Լրահոս
Օրվա լրահոսը

«Խելագարության կանխավարկածի խնդիր կա․ մեզ հետ պայքար է տարվում՝ առանց կանոնների մարտի ձեւաչափով»․ Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ-ը պետականացնելու նախագծի մասին

Հունիս 30,2025 12:49

Անցած տարիների ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից անգամ ակնարկ չի եղել, որ խնդիրներ կան ՀԷՑ-ում, առավել ևս՝ այնպիսիք, որոնք կարող են բերել գործունեության կասեցման։ Մարմինը, որը պետության կողմից լիազորված է վերահսկել ՀԷՑ-ի աշխատանքը, երբեւէ իրավիճակը չի գնահատել «այնքան վատ», որ շահագործման լիցենզիայից զրկելուն հանգեցնեն․ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Նա որոշ թվային տվյալներ հրապարակեց․ 2023-22 թվականների համեմատ, 2024-25-ին հոսանքազրկումների ցուցանիշը ՀՀ ամբողջ տարածքում բարելավվել է շուրջ 8.7 տոկոսով․ «2023-ին, ՀԾԿՀ–ի տեղեկանքի համաձայն, հոսանքազրկումների ցուցանիշը ՀՀ ամբողջ տարածքում 2022-ի համեմատ բարելավվել է շուրջ 8.7 տոկոսով։ Հոսանքազրկումների միջին տեւողությունը բարելավվել է 18.1 տոկոսով, իսկ հոսանքազրկումների վերականգնման միջին տեւողությունը` 12.85 տոկոսով։ Սա փաստում է, որ այն մարմինը, որը պետության կողմից լիազորված է համակարգելու հանրային ծառայությունների ոլորտը, երբեւիցե եւ որեւիցե ձեւով չի գնահատել ՀԷՑ-ի աշխատանքն այնքան վատ, որ կարող է հանգեցնել այսպիսի զարգացումների»։

Դավիթ Ղազինյանը նաեւ հավելեց, որ 2023-ի ներդումային ծրագիրն ընկերությունը կատարել է 91.8 տոկոսով․ «Քանի որ կարծիք կա, որ ՀԷՑ-ը մեծ ծախսեր է անում, ինչ ուզում՝ անում է` նշեմ, որ ՀԾԿՀ–ին բացառիկ իրավունք է տրված չընդունել այն ծախսերը, որոնք ոչ նպատակահարմար են համարում, կամ ուռճացված»։

Նա նաեւ հայտարարեց, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների աուդիտի արդյունքում զրոյական բալանս է փակվել։

Դավիթ Ղազինյանն ասաց, որ ՀՀ կառավարությունն այս ընթացքում՝ Սամվել Կարապետյանի շուրջ զարգացած իրադարձություններից ի վեր, որեւէ քայլ չի արել ընկերության հետ երկխոսելու՝ փորձելու խնդիրները հասկանալ։ Իր բնութագրմամբ, դա չի արվել, քանի որ «վախենում են, որ քննարկումների արդյունքում իրենք սխալ դուրս կգան»։

Անդրադառնալով ՀԷՑ-ը պետականացնելու նախագծին, որը քննարկվելու է վաղը հրավիրված ԱԺ արտահերթ նիստում, Դավիթ Ղազինյանն ասաց․ «Այստեղ խելագարության կանխավարկածի խնդիր կա»։

«Մեզ հետ պայքար է տարվում՝ առանց կանոնների մարտի ձեւաչափով, մենք պատրաստվում ենք այս գործընթացում օգտագործել բոլոր իրավական ճանապարհները, ներգրավվելով միջազգային գործընկերներին։ Մենք ունենք ուժեղ իրավաբանական թիմ, մենք ճիշտ ենք, իսկ ճիշտ լինելը մեզ ուժեղացնում է մի քանի անգամ»,- ասաց Դավիթ Ղազինյանը՝ հավելելով, որ շատ վատ արձագանքներ են ստանում միջազգային գործընկերներից։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Պայքարի ռազմավարության շահերից ելնելով՝ Դավիթ Ղազինյանը իրենց ռազմավարության շատ մանրամասների մեջ չմտավ, միայն ասաց, որ իրենց համար գործընթացը սկսված է Սամվել Կարապետյանի ապօրինի ձերբակալումից սկսած։

Դավիթ Ղազինյանը նաեւ հիշեց, որ 2015-ին ռուսական ընկերությունը դիմել էր մոտ 45 տոկոս՝ 20 դրամ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու համար, բայց պետությունը զսպեց դա, հոսանքի գինը բարձրացրեց 5 դրամ եւ ՀԷՑ-ը ձեռք բերեց Սամվել Կարապետյանը։ 2015-ից հոսանքի թանկացում չի եղել․ «Լավ էլ ի՞նչ անի Սամվել Կարապետյանը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Սպուտնիկի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30