամբ՝ ոտքերով հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին եւ առողջությանը պատճառելով թեթեւ վնաս, երբ վերջինս փորձել է բացահայտել եւ արձանագրել փայտանյութի ապօրինի դուրսբերումը:

Դատական գործընթացներ, որոնք սկսվեցին 2019թ. օգոստոսից, երբ Տավուշի մարզի դատախազությունը գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկեց մարզի դատարան, չավարտվեց նաեւ հունիսի քսանյոթին, ՀՀ վճռաբեկ դատարանում, այն կրկին բեկանվեց՝ ուղարկվեց վերաքննիչ քրեական դատարան, նոր քննության:

Նշեմ, որ մեղադրյալների համար խափանման միջոց էր ընտրվել գրավը:

Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը ինքնաբացարկ հայտնեց, քանի որ նա քավոր-սանիկային հարաբերությունների մեջ էր գտնվում Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Արթուր Զարգարյանի հետ, դատախազը դատավորի հարսանիքի կնքահայրն էր: Դատավոր Սամվել Մարդանյանի դատավճռով, որը կայացվեց 2023թ. դեկտեմբերի 20-ին, Հրայր Լազարյանը դատապարտվեց 1 տարի 11 ամիս 26 օր ժամկետով ազատազրկման, Մաթեւոս Լազարյանը՝ 2 տարի 4 ամիս 18 օր ազատազրկման, Վահե Դանիելյանը դատապարտվեց 2 տարի 5 ամիս 1 օր ժամկետով, Արմեն Շառյանն էլ դատապարտվեց 2 տարի 4 ամիս 8 օր ժամկետով ազատազրման, բոլորին տրվեց մեկ տարի փորձաշրջան, պատիժը պայմանականով նրանք չեն կրի:

Գործը ծավալուն էր, տասնութ հատոր: Մեղադրող Աղասարյանը բողոք բերեց, որով պահանջում էր պատժի կրման մասով բեկանել եւ փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2023թ. դեկտեմբերին կայացված դատավճիռը՝ 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ճանաչել անթույլատրելի:

2024թ. մայիսի 7-ին մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, իսկ գրավները վերադարձնել գրավատուին:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Պողոսյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանում էր 2024թ. հոկտեմբերի 24-ից:

Երեկ Վճռաբեկ դատարանից տեղեկացանք, որ դատարանը լսել է երեքի դեմ բերված բողոքը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Մ.Լազարյանին, Վ.Դանիելյանին եւ Ա.Շառյանին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ ստորադաս դատարանի հետեւությունն իրավաչափ չէ։

Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 5.1-րդ կետում նշված փաստարկին եւ դրա հետ փոխկապակցված պահանջին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սահմանափակված լինելով վիճարկվող դատական ակտում քննարկված հարցերի շրջանակով, իր վերստուգիչ լիազորությունն իրացնելիս չի կարող քննության առարկա դարձնել մեղադրյալներ Մ.Լազարյանի, Վ.Դանիելյանի եւ Ա.Շառյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափությունն այն պարագայում, երբ Վերաքննիչ դատարանն այդ հարցին անդրադարձ չի կատարել։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս գործով Վերաքննիչ դատարանը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով մեղադրյալներ Մ.Լազարյանի, Վ.Դանիելյանի եւ Ա.Շառյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելով եւ քրեական վարույթը կարճելով, թույլ է տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել է 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի, մեղադրյալներ Մ.Լազարյանի, Վ.Դանիելյանի եւ Ա.Շառյանի մասով Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու ու վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու հիմք է։

Վճռաբեկ դատարանը հղում էր կատարել ՀՀ նախկին եւ գործող քրեական օրենսդրությունների վերաբերելի իրավակարգավորումների համադրված Խաչատուր Պետրոսյանի եւ Հասմիկ Շանոյանի գործով նախադեպային դիրքորոշմանը: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս դեպքում օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետեւանքով նախկինում ծանր համարվող հանցանքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք։ Միջին ծանրության հանցանք համարվող այդ նույն արարքի վաղեմության ժամկետը նոր օրենքով չի փոփոխվել եւ ՀՀ նախկին քրեական օրենսգրքով ծանր հանցանքի համար նախատեսված վաղեմության ժամկետի պես, տասը տարի է։ Հետեւաբար, այս դեպքում եւս կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի եւ պատժի մասով՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30