ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսում անդրադարձավ ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումները լուրջ մտահոգություն են առաջացնում։
«Այս ասուլիսին գալուց առաջ հասցրեցի հպանցիկ ծանոթանալ սիրելի գործընկեր Սերգեյ Լավրովի այդ մեկնաբանությանը։ Պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ եւ ամբողջական չէ։ Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովն օգտագործել էր «իշխանությունների պայքար եկեղեցու դեմ» ձեւակերպումը։ Կրկին պարոն Լավրովի տեղեկատվությունը լիովին չի համապատասխանում իրականությանը, Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։ Այն, ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար նկատի ունի եկեղեցական մի քանի գործիչների կողմից ՀՀ քաղաքականությանը խառնվելու, քաղաքական գործընթացներին մասնակցելու եւ համաձայն մեր իրավապահ մարմինների՝ ոչ իրավական ձեւով մասնակցություն ունենալու ցանկության արտահայտմանը։ Այն է՝ ապօրինի հեղաշրջման փորձեր նախաձեռնելու կամ մասնակցելու դեպքը։ Եվ կրկին ուզում եմ ընդգծել՝ սա իրավական գործընթաց էր, սա ՀՀ ներքին գործն է։ Պարոն Լավրովը ավելի լավ է՝ չխառնվի ՀՀ ներքին գործերին ու ներքին քաղաքականությանը»,- ասաց Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա նշեց, որ նույն կոչն ուղղում էր ռուսաստանյան մեդիա փորձագետներին, պատգամավորներին։ ՌԴ եւ պաշտոնյաները, եւ խորհրդարանականները, եւ մեդիա փորձագետները, Միրզոյանի խոսքով, պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանության ու այլեւս երբեք իրենց թույլ չտան խառնվել մեր ներքին գործերին։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտի» կողմից հավելենք, որ քաղաքագետ Արմեն Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել, որ ԱԳ նախարար «նման հորդոր էլ հղի Ալիևին, Մակրոնին ու Էրդողանին»: Հիշեցնենք, որ մասնավորապես Մակրոնը երեկ հայտարարել է. «Շատ լավ հեռախոսազրույց ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայտնեցի Ֆրանսիայի համերաշխությունն՝ ի պատասխան Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի»:
Լուսանկարը՝ արխիվային