Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը եւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր Երեւանում մամուլի ասուլիսով հանդես եկան։
Ասուլիսին ներկա լրատվամիջոցների մի մասի հարց տալու իրավունքը խախտվեց։ ԱԳՆ աշխատակիցները նախ ճշտում էին, թե ովքեր հարցեր ունեն, այնուհետեւ պարզում էին հարցերի բովանդակությունը։
«Առավոտի» թղթակցին հնարավորություն չտվեցին հարց հնչեցնել, թեպետ հերթագրվել էինք, անհասկանալի էր, թե ինչ սկզբունքով որոշվեց հարց տվողների հերթականությունը։
ԱԳՆ աշխատակիցը նախ փորձեց պարզել, թե ինչ հարց ենք ուզում ուղղել Կայա Կալասին, ապա հարցրեցին, թե ինչ համատեքստում ենք ուզում այդ հարցը ցանկանում հնչեցնել։ Իմանալով հարցի բովանդակությունը՝ մեզ հնարավորություն չտվեցին հնչեցնել հարցը։
Կարդացեք նաև
ԱԳ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատճառաբանեց, թե յուրաքանչյուր բանախոսի երկուական հարց պետք է ուղղվեր ասուլիսի ընթացքում, մյուս լրատվամիջոցները ուղղեցին հարցերը, եւ հարցերի լիմիտը լրացավ։
Նշենք, որ հարց տալու հնարավորություն տվեցին երկու լրատվամիջոցի, ընդհանուր երկու լրագրողի կողմից հնչեց հինգ հարց։ Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ մեկ լրագրողին մի քանի հարց տալու հնարավորություն տվեցին, իսկ մյուսներին զրկեցին հարց տալու իրավունքից, Անի Բադալյանը հիմնավոր պատասխան չտվեց։
Կայա Կալասին ցանկանում էինք ուղղել հարց այն մասին, թե ինչո՞ւ ԵՄ-ն եւ միջազգային մյուս կառույցները գործուն քայլեր չեն ձեռնարկում Ադրբեջանի իշխանությունների գործած հանցագործությունների համար այդ երկրի ղեկավարությանը պատժելու ուղղությամբ։ Արցախում ցեղասպանական գործողությունների հետեւանքով տեղի է ունեցել էթնիկ զտում, արցախցիների՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքի մասին հիշատակվում է ԵԽԽՎ բանաձեւերում, որոնցում հղում կա նաեւ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով Ադրբեջանին կոչ է արվում ապահովել արցախցիների անվտանգ վերադարձն իրենք հայրենիք։ Սակայն այս բանաձեւերն ու որոշումները կյանքի չեն կոչվում։ Տիկին Կալասին ցանկանում էինք հարցնել՝ այսինքն՝ ուժի միջոցով «հարցեր լուծելը» այսուհետ նախադե՞պ է դառնում աշխարհում, միջազգային իրավունքը չի՞ գործում, ինչո՞ւ գործուն քայլեր չեն արվում։
Նաեւ ցանկանում էին պարզել՝ ի՞նչ տեսակետ ունի Կայա Կալասը արցախցիների վերադարձի հարցի վերաբերյալ, ի՞նչ պայմաններում պետք է տեղի ունենա այդ վերադարձը, միջազգային ի՞նչ երաշխիքներով, թե՞ ԵՄ պաշտոնյաները նույնպես կարծում են, որ «Արցախի հարցը լուծված է», ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններն են ասում։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ