Հայաստանում հակաեկեղեցական քարոզչությունը իր գագաթնակետին է հասել։ Այդ ապազգային ու ապաշնորհ գործին են լծվել հիմնականում քաղաքական ու կրոնական աղանդավորական համայնքները, որոնց շարքերը համալրվել է «կրթվելը նորաձև է» տխրահռչակ շարժմամբ՝ դառնալով ամենաապազգայինը, ամենահակաեկեղեցականն ու ամենավտանգավորը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հասկանում է, որ Եկեղեցին Հայաստանում և սփյուռքում մեծ վստահություն ունի հասարակության լայն շրջանակներում, հասկանում է նաև իրենց վարած ներքին ու արտաքին քաղաքականության հանդեպ ունեցած Եկեղեցու, այսինքն` հայ ժողովրդի, դիրքորոշման վտանգավորությունը իրենց ավազահիմն իշխանության համար, ուստի հույս ունենալով, որ մինչև 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունները իրենց կհաջողվի հեղինակազրկել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ստանալ բազմագույն կրոնական փոքրամասնությունների քվեները, ամենաստոր մեթոդներով իրագործում են իրենց թուրք-ադրբեջանամետ քարոզչությունը, որը վստահորեն կարող ենք դիտարկել որպես իրենց իշխանության վերարտադրվելու միակ միջոց և որպես նախընտրական քարոզարշավ։
Գործող և մեծ հեղինակություն վայելող հոգևորականներին շատ անհարգալից տոնայնությամբ իրենց ավազանի անուններով կոչելով, ընդ որում և անպատիժ մնալով՝ ավելի են լկտիանում և անցնում օրինականության ու բարոյականության հետ աղերսվող բոլոր սահմանները։ Այդ ամենը անպատիժ մնալ չի կարող, վաղ թե ուշ բոլոր այդ մարդիկ պետք է օրենքի առաջ պատասխան տան իրենց ամբարտավան պահվածքի համար։
Կարգալույծ եղած որոշ հոգևորականներին ստորաբար օգտագործելով իրենց հակահայկական ու հակաեկեղեցական կեղտոտ քարոզչությունների մեջ ու նրանց սին հույսեր ներշնչելով, ՀՀ իշխանությունները մոլորության մեջ են գցում բավարար չափով տեղեկատվություն չունեցող մեր հայրենակիցներին և օտար պետությունների ու այլազգիների աչքի առաջ նսեմացնում են ամբողջ հայ ազգին։
Ուզում եմ, որ ՀՀ վարչապետն ու իր կամակատարները հասկանան, որ իրենք շատ սխալ ճանապարհի վրա են և չեն կարողանալու հաջողել իրենց ապազգային գործերում։ Իշխանափոխությունը տեղի է ունենալու մինչև 2026 թվականի հերթական ընտրությունները։
Կարդացեք նաև
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի իմաստուն առաջնորդությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն իրենց ծառայությունը մատուցող բոլոր հոգևորականներն ու Եկեղեցու շուրջը համախմբված բարեպաշտ հայորդիները Աստվածային նախախնամության ներքո են և մեր դեմ մարտնչողների պարտությունը պարզապես անխուսափելի է։ Այժմ քրիստոնյաներիս համար թշնամիներից պաշտպանվելու ժամանակն է և արժանապատվորեն պաշտպանվում ենք։
Կգա մի ժամանակ և այդ ժամանակը հեռու չէ, երբ Քրիստոսահիմն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ մարտնչողները պաշտպանվելու անհրաժեշտություն կունենան, սակայն չեն կարողանալու, որովհետև Աստված հայության շունչը պիտի ներարկի Հայաստանի Հանրապետության ուժային կառույցներում ծառայող մեր որդիների հոգիներում և նրանք արյան կանչով անվախորեն պայքարելու են հայության ու քրիստոնեության դեմ պայքարողների դեմ ու կործանվելու է չարի իշխանությունը, իսկ ՀՀ ներկայիս իշխանություններին անվստահություն հայտնելու այլընտրանք այլևս չկա։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ