Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններն անհրաժեշտ է, որ հնչեն ժամանակին

Հունիս 30,2025 16:04

Ժամանակակից աշխարհի փոփոխությունների համատեքստում կարևոր է հաճախ ունկնդրել ժամանակակից երաժշտական ստեղծագործություններ, որոնք կրում են մեր օրերի շունչը։ Օրերս Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում հնչեցին հայ կոմպոզիտորական դպրոցի տարբեր սերունդների ներկայացուցիչների՝ Լևոն Չաուշյանի, Վահրամ Բաբայանի, Տիգրան Համբարյանի և Վահագն Վարդանյանի կամերային գործերը, որոնք հնարավորություն տվեցին ինչպես արժևորելու, այնպես էլ մտորելու մերօրյա կոմպոզիտորական ու կատարողական երաժշտարվեստի առջև ծառացած խնդիրների շուրջը։ Թեև հաճախ է լինում, երբ մեր կոմպոզիտորների երկերը հնչում են իրենց ստեղծումից շատ տարիներ անց՝ նույնիսկ մի քանի տասնամյակ։ Օրինակ, համերգային այս ծրագրում ընդգրկված չորս գործերից երկուսը՝ Չաուշյանի և Բաբայանի, գրված 2004 և 2017 թվականներին, կատարվեցին առաջին անգամ։

Aravot.am-ի խնդրանքով կոնսերվատորիայի մագիստրատուրայի ուսանող-  երաժշտագետ Սոֆյա Խաչատրյանը ներկայացրեց այդ երկերը:

«2020 թվականին դաշնամուրի համար գրված Լևոն Չաուշյանի «Ինքնամեկուսացված կերպարներ» (Covid-19) ստեղծագործությունը, կարճ ասած՝ փաստագրական վկայություն է, որի 9 մասերը՝ Risoluto, Cantabile, Bravura, Reminiscence, Con ira, Quasi, Devoto, Furioso, Epilogue, արտահայտում են մեկուսացված անհատի հուզական հոգեվիճակները՝ հստակորեն ուղղորդելով կատարողին երաժշտական պատումի մեկնաբանության հարցերում։ Ստեղծագործությունն իր ծրագրային ուղղվածությամբ, ներքին զարգացվածությամբ, հակադիր տրամադրություններով, նոր արտահայտչամիջոցներով, քնարականությամբ և լարված դրամատիզմով արտացոլում է համավարակի ընթացքում կոմպոզիտորի անձնական ապրումները՝ սկսած վճռականությունից ու հույսից մինչև զայրույթ, տխրություն։ Եվ այս ամենի համար Չաուշյանն ընտրել է դաշնամուրն իր հնարավորությունների ողջ սպեկտրով՝ դարձնելով այն իր ես-ի արտահայտիչը»,-ասաց մեր զրուցակիցը:

Մարգարիտ Ասատրյան

Հավելեց նաև, թե «Ինքնամեկուսացված կերպարները» կատարողական տեսանկյունից բարդ ու վիրտուոզ տեխնիկա պահանջող մանրանվագներ են՝ հուզական նրբերանգների, դադարի և լռության, կոնտրաստների շեշտադրումներով, որը հաջողությամբ մեկնաբանեց կոնսերվատորիայի նախկին շրջանավարտ, դաշնակահար Մարգարիտ Ասատրյանը:

Անդրանիկ Աղաջանյան

Թավջութակի համար գրված Վահրամ Բաբայանի N 4 սոնատի մասին խոսելիս, երաժշտագետը հայտնեց հետևյալը «Հեղինակը հետամուտ էր թե՛ ստեղծագործության գաղափարի, թե՛ գործիքի տեմբրային ու արտահայտչական հնարավորությունների լիարժեք բացահայտմանը։ Սոնատի մասերի անվանումները՝ Comodo-Larghetto-Larghetto, որոնք ըստ կոմպոզիտորի բնութագրական նշանակություն ունեն, ոչ թե զուտ տեմպային, այլև բացահայտում են հեղինակի ներսում կուտակված ապրումները և տարբեր հոգեվիճակները։ Այս ամենն արտահայտվում է երաժշտության դանդաղ ու լայն հոսքի միջոցով՝ կատարողից պահանջելով վիրտուոզություն։ Ի դեպ, Անդրանիկ Աղաջանյանը, ով հայ ժամանակակից կոմպոզիտորական երկերի լավագույն կատարողներից է վարպետորեն ներկայացրեց երկը»։

Վահագն Վարդանյան

Ֆլեյտայի և դաշնամուրի համար գրված Վահագն Վարդանյանի «Արիա յոթ վարիացիաներով» ստեղծագործության /2024/ մասին, ուսանող – երաժշտագետի խոսքով՝ այն առանձնացավ ժանրի ինքնատիպ և նորարարական լուծումով, ընդ որում կոմպոզիտորը չի սահմանափակվել ավանդական վարիացիոն սկզբունքների զարգացմամբ։ Ստեղծագործության մասերը (Thema-Adagio. Piu mosso; Var. I – Tempo primo; Var. II – Andante con moto; Var. III – Piu maestoso. L’istesso tempo, andante semplice; Var. IV – Un poco maestoso, rubato molto; Var. V – Doloroso; Var. VI – Con stanchezza; Var. VII – Tempo primo, barcarolla) հաջորդում են միմյանց սահուն՝ առանց հստակ բաժանումների, ստեղծելով զգացմունքների, տրամադրությունների անընդմեջ փոփոխության տպավորություն։

Վիկտորյա Պետրոսյան

Շարունակելով էլ նշեց, որ թե՛ գործիքների ընտրությունը, թե՛ վարիացիոն ձևը՝ հագեցած ազգային ելևեջների և ժամանակակից արտահայտչամիջոցների համադրումներով (բիտոնալություն, ռիթմիկ ճկունություն, դինամիկ բազմազանություն), թարմ հնչողություն հաղորդեցին ստեղծագործությանը: Այս գործը հնչեց Վիկտորյա Պետրոսյանի (ֆլեյտա) և կոմպոզիտորի (դաշնամուր) կատարմամբ։

Իսկ ջութակի և դաշնամուրի համար գրված Տիգրան Համբարյանի Սոնատը (2004), որը կատարեցին Արուսյակ Հեքիմյանը (ջութակ) և հեղինակը (դաշնամուր), Սոֆյա Խաչատրյանի կարծիքն այսպիսին էր. «21 տարի առաջ գրված այս սոնատն իր քառամաս կառույցով (Allegreto. Andante – Scherzo. Allegro – Largo. Cadenza – Finale. Allegro moderato), արտահայտչամիջոցներով և մեղեդայնությամբ առանձնանում է այդ շրջանում հայ կոմպոզիտորական դպրոցում արդեն հաստատված ժանրային, ձևակառուցվածքային նոր միտումներից՝ արտացոլելով կոմպոզիտորին բնորոշ մեղեդային ռոմանտիկական մտածողությունը, ինչպես նաև դասական սոնատային ձևին տիրապետելու հակումները»։

Ադրինե Մանուկյան

Հավել ենք, որ համերգը բովանդակալից խոսքով ուղեկցեց կոնսերվատորիայի լարային բաժնի ուսանող Ադրինե Մանուկյանը:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30