Լրահոս
Օրվա լրահոսը

Բանսարկուի 5 գործիքները

Հուլիս 01,2025 10:00

«Եթե դու Սատանա լինեիր, ի՞նչ կանեիր՝ մարդկանց բարոյական հիմքերը սասանելու համար»: Ահա այդպիսի հարց է տվել ընկերներիցս մեկը արհեստական բանականությանը: Օգտվելով իր ձեռքի տակ գտնվող գրական, փիլիսոփայական եւ աստվածաբանական աղբյուրներից՝ ԱԲ-ն պատասխան է տվել, որը ես վերաշարադրում եմ կրճատումներով:

Ըստ այդմ, Սատանայի (որին մեր Սուրբ Գիրքն անվանում է նաեւ Բանսարկու) գործողություններն են լինելու.

1/ բարու եւ չարի սահմանի քայքայումը,

2/ եսասիրության պաշտամունքը, երբ քո անձնական ցանկություններն ու օգուտն ամենից վեր են,

3/ ճշմարտության խեղաթյուրումը, երբ մարդիկ սկսում են կասկածել ակնհայտ բաների մեջ,

4/ մարդկանց փոխադարձ օտարումը, կոնֆլիկտների բորբոքումը, համերաշխության եւ վստահության վերացումը,

5/ հոգեւոր եւ մշակութային արժեքների արժեզրկումը:

Եթե այդ 5 կետերը փորձենք ընդհանրացնել մեկ բառով, ապա կարող ենք ասել, որ այդպիսին է քաղաքականությունը: Քաղաքականությունը միշտ, բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում մարդկանց, ի վերջո, մղում է պատերազմի՝ ներքին եւ արտաքին: Արտաքին պատերազմից խուսափել, մեծ հաշվով, հնարավոր չէ: Եթե կան մարդիկ, որոնք կարծում են, թե կարող են նստել աշխարհի ինչ-որ անկյունում կամ, առավել եւս՝ «խաղաղության խաչմերուկում» եւ «պարզապես ապրել», ապա այդ մարդիկ պարզապես միամիտ են: Ներքին պատերազմից (որի տակ հասկանում եմ ոչ միայն ֆիզիկական բախումները) հնարավոր է խուսափել, բայց դրա համար պետք են մարդիկ (ոչ իշխանավոր), որոնք ընդունելի են հասարակության մեծ մասի համար: Հայաստանում այսպիսի մարդիկ չկան: Հենց այդ պատճառով է, որ վերը շարադրված 5 կետերը ներկայիս իշխանության modus vivendi – ն են:

..1989 թվականի ապրիլի 9-ին խորհրդային ՆԳ-ի ներքին զորքերն ու բանակը համատեղ ուժային գործողություններ իրականացրեցին Թբիլիսիի կենտրոնում՝ ցրելով ընդդիմադիր հանրահավաքը: Ուժայինների վայրագ հարձակման արդյունքում զոհվեց 21 քաղաքացի, վնասվածքներ ստացան 290-ը: Այդ իրադարձություններից մի քանի օր հետո Կենտրոնական հեռուստատեսության թղթակիցը հարցազրույց է վերցնում վրացի հայտնի գրող Չաբուա Ամիրէջիբիից: «Ո՞ւմ են ձեռնտու այդ իրադարձությունները», – հարցնում է լրագրողը: Գրողի պատասխանն էր՝ «Սատանային»: Տեսնելով լրագրողի տարակուսած հայացքը, Ամիրէջիբին ավելացնում է՝ «Դուք կարծում եք՝ ես կատա՞կ եմ անում»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031