– Ամեն գնով ապամոտնաժելո՞ւ եք, սեփական տարածք մտնելու իրավունք չունեք, մեր ասածը սա է,- այսօր այսպես «Տաշիր» կենտրոն եկած ոստիկաններին ու քաղաքապետարանի աշխատակիցներին դիմավորեց «Տաշիր» ընկերության ներկայացուցիչ Վարդան Ալոյանը:
Քաղաքապետարանի աշխատակիցները եկել էին առեւտրի կենտրոնի շենքից հեռացնելու՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառը:
Ոստիկանները հայտնեցին, որ ընկերությունը կարող է վարչական մարմնի գործողությունները վիճարկել դատարանում:
Կարդացեք նաև
-Հերթական ապամոնտաժում կոչված երեւույթի հետ ենք առնչվում: Հիմա էլ «Տաշիր» առեւտրի կենտրոնի վրա փակցված պաստառն ապամոնտաժելու մասին է խոսքը: Ոստիկանությունը փորձում է հասարակական կարգ ապահովել, քաղաքապետարանի աշխատակիցները փորձում են մտնել սեփականության իրավունքով պատկանող տարածք: Ես քարտեզով, հատակագծերով ներկայացրել եմ, որ սեփականության իրավունքով պատկանող տարածքներ են: Սա պետք է ֆիքսենք, որ գովազդի մասին օրենքի համապատասխան այս պաստառը նույնիսկ գովազդ չի հանդիսանում, իրազեկման ակցիա է,- ասաց «Տաշիրի» ներկայացուցիչ Վարդան Ալոյանը:
Ոստիկանները երկար բանակցեցին Ալոյանի հետ՝ առաջարկելով փոխհամաձայնություն ձեռք բերել եւ չմտնել անհարկի գործընթացների մեջ. «Որոշակի համաձայնություն ձեռք բերենք, որ որեւէ գործընթացների ո՛չ մենք գնանք, ո՛չ դուք գնաք: Համաձայնեցված գործընթաց իրականացնենք»: Նրանք պնդեցին, որ ընկերությունը պայմաններ ստեղծի, որ քաղաքապետարանի մեքենան մտնի տարածք ու իրականացնի նախատեսված գործողությունները:
Երևանի քաղաքապետարանը որպես ապամոնտաժման հիմք նշում է Երևանի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37-Ն որոշումը։
Պարոն Ալոյանը պնդում է՝ նշված հիմքը վերաբերում է այն դեպքերին, երբ գովազդն ու գովազդակիրը միաժամանակ ապօրինի են: Ավագանու այդ որոշումը, ըստ Ալոյանի, «Տաշիր» ընկերությունը պատրաստվում է դատարանում վիճարկել:
«Լուսանկարը փակցված է սեփականության իրավունքով պատկանող տարածքում։ Հիմա ապօրինի գործողություն է կատարվում, ներխուժում է կատարվել տարածք, այդ թվում տեխնիկայով։ Ոստիկանությանը խնդրել ենք վերացնել ներխուժումը, ոստիկանության ներկայացուցիչներն ասացին, որ տարածքն սահմանազատված չէ, այնինչ մի քանի րոպե առաջ մեզնից խնդրում էին արգելափակոցները բացել, որ տրանսպորտային միջոցը մուտք գործի և գործողություն իրականացնի։ Մի կողմից նշում են՝ սահմանազատում չկա, չեն կարող հասկանալ՝ ներխուժում կա, թե չկա։ Երկրորդ՝ խնդրում են բացել, որ ստիպված չլինեն միջոցներ կիրառել, քանդել արգելափակոցը։ Երկակի ստանդարտի հետ գործ ունենք»,- ասաց Ալոյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ