«Տեղեկություն ստացվեց, որ Միքայել սրբազանի հայտարարության հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել: Երբ այդ տեղեկությունը գնաց ԶԼՄ-ներով, հաջորդ օրը, երբ Մայր Աթոռում հրավիրված էր քահանաների ժողով, առավոտյան ԱԱԾ ծառայողները ներկայացել էին Մայր Աթոռ եւ ցանկանում էին ձերբակալել Միքայել սրբազանին: ԱԱԾ ներկայացուցիչների հետ ես ինքս էլ սկսեցի խոսել, որովհետեւ մենք մեկ օր առաջ արդեն Միքայել սրբազանի պաշտպանական թիմն էինք ձեւավորում՝ հասկանալով, որ գործընթացներ են տեղի ունենալու:
Իրենք ասում էին՝ մենք ունենք քննիչի որոշում, պետք է ձերբակալենք: Քանի որ Միքայել սրբազանը քահանաների ժողովի համակարգողն էր, եւ մոտ 200 քահանա մասնակցում էր այդ ժողովին, իրենց առաջարկվեց, որ գոնե քահանաների ներկայությամբ դա չանեն, այլ երբ ժողովն ավարտվի, Միքայել սրբազանն ինքը կամովին ներկայանա քննչական մարմին, (ինչը Միքայել սրբազանի որոշումն էր), քանի որ մտահոգվելու բան չունի»,- ասուլիսում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմի անդամ Արա Զոհրաբյանը:
Փաստաբանի խոսքով, ԱԱԾ ներկայացուցիչները, սակայն, չեն համաձայնել, ասել են՝ պետք է կատարեն քննիչի որոշումը. «Այդ ժամանակ նրանց ասացինք՝ մենք քննարկելու բաներ ունենք, առանձնացանք Միքայել սրբազանի հետ եւ առանձին սկսեցինք քննարկել, թե ինչ տարբերակներ կան…Կար երկու տարբերակ. առաջինը՝ կամովին գնալ, տարբերակ երկու՝ հարկադրաբար տանեն: Երրորդ տարբերակ չկար, ինչքան էլ հիմա զգացմունքային դաշտում փորձում ենք ասել, որ կա երրորդ տարբերակ: Միքայել սրբազանն ասաց՝ ես ուզում եմ գնալ: Քանի որ գիտեինք, որ երկրորդ տարբերակը՝ բռնի ուժն է կիրառվելու, այդ ընթացքում, երբ Միքայել սրբազանի հետ բանակցում էինք, եւ այդ ԱԱԾ ծառայողներն էլ դրսում սպասում էին մեր պատասխանին, տեղեկացանք, որ դիմակավորված հատուկ ջոկատայիններն են ներխուժել Մայր Աթոռի տարածք: Նաեւ ամբողջ էջմիածին քաղաքն էր լցված ոստիկանական ուժերով:
Կարդացեք նաև
Մենք գնացինք քահանաների մոտ, որպեսզի Միքայել սրբազանը քահանաներին ներկայացնի իրավիճակը: Մեր քահանաների մոտ օբյեկտիվորեն վրդովմունք առաջացրեց այդ վիճակը, իրենք դա վերագրեցին նրան, որ սա ուղղված է եկեղեցու դեմ, որովհետեւ դիտավորյալ հատուկ ընտրել են այն օրը, երբ քահանաներն են ներկա, եւ Մայր Աթոռից բերման ենթարկելով ինչ-որ առումով ուզում են ջարդել եկեղեցուն: Քահանաների մեծ մասն ասաց, որ խորհուրդ են տալիս չգնալ: Երբ Միքայել սրբազանի եւ հոգեւորականների հետ քննարկում էինք մեր անելիքները, այդ ժամանակ դրսից աղմուկ լսվեց, դուրս եկանք, տեսանք, որ ոստիկանները փորձում են հրել մեր քահանաներին, որպեսզի ներխուժեն ներս ու ձերբակալեն Միքայել սրբազանին: Մենք միջամտեցինք, ասացինք՝ դիտավորյալ ուժ մի կիրառեք ու մի սրեք իրավիճակը, որովհետեւ Միքայել սրբազանը պատրաստ է ներկայանալ քննիչի մոտ, բայց թողեք մենք տեխնիկական պայմանները քննարկենք, որովհետեւ դուք հիմա այսքան մարդու վրդովմունքն եք առաջացրել»:
Արա Զոհրաբյանը հավելեց, որ Միքայել սրբազանն ասել է՝ ես ուզում եմ գնալ, վախենալու բան չունեմ՝ տեղյակ լինելով իրավական հետեւանքների մասին: Այնուհետեւ սրբազանը խոսել է լրագրողների հետ՝ ուղեւորվելով մեքենան, սակայն ժողովուրդը թույլ չի տվել, որ նա գնա եւ ստիպված կրկին վերադարձել է շենք:
«Դրանից հետո ոստիկանները եւ ԱԱԾ ծառայողները մի երկու անգամ գրոհ կազմակերպեցին, ժողովուրդը կրկին չթույլատրեց: Այդ ընթացքում մենք ԱԱԾ ծառայողների հետ բանակցությունների մեջ էինք, իրենց ասում էինք ավելորդ պատմություն մի սարքեք, դիտավորյալ մի արեք այդպիսի բան, մարդն ասել է՝ ես ուզում եմ գալ, ինչու եք ԱԱԾ եւ ոստիկանական ուժերով փորձում սրել իրավիճակը: Տեսնելով, որ իրավիճակը լարվում է, ոստիկանական ուժերը հեռացան: Բայց մենք ունեինք մտահոգություն, որ կարող էին նորից հետ գալ, նվաստացուցիչ պայմաններով ձերբակալել սրբազանին: Կրկին մեքենան նստելու փորձ արվեց, եւ էլի չստացվեց: Այնուհետեւ սրբազանն ասաց, որ ոտքով կգնա, ոտքով քայլեց մի հատված, հետո մեքենայով ուղեւորվեցինք քննչական կոմիտե:
Ամբողջ ճանապարհին մտածում էի, որ իրենք կարող են փորձել ինչ-որ օպերացիա անել, նույնիսկ փորձեցին Միքայել սրբազանի ձեռքերը կոմիտեի դիմաց բռնել, չթույլատրեցինք, եւ Միքայել սրբազանն իր կամքով մինչեւ քննիչի սենյակ հասավ առանց բռնի ուղեկցության: Երբ արձանագրության մեջ իրենք գրում էին՝ ձերբակալեցինք եւ այլն, մեր պաշտպանական թիմի կողմից այդ ուղղումը կատարվեց, որովհետեւ Միքայել սրբազանը մինչեւ քննիչի սենյակ եկել է կամովին»,-հիշեցրեց փաստաբանը:
Ինչ վերաբերվում է վարչապետի թեկնածու առաջադրվելուց հրաժարվելու հայտարարությանը, այս մասին էլ Զոհրաբյանը նշեց. «Համացանցում կար տեղեկություն, որ Էդմոն Մարուքյանն առաջարկել է վարչապետի թեկնածու Միքայել սրբազանին, Հայաստան դաշինքն էլ քննարկել է ու համաձայնել: Մենք 5 պաշտպաններով քննչական կոմիտեում Միքայել սրբազանի հետ առանձին քննարկել ենք մեր անելիքները: Մեր խնդիրը առաջնահերթ Միքայել սրբազանի շահերն են, մեր շահերից էլ բարձր: Իրեն մեղադրում են ռազմական հեղաշրջման, ասում են՝ իշխանությունը զավթելու կոչերով եք հանդես եկել, մինչդեռ սրբազան ասում է՝ այդպիսի կոչեր չեմ արել , քննադատություն է դա, եւ զուգահեռ պրոցես է գնում, որով ասում են՝ ինքը վարչապետի թեկնածուն է:
Կարծես ուզում են դիտավորյալ կապակցեն, հիմնավորեն այս կոչերի տրամաբանական կապը: Երբ եկեղեցու բակում լրագրողները սրբազանին հարց էին տվել, նա ասել էր՝ այո, ասել եմ, լավ եմ արել, էլի եմ ասում: Այդ հատվածը իրենք բերել են դատարան եւ փորձում էին ապացուցել, որ ինքը նորից նույն հանցագործությունը կատարել է՝ որպես կալանքի հիմնավորում: Իրենք ամեն ինչ ֆիքսում են, որ մի բան պոկեն եւ օգտագործեն սրբազանի դեմ: Դրա համար հենց այդտեղ սրբազանի համաձայնությամբ մեր 5 պաշտպանների ներկայությամբ այդ տեքստը կազմվեց, որը որոշեցինք հրապարակել»,-հայտնեց Միքայել սրբազանի պաշտպանական թիմի անդամը:
Ասուլիսն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ