Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր իրավապահները վատ սովորություն ունեն՝ փորձում են իրականացնել վարչապետի ցանկությունները. Միքայել սրբազանի պաշտպան

Հունիս 30,2025 13:34

«Ամենակարեւոր հարցը, որ պետք է անդրադառնանք այն է՝ ընդհանրապես այստեղ առկա՞ է հանցագործություն, թե՞ սա շինծու մեղադրանք է: Իհարկե, ակնհայտ ապօրինի եւ ակնհայտ անհիմն մեղադրանք է , եւ ընդհանրապես հանցագործության հետ կապ չունի: Ընդ որում, սա միայն մեր դիրքորոշումը չէ, նաեւ դատախազության, քննչական մարմնի դիրքորոշումն է եղել, մինչեւ այն պահը, երբ վարչապետը սկսել է թիրախավորել Միքայել սրբազանին: Ինչու եմ ասում՝ մինչեւ այդ պահը, որովհետեւ ժամանակագրությունը շատ հստակ է»,- ասուլիսում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը:

«Դատախազությունն ասում է ՝ իբր 2025թ հունիսի 21-ի հայտարարությունը եւս սրա համար հիմք է հանդիսացել, բայց հունիսի 4-ից իրենք այս պրոցեսն արդեն սկսել են: Դատախազությունն իր նախաձեռնությամբ այդ հրապարակումն ուղարկել է ոստիկանություն, ոստիկանությունն իբր թե հաղորդում է պատրաստել, ուղարկել քննչական, քննչականը վարույթը նախաձեռնել է: Երբ հետ ենք գնում, թե հունիսի 4-ը ինչ հետաքրքրություն ունի իր մեջ, տեսնում ենք, որ հունիսի 3-4-ին վարչապետն ուղիղ թիրախավորում էր Միքայել սրբազանին: Այսինքն, եթե ամեն ինչն ընդհանրապես հոգեւորականության հետ էր կապված, այդ օրերին ուղիղ Միքայել սրբազանի հետ է կապված եղել:

Մեր իրավապահները վատ սովորություն ունեն, տեսնում են՝ ինչ է ցանկանում վարչապետը, իրենք միանգամից այդ բոլոր ցանկությունները փորձում են իրականություն դարձնել: Ամսի 3-4-ի հետ կապված հրապարակումներից հետո իրենք տեսնում են 2024-ին՝ մեկ տարի առաջվա Միքայել սրբազանի հարցազրույցը, վերցնում են դա ու փորձում շրջանառել»,- փաստեց փաստաբանը:

Ինչ վերաբերվում է հունիսի 21-ի հաղորդմանը, հայտարարությանը, հրապարակմանը, այս մասին էլ նշեց. «Երբ մենք իրենց հարցրել ենք, որ նույն հաղորդման մեջ երկու տարբեր հրապարակում եք նշել, կասե՞ք, թե այդ երկուսն ինչ են, արդյոք առանձին հանցագործություննե՞ր են, պաշտոնական պարզաբանումը եղել է հետեւյալը՝ երկրորդ հրապարակումը առաջինի վերահաստատումն է: Այսինքն, դա ինքնին առանձին հանցագործություն չէ, հետեւաբար նույն տրամաբանությամբ այս երկու հրապարակումները կարող են լինել 2023թ պատերազմական ժամանակի վերահաստատումը»:

Երեմ Սարգսյանն անդրադարձավ նաեւ Դանիել Իոաննիսյանի հայտնի հարցմանն ու ստացված պատասխանին. «Սա քաղաքական հետապնդում է, եւ դատախազությունն իր դիրքորոշումը 360 աստիճանով փոխում է՝ բացառապես վարչապետի հայտարարությունների եւ գուցե հանձնարարությունների արդյունքում: 2023թ. սեպտեմբերի 26-ի հարցազրույցում «ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կվերածվի Էրմենիստանի»՝ իրենք այս հաղորդումը, երբ ուսումնասիրել են, նույն դատախազությունը գրել է, որ հաղորդման մեջ նկարագրված հանգամանքները չեն հաստատում այնպիսի դեպք, գործողություն, անգործություն, որ ենթադրյալ հանցագործություն է:

Իսկ դատարանում մեղադրանքի կողմը՝ քննիչը, դատախազն ասում են, որ այս ամբողջ հարցազրույցում հիմնական խնդիրն այն է, որ Միքայել սրբազանն ասում է՝ ռազմական հեղաշրջում պետք է արվի, գեներալիտետը, ուժային կառույցները պետք է անեն: Հիմա հարց ենք տալիս, ասում ենք ընկերներ՝ 2023 թ. ռազմական հեղաշրջում, գեներալիտետ, նույն բաների վերաբերյալ հայտարարությունները դուք չեք դիտել հանցագործություն, ինչպե՞ս եղավ, որ հիմա հանցագործություն է: Իրենք առաջին փուլում ասացին, որ տեղյակ չեն սրա մասին: Սա ամենաառաջին աբսուրդն էր, որ դատախազությունն իբր թե տեղյակ չէ, այնինչ նույն պաշտոնատար անձն է այս ամեն ինչի մեջ շրջանառվել»:

Երեմ Սարգսյանն ընդգծեց. «Քրեական դատավարության օրենսգիրքը եւ Սահմանադրությունն արգելում են կրկին դատվելը, իսկ կրկին դատվելն այն չէ, որ պետք է դատավճիռ լինի: Խոսքն այն մասին է, որ եթե պետությունը նույն հանցագործության, նույն արարքի հետ կապված, նույն դրվագով գտնում է, որ անձի արարքում հանցագործություն չկա, քրեական հետապնդում չի հարուցում նրա նկատմամբ, ուրեմն քանի այդ որոշումն ուժի մեջ է, պետությունը չի կարող նույն հանգամանքներով անձի նկատմամբ նորից վարույթ հարուցել»:

Ասուլիսն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30