ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը
Շնորհավոր ծնունդդ, պարոն Նախագահ։
Հայության համար մինչ այսօր անխոնջ ծառայող մարդ, ում ավագ ընկեր կոչելու, ումից կյանք ու կռիվ, քաղաքականություն եւ հայրենասիրություն սովորելու պատիվ ունեմ։
Ձեր կարծր բնավորությունից ելնելով՝ Ձեր իրական կյանքն՝ իր ապրումներով, հույզերով եւ հույսերով, Դուք Ձեր ներսում եք ապրում, Ձեր հոգու, սրտի, խղճի եւ մտքի, օտար աչքի համար անհասանելի անկյուններում։
Կարդացեք նաև
Այդ ներսի, միայն Ձեզ հասու ներքին վերսիան է իրական Սերժ Սարգսյանը, ում նույնիսկ Ձեր մերձավոր շրջապատը հաճախ ճշգրտորեն մինչեւ վերջ չի վերծանում։
Պարադոքսների միախառնություն, ով իր համեստությամբ եւ խորաթափանցությամբ ինքն իրեն լոկ Տիեզերքի հատիկ է ընկալում՝ իր մեջ փորձելով տեղավորել այդ նույն Տիեզերքը։
Երբ 20 ամսվա դադարից հետո Ձեզ տեսա առաջին անգամ, խոստովանեցի, որ չգիտեի, ոնց Ձեզ դիմավորեի՝ որքան ուժեղ սեղմեի Ձեր ձեռքը, ինչքան պինդ փաթաթվեի ողջագուրվելիս։
Ձեզ բնորոշ կիսաժպիտով ասացիք. առխային, էդքան չեմ թուլացել։ Ձեզ հետ շփումներից հետ սովորած ուղեղս այլ բան չառաջարկեց պատասխանելու, քան «Ձեզ առանց ինձ էլ շատ են ցավացրել, պարոն Նախագահ»:
Եւ այս ընթացքում հասկացել եմ Ձեզ մինչ այսօր պաթոլիգիկ ատողների շարժիչ գործոնը. Դուք իրենց համար հայելի եք, որի մեջ իրենք տեսնում են սեփական արատներն ու անազնվությունը, որովհետեւ Դուք իրենց նման չեք եւ ողջ կյանքը եղել եւ մնում եք ստանդարտ «քաղաքական գործիչ» մատրիցայից դուրս։ («Սերժի տակ» մնացածների այդ տեսակը Ձեզ քաջ ծանոթ է):
Պաշտոնն էլ գնաց, մերկացնելով, բյուրեղացնելով, պնդացնելով սակայն շատ ավելի կարեւոր ինքնություն՝ իր իմաստնությամբ բարձրաձայն հեղինակություն, որ չես կարող ոչ տալ, ոչ վերցնել. այն կարող ես միայն վաստակել, ինչպես ուժեղ ու պինդ, զենքին, բահին ու գրչին սովոր ձեռքերի կոշտուկ, որը հասու չէ բազում «շոումեններին»։
Խելահեղ թվայնացման դարում Ձեզ ուղղված բյուր մաղթանքներին զուգահեռ մի բան էլ մաղթեմ ինքս ինձ, մեզ եւ Ձեր զավակներին ու թոռներին. արհեստական բանականության մեջ չկորցնենք Ձեզ այդքան բնորոշ մարդկային բարոյականությունը։
Հ.Գ. Հաջորդ հանդիպմանը շատ ավելի պինդ եմ սեղմելու Ձեր ձեռքը։