Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դանիելյան. «Փաշինյանը պլատֆորմ ստեղծում է, որ եկեղեցու, ազգային ուժերի, քաղաքացիների, ժուռնալիստների, կուսակցությունների, բոլորի հետեւից կարողանա գնալ»

Հունիս 30,2025 18:55

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ասաց. «Ես հետեւում եմ ադրբեջանական մամուլին: Իրենք շատ ուրախ են եւ իրենց սրտով է, թե ինչ է կատարվում Հայաստանում:

Երկու սրբազանների կալանավորման հարցում ուզում եմ հետեւյալն ասել: Սիրելի հայրենակիցներ: Մի տրվեք կեղծ, շինծու մանիպուլյացիաներին, որոնք կատարում են այս իշխանությունները: Բագրատ սրբազանին միշտ մեղադրել են նրա համար, որ սիրո, համերաշխության, հանդարտ իրավիճակից դուրս չգալու կոչեր է արել: 70 հազար մարդ Հանրապետության հրապարակում հավաքված՝ մի լուսամուտ չի կոտրվել, մի գույք չի վնասվել: Բռնության որեւէ բառ, նախադասություն, կոչ չի հնչել այդ մարդու շուրթերից Այդ օրերին ես այնտեղ եմ եղել չէ՞: Ու տեսնում էի հազարավոր մարդիկ, որ ասում էին, թե ինչի՞ եք այսքան հանդարտ ու այսքան հանգիստ:

Հիմա եկել, մեղադրանք են ներկայացնում, «հանցագործության առարկաներ» են  հայտնաբերում՝ պոլի փետ, կոշիկի մեխ… Ասում են՝ ձեռք է բերվել Երեւան քաղաքի քարտեզը: Մեղա քեզ Տեր Աստված. Երեւան քաղաքի քարտեզ ձեռք բերելը հանցակազմ է պարունակում, տանը պոլի փետ, մեխ կամ «պլասկագուպցի» ունենալը հանցակազմ է: Էլ չեմ ասում «միկրովալնովի փեչի» մասին, որ դա էլ է առգրավվել, մեկ էլ այն եռանկյուն նշանի, որ երբ ճանապարհներին մեքենան փչանում է, այդ նշանն են դնում:

Դուք հասկանո՞ւմ եք ում հետ գործ ունենք: Հեղաշրջման պլանն էլ 2024 թվի պլան է: civic.am-ը փակել է, քննչականն էլ մոռացել է, որ civic-ը փակել է վերևի ամսաթիվը: Ու հրապարակել են մեկ տարի առաջվա պլանը, որ գցել են ինչ-որ մեկի ջեբը: Մոնտաժված ձայնագրություններ: Կարող են յուրաքանչյուր մարդու հետեւից մոնտաժված ձայնագրություններով գնալ: Հիմա  մի մեջբերում անենք կամ մի բան խոսենք, կարող են այդ հատվածը կտրել:

Ու մի կարեւոր բան էլ: Ինչ է արել այս մարդը: Այս մարդը կեղծ պլանը կազմելու եւ իրագործելու համար պրեմիա է տվել: Հիմա ինքը կմախքը ստեղծել է, որով կարող են գնալ ցանկացած մարդու տուն: Այդ պլատֆորմը ստեղծել է, ու եկեղեցի կարա գնա, ազգային ուժերի հետեւից կարա գնա, քաղաքացիների հետեւից կարա գնա, ժուռնալիստների հետեւից կարա գնա, կուսակցությունների, բոլորի հետեւից կարա գնա: Մարդը, որ իր հողը մշակում է, մի բառ է ասում, ասենք. «գետինը մտնեք դուք», կասեն սա էլ է հեղափոխության կոչ ու կարող են էդ մարդու հետեւից էլ գնալ, որ գյուղում իր հողի մեջ աշխատում է:

Երեկ փողոցով քայլում էի, հարյուրավոր մարդիկ մոտենում ու ինչ ասես ասում էին: Դե բոլորի հետեւից էլ գնացեք:

2018 թվից մինչեւ հիմա քանի՞ քրեական գործեր են կարել մարդկանց վրա: Ո՞ր մեկն է դատարանով հաստատվել: Ձայնագրություններ են ասում: Բա այն ձայնագրությունները, որ դատարաններին գործեր կարելու հրաման է տալիս: Մարտի 1-ին ինչե՞ր էր խոսում. «հոգիս փառավորվում է», «տվեք- ջարդեք», «ծեծեք», «բարիկադներ կառուցեք», «ոստիկաններից խլեք վահանները, մահակները», «ժողովուրդ ջան, գրոհեք»: Այդ տեսանյութերը կան չէ՞: 2016 թվականին ՊՊԾ գնդի ժամանակ այդ մարդը որտե՞ղ էր, ինչե՞ր էր խոսում»,-հիշեցրեց դաշնակցական ընդդիմադիր պատգամավորը:

Գառնիկ Դանիելյանը նաեւ ԱԺ նիստերից էլ դահլիճում հնչած հայտարարություններ հիշեցրեց: «Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ-ում հայտարարեց. «Մեր մոտ կան ցուցակներ, բայց այդ ցուցակներով ինչ-որ մի մարդու հերթը առաջ է գալիս, ինչ-որ մի մարդու հերթը ժամանակավոր հետ է ընկնում: Այդ մարդը սա ասել է Ազգային ժողովում»: Ես  նրան ի պատասխան ասեցի. «Մեր հերթը ե՞րբ է գալու», պատասխանեց. «Շուտով ձեր հերթն էլ է գալու»,-ասաց Գառնիկ Դանիելյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30