«Որպեսզի այս ամբողջ եղելությունը գնահատելը ճիշտ լինի, ուզում եմ ժողովրդին տեղեկացնել, որ այս պահին բանտում են, ու պարզվում է՝ նույն բանտախցում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու երկու արքեպիսկոպոսներ: Արքեպիսկոպոսը եկեղեցու՝ Վեհափառին նախորդող ամենաբարձր եկեղեցական աստիճանն է, որին շատ քչերը կարող են հասնել: Այսինքն, դրա համար պետք է կրթություն, երկարամյա ծառայություն, եկեղեցում ունեցած հարգանք»,-ասաց ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, «Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում:
«Այսինքն, երկու արքեպիսկոպոս մեկ շաբաթվա ընթացքում կալանավորվել են նույն դատավորի կողմից: Դատավոր, որը դատավորի պաշտոնը զբաղեցնելուց առաջ եղել է քաղաքական գործիչ Արամ Սարգսյանի, կուսակցության անդամ:
Երկու սրբազաններն էլ Բարձրագույն Հոգեւոր Խորհրդի անդամ են: Հայաստանյայց Առաքելական եկեղեցում ոչ բոլոր եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսներն են, որոնք ընդգրկված են Բարձրագույն Հոգեւոր Խորհրդում… Ընդ որում, երկուսն էլ բացարձակ անմեղ: Այսինքն, որեւէ հանցանք, որեւէ գործողություն, որը թեկուզ մի նշույլ անգամ հանցանքի տարրեր է պարունակում, չկա»,-ասաց Էդգար Ղազարյանը եւ առանձին-առանձին ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել:
«Բագրատ սրբազանի եւ նրա հետ 15 հոգու ձերբակալություն, որից 14-ը կալանավորված է, մի քանի տասնյակ մարդկանց, այդ թվում՝ մերոնց տան խուզարկություն, որոնց տներում ոչինչ չեն հայտնաբերել: Բայց մարդ կա, որի տանը խուզարկությամբ գիտե՞ք ինչ են հայտնաբերել… Երեւան քաղաքի քարտեզ: Ու պատկերացնո՞ւմ եք, սա Քննչական կոմիտեի հայտարարությունում է ասվում: Գիտե՞ք էլ ինչ է հայտնաբերվել, որի մասին հրապարակվել է: «Խլապուշկաներ», որ երեխաների ծնունդին տորթը փչելիս են օգտագործում: Երկու հատ էլ դրանից է հայտնաբերվել: Խուզարկությամբ հայտնաբերվել է նաեւ մանիշակագույն «ծուխ»՝ 60 հատ: Այդ «ծուխը» ոչ արգելված է, ոչ թույլտվություն է պետք դրա համար, ոչ լիցենզիա: Դրանից ծախում են «Փեթակում»: Դրանով հեղաշրջո՞ւմ են անում: Մինչեւ հիմա էլ, տեսած կլինենք, Սրբազանի հանրահավաքներին մանիշակագույն ծուխ բաց են թողնում: Մեկ էլ հայտնաբերել են օրինական երկու հրացան: Հայաստանում կա 24 հազար որսորդ, որն ունի որսորդական հրացան, այդ հրացանն էլ ունենում է թույլտվություն…
Կարդացեք նաև
Ու այս ամբողջ գործողությունների հիմքը եղել է ընդամենը մեկ օր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող լրատվամիջոցում, որ կոչվում է civic.am, հրապարակված «իշխանափոխության» հինգ էջանոց ինչ-որ մի «պլան», որը ոչ հեղինակ ունի, ոչ վերնագիր:
Զանգվածային կերպով այս ձերբակալությունները կազմակերպել են, իբրեւ հեղաշրջում են կանխել»,-ասաց Էդգար Ղազարյանը ու նկարագրեց Միքայել սրբազանի ձերբակալության պատմությունը:
«Հայտարարությունը՝ իբրեւ թե «բռնության կոչ», ինչի համար, որ իրեն ձերբակալել են, Միքայել սրբազանը հարցազրույցում արել է 2023 թվականի սեպտեմբերի 26-ին: Այսինքն, եթե դա այդպես է, պետք է նրա հետեւից նույն օրը գնային: Դրանից յոթ ամիս հետո՝ 2024 թվականի ապրիլի 25-ին, Դանիել Իոաննիսյանը այդ հարցազրույցի համար հաղորդում է տվել դատախազություն: Ասում է՝ դուք չեք նկատել՝ հիմա իմացեք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը այսինչ օրը հայտարարել է իշխանության բռնի տապալման մասին: Ու դատախազությունը 2024 թվականի ապրիլի 30-ին պաշտոնական գրությամբ պատասխանել է. «Պարզվել է, որ դրանք չեն պարունակում հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործելով իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր: Հաղորդման կապակցությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվում»: Այսինքն, ինչի համար, որ իրենք այսօր բռնել են Սրբազանին, նույն իրենք 2024 թվին ասել են, որ դա հանցակազմ չի պարունակում: Ու սա դատախազության պաշտոնական գրությունն է:
Դրանից հետո անցնում է եւս երկու տարի՝ գալիս է 2025 թիվը, սկսվում է կաթողիկոսի դեմ արշավը: Ու գնում, ձերբակալում են Բագրատ սրբազանին, դրանից երկու օր հետո էլ քննիչը որոշում է կայացնում ձերբակալել Միքայել Սրբազանին»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ