Արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բովանդակությանը, երբ Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքի նախնական վարույթով Վճռաբեկ դատարանի համար չի նախատեսում պարտականություն՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելիս հիմնավորապես, այսինքն՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ եւ կոնկրետ չափանիշներին հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի անհամապատասխանության մասին փաստարկումներով պատճառաբանել վարույթ ընդունելու պայմանների անբավարարությունը՝ դրանով իսկ փաստացի թույլ տալով, որպեսզի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը որոշելիս Վճռաբեկ դատարանը դրսեւորի ոչ թե պարտադիր, այլ հայեցողական լիազորություն՝ դրանով վերջին դատական ատյանում իրավունքի դատական պաշտպանությունը փաստացի դարձնելով ոչ արդյունավետ կամ ոչ գործնական:
Առաջին անգամ չէ, որ Սահմանադրական դատարան է ներկայացվում անհատական դիմում, նման հարցադրմամբ:
Հունիսի 24-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց Հայկ Սմբատյանի գործով որոշումը (նրա ներկայացուցիչը Անդրանիկ Մանուկյանն էր):
Դիմողի պնդմամբ՝ «…այն դեպքում, երբ բողոքաբերը Վճռաբեկ դատարանից չի ստանում այն հարցի պատասխանը, թե փաստարկված կամ պատճառաբանված ո՞ր դատողությամբ է պայմանավորված վճռաբեկ ատյանում իր իրավունքի դատական պաշտպանության մերժումը, ապա բողոքաբերի համար Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը վճռաբեկ ատյանում կրում է ոչ արդյունավետ կամ ոչ գործնական, այլ խոսքով՝ ձեւական կամ պատրանքային բնույթ՝ այնքանով, որքանով թեկուզեւ բողոքաբերը ձեւական առումով զրկված չի լինում վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորությունից, այնուամենայնիվ, բողոքաբերի համար արդեն պարզ է լինում, որ վճռաբեկ ատյանում իր իրավունքի դատական պաշտպանության մերժումը չի պատճառաբանվել, այլ խոսքով՝ պայմանավորված է եղել հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի ընդունելիության հարցը որոշող դատավորների սուբյեկտիվ կամքով»: Այսինքն, Վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքն անձի համար սահմանափակվում է՝ Վճռաբեկ դատարանի դատավորների կամքով պայմանավորված:
Կարդացեք նաև
Դիմողը նաեւ նշում է, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումները պատճառաբանված դարձնելու «բանալին» բացառապես այն է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով ուղղակիորեն սահմանվի, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելիս Վճռաբեկ դատարանը պարտավոր է հիմնավորապես, այսինքն՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ եւ կոնկրետ չափանիշներին հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի անհամապատասխանության մասին փաստարկումներով, պատճառաբանել հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պայմանների անբավարարությունը:
Դիմողը նշել է Սահմանադրական դատարանի՝ 2023թ. դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշումը, դրանում արտահայտած իրավական դիրքորոշումներին, գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից տրված համապատասխան ուղենշային դիրքորոշումները, փաստորեն, չեն եղել բավարար, որպեսզի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնելիս Վճռաբեկ դատարանը «ստիպված լինի» պատճառաբանել, թե բովանդակային ո՞ր հանգամանքների բացակայության բերումով է, որ մերժում է բողոքաբերի դատական պաշտպանության իրավունքի իրացվելիությունը վճռաբեկ ատյանում:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական գործերով ուղենշային դեր ունի ՍԴՈ-1628 որոշումը՝ «Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների պատճառաբանվածության կարեւորության մասով»: Սահմանադրական դատարանը գտնում է, որ թեեւ այն վերաբերում է քաղաքացիական դատավարությանը, սակայն ՍԴ դիրքորոշումը հիմնված է Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ դատական ակտի պատճառաբանվածության ընդհանրական սահմանադրական պահանջին, որը նույնական է նաեւ քրեական դատավարության շրջանակում հատուկ վերանայման բողոքների վերաբերյալ կայացվող Վճռաբեկ դատարանի ակտերի նկատմամբ։ Սահմանադրական դատարանն արձանագրել է՝ սույն սահմանադրական վեճի լուծման նպատակով հիշյալ որոշմամբ իր արտահայտած իրավական դիրքորոշումից շեղվելու պատճառ չի տեսնում: Այդ որոշմամբ՝ ՍԴ-ն որոշել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանի՝ հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը՝ դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաեւ դրան հանգեցրած պատճառաբանությունը։ ՍԴ-ն մերժել է անհատական դիմումով գործի քննությունը:
Ուշագրավ է, որ նույն օրվա որոշումներով ՍԴ-ն մերժել է Արմեն Նազարյանի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայկ Մելքոնյանի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի, Հարություն Ներսիսյանի՝ ՀՀ քրեակաբն դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածների ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցով որոշումները:
Միայն վերջինը չի մերժվել, նշանակվել է հուլիսի 29-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.06.2025