Լրահոս
Օրվա լրահոսը

Ներհայկական ներկա տագնապն ունի մեկ վերնագիր՝ ազգայինն ընդդեմ ապազգայինի: Մակրոնի դիրքորոշումն անընդունելի է. ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտե

Հունիս 30,2025 16:20

Նախագահ Էմանուել Մակրոնի՝ Փաշինյանի հետ հեռախոսային հաղորդակցության բովանդակությունն անհասկնալի և անընդունելի է ու, ըստ ամենայնի, դատապարտելի:

Երկու ուղղություններով տրված պատգամը չի կարող տեղավորվել ֆրանսիական քաղաքական դասական տրամաբանության մեջ:

ա – ինչպե՞ս կարելի է ամբողջական զորակցություն հայտնել այն անձին, որը Արցախը կամավոր հանձնել է թշնամուն, որը 800 հեկտար հող  է զիջել նույն թշնամուն, որը 5000 երիտասարդի գիտակցաբար ուղարկել է դեպի մահ, ի վերջո, կապիտուլացիայի ռահվիրա է: Պարոն նախագահ, Դուք, ուրեմն, նույն տրամաբանությամբ կզորակցեի՞ք մարշալ Պետենին։ Վստահաբար՝ ոչ:

Ավելին: Ինչպե՞ս եք զորակցում Հայ եկեղեցու դեմ պայքար հայտարարած, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ամենագռեհիկ արտահայտություններով հանդես եկող անձին: Միևնույն զորակցությունը կցուցաբերեի՞ք, օրինակ, Հռոմի Պապի նկատմամբ որևէ նման արտահայտությանը կամ Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ որևէ նման արշավին: Վստահաբար՝ ոչ:

Իսկ ինչ վերաբերում է  ժողովրդավարության, այսպես կոչված, ոտնահարմանը, որի պատասխանատվությունը կամա-ակամա վերագրում եք ընդդիմությանը, ապա Ձեր հասցեագրումը պետք է կատարեք լրիվ հակառակ ուղղությամբ, պարոն նախագահ, այն ուղղելով նույն Ձեր հովանավորյալին, որովհետև նա՛ է Հայաստանում ժողովրդավարության ոտնահարման հիմնական պատասխանատուն, երբ ապօրինաբար ներխուժում է  Վեհարանի տարածք, սուտ ու շինծու պատրվակներով հալածում, ձերբակալում, կալանավորում հոգևորականների, քաղաքական պատասխանատուների, ակտիվիստների, պարզապես որովհետև ընդդիմախոս են իրեն եւ ընդդիմադիր՝ իր իշխանությանը: Դուք նույն կեցվածքը կցուցաբերե՞ք ձեր ընդդիմադիրների նկատմամբ, պարոն նախագահ: Վստահաբար՝ ոչ:

բ -Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու մասին եք խոսում, ջատագովում եք սահմանի բացում, պարոն նախագահ: Բայց ո՞ր և ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ միակողմանի և անընդհատ զիջում է միայն կատարվում, երբ պաշտոնական բաքուն Հայաստանը շարունակում է  դիտարկել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան», իսկ անկարան մատ  է թափահարում օրը ցերեկով՝ հայտարարելով, որ 1915-ի Ցեղասպանությունը դեռ դաս չի եղել հայերին …

Պարոն նախագահ, եթե Ձեր այս կեցվածքը բխում է հակառուսական Ձեր և ընդհանրապես եվրոպական դիրքորոշումից՝ Հայաստանի իշխանական շրջանակի նման ընդդիմությունը նկատելով ռուսամետ, սխալվում եք, որովհետև ներհայաստանյան ու ներհայկական ներկա տագնապն ու պայքարը երկու հոսանքների միջև ունի մեկ ու միակ վերնագիր՝ ԱԶԳԱՅԻՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՊԱԶԳԱՅԻՆԻՆ։

Հետեւաբար, պարոն նախագահ, ակնկալում ենք, որ իբրև երկրի առաջին դեմք, հետևեք Ֆրանսիայի արտաքին քաղաքականությանը բնորոշ դասական ոճին, որը դավանում է  հավասարակշռված լինել իր երկարամյա կենսափորձով:

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտե
Փարիզ, 30 հունիս 2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30