Պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են տեղեկատվական (հաղորդակցական) տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարված հափշտակություններից (ֆիշինգից) տուժած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ իրավասու մարմիններից ստացված պարզաբանումները:
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մայիսի 5-ին տեղի է ունեցել տեղեկատվական (հաղորդակցական) տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարված հափշտակություններից (ֆիշինգից) տուժած քաղաքացիների և նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահի ընդունելություն:
Հանդիպման ընթացքում քաղաքացիները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են բանկերի կողմից բանկային գործարքների (օնլայն բանկինգի/էլեկտրոնային հավելվածներով իրականացվող գործարքների ընթացակարգերի) անվտանգությանը, այդ թվում՝ անձնական տվյալների պաշտպանությանը, դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողությանը, նախաձեռնված քրեական վարույթներին և այլն։
Միևնույն ժամանակ, քաղաքացիներն իրենց մտահոգությունն են հայտնել առ այն, որ բանկերից ստացվող հաղորդագրությունները, բանկային հավելվածների ծանուցումները, բանկային գործարքների հաստատման կոդերն ուղեկցող հաղորդագրությունները վերջիններս ստանում են օտար լեզվով։ Նշել են նաև, որ այդ պատճառով իրենց մոտ առաջանում է շփոթություն և չեն կարողանում տարբերակել, թե դրանք ուղարկվել են բանկի՞, թե՞ զեղծարարների կողմից։
Կարդացեք նաև
Բարձրացված հարցերն ըստ գերատեսչությունների պատշաճ հասցեավորելու, ինչպես նաև առկա համակարգային խնդիրների կարգավորման համար պետական մարմինների իրավասության սահմաններում ձեռնարկվելիք միջոցառումների ուղղությունները նախանշելու նպատակով Պաշտպանի նախաձեռնությամբ 2025 թվականի մայիսի 20-ին ՄԻՊ աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Կենտրոնական բանկի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի և Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ներկայացուցիչներ։ Հանդիպման արդյունքում քննարկված խնդիրների առնչությամբ Պաշտպանի կողմից պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից և ներկայացվել են առաջարկություններ։
Այսպես, Պաշտպանի ներկայացրած հարցադրումների վերաբերյալ Կենտրոնական բանկը, ի թիվս այլնի, տրամադրել է տեղեկատվություն առ այն, որ վերջին շրջանում հնարավոր ֆինանսական զեղծարարությունների վերաբերյալ հանրային հնչեղություն ստացած դեպքերի առնչությամբ Կենտրոնական բանկը ստացել է մի քանի տասնյակ քաղաքացիներին վերաբերող բողոքներ, որոնք առնչվել են հիմնականում երեք առևտրային բանկերին։ Կենտրոնական բանկի պատասխանատուները հանդիպել և հաղորդակցել են քաղաքացիներին, որ ներկայացված դեպքերն անհատապես ուսումնասիրվելու են Կենտրոնական բանկի կողմից և բոլոր այն դեպքերում, որտեղ առկա կլինեն բանկերի կողմից թույլ տրված օրենսդրության խախտումներ՝ Կենտրոնական բանկը կնախաձեռնի համարժեք վերահսկողական գործողություններ՝ պահանջելով բանկերից անհապաղ վերացնել խախտումները, իսկ այն դեպքերում, երբ օրենսդրության որևէ խախտումներ չեն արձանագրվի և հնարավոր զեղծարարությունները հետևանք են հաճախորդների կողմից իրենց անձնական տվյալները և բանկերի կողմից տրված համապատասխան գաղտնաբառերն այլ անձանց փոխանցման (հաճախորդների վստահությունը չարաշահելու կամ այլ տարբերակներով)՝ համապատասխան բանկերի հետ կքննարկի որոշակի լուծումներ կիրառելու հնարավորությունները: Կենտրոնական բանկը այդ երեք բանկերում նախաձեռնել է վերջիններիս կողմից հեռահար տարբերակով հաճախորդներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ ստուգումներ, որոնց ընթացքում հանգամանորեն ուսումնասիրվել և ուսումնասիրվում են բոլոր հանգամանքները, որոնք կարող են առնչություն ունենալ հնարավոր զեղծարարություններին։
Կենտրոնական բանկը հայտնել է նաև, որ ստացված բողոքների գերակշիռ մասի ուսումնասիրության արդյունքում բանկերի՝ հաճախորդներին նույնականացման գործընթացներում չեն հայտնաբերվել օրենսդրության խախտումներ, սակայն զեղծարարությունների ներկայում տարածված սխեմաների հետ կապված ռիսկերը նվազեցնելու նպատակով Կենտրոնական բանկը բանկերին առաջարկել է հեռահար տարբերակով հաճախորդների նույնականացման գործընթացներում կիրառել՝ նույնականացման առավել խստացված որոշակի լուծումներ, որոնց զգալի մասն արդեն ներդրված են։ Նշված կարճաժամկետ լուծումները, ինչպես նաև զեղծարարության հետ կապված ռիսկերի նվազեցման ուղղությամբ համագործակցության բարելավման հնարավորությունները Կենտրոնական բանկի պատասխանատուները պարբերաբար քննարկում են նաև ՀՀ դատախազության և ՀՀ քննչական կոմիտեի պատասխանատու ղեկավարների հետ:
Ըստ Կենտրոնական բանկի՝ հնարավոր զեղծարարության արդյունքում տուժած հաճախորդների հետ կապված միջանկյալ լուծումներ գտնելու շրջանակներում այդ բանկերն ընդունել են որոշումներ՝ 3-ից 5 տարի ժամկետով հետաձգելու հաճախորդների պարտավորությունների մարումը: Բանկերը նշված որոշումների վերաբերյալ սկսել են իրենց հաճախորդներին տեղեկացման գործընթաց, ինչպես նաև տարածել են համապատասխան հաղորդագրություններ: Այս ընթացքում վարկառուներին վարկի մարման պահանջ չի ներկայացվի, վարկի նկատմամբ տոկոսներ չեն հաշվեգրվի՝ ակնկալելով, որ այդ ժամկետում համապատասխան քրեական վարույթների արդյունքներով կլինեն վերջնական իրավական գնահատականներ։ Համապատասխանաբար նման դեպքերով հաճախորդները համապատասխան գործընթաց սկսելու համար պետք է դիմեն իրենց բանկերին։
Ըստ ստացված տեղեկատվության՝ զեղծարարությունների հետ կապված ռիսկերը նվազեցնելու և զեղծարարության հետևանքների կառավարման հետ կապված ինստիտուցիոնալ լուծումների տեսանկյունից Կենտրոնական բանկը ներկայում որպես երկարաժամկետ լուծումներ քննարկում է նաև հետևյալ կարգավորումների նախագծման և ներդրման հնարավորությունը՝
ֆինանսական համակարգում հաճախորդների նույնականացման միասնական ստանդարտների ներդրում,
ֆինանսական համակարգում զեղծարարությունների ներքին մոնիթորինգի համակարգերի բարելավում,
որոշակի փոքր շեմերի զեղծարարությունների համար միջազգային պրակտիկայում կիրառվող ապահովագրական համակարգի ներդրում:
ՀՀ լեզվի կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն՝ կոմիտեն 2025 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ քաղաքացիներից դիմումներ (բողոքներ) է ստացել Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից ոչ հայերեն՝ հայաբառ-լատինատառ, ինչպես նաև վճարային համակարգերից մեկով իրենց ուղարկվող (ուղարկված) հաղորդագրությունները ոչ հայերեն՝ միայն օտարալեզու և օտարատառ (անգլերեն կամ ուսերեն) կամ հայաբառ-լատինատառ լինելու վերաբերյալ’ կցելով համապատասխան ապացույցներ:
Հիմք ընդունելով «Լեզվի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը՝ կոմիտեն խնդրո առարկա հաղորդագրությունների վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել տարբեր բանկերից, ինչպես նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից: Ըստ ստացված պարզաբանման՝ ընկերության համապատասխան պաշտոնատար անձի նկատմամբ հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ. 2025 թվականի մայիս ամսին նախապատրաստված նյութերը հայցադիմումով ներկայացրել է ՀՀ վարչական դատարան: Տարբեր բանկերի պաշտոնատար անձանց նկատմամբ նախաձեռնվել են վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ, քանի որ խնդրո առարկա բանկերում առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.3-րդ հոդվածով նախատեսված’ գործավարությունը ոչ հայերեն վարելը զանցակազմին համապատասխանող դեպք:
Բարձրացված խնդիրների առնչությամբ Պաշտպանի կողմից գրություններ են հասցեագրվել նաև Գլխավոր դատախազություն և Քննչական կոմիտե։ Նշված մարմինների կողմից ներկայացված պարզաբանումները ստացվելուց հետո ևս կամփոփվեն Պաշտպանի աշխատակազմում։
Բարձրացված հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո և Պաշտպանն իր մանդատի շրջանակում շարունակաբար իրականացնելու է տարատեսակ աշխատանքներ տեղեկատվական (հաղորդակցական) տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարված հափշտակություններից (ֆիշինգից) տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար։
Մարդու իրավունքների պաշտպան