Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրեմն հարցը վաղուց արդեն ՀԷՑ-ի կամ ՀԷՑ-երի շուրջ չէ։ Հարցը վերաբերում է ավելի խորքային բանին. ի՞նչ է պետությունը այսօրվա Հայաստանում և ո՞ւմ է նա ծառայում այսօր, իսկ ամենակարևորը` ու՞մ է այն ծառայելու վաղը. Դավիթ Անանյան

Հուլիս 01,2025 10:14

«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀԷՑ-ի հարցով Ազգային ժողովում այսօրվա լսումներին ընդառաջ անհրաժեշտ է դիտարկել ոչ թե կոնկրետ օրակարգային հարցը, այլ այն խորքային քաղաքական-մշակութային ենթահողը, որում ձևավորվում և արտահայտվում է նման քննարկումների որակը։

Հայաստանում վերջին տարիներին ակնհայտ է պոպուլիզմի և տգիտության համակարգված ինստիտուցիոնալացումը։ Գործ ունենք մի իրականության հետ, որտեղ իշխանական վերնախավը սեփական տգիտությունն ու պաթոլոգիական անտեղյակությունն այլևս չի թաքցնում, այլ, ընդհակառակը, ներկայացնում է որպես ժողովրդականության և «սոցիալական արդարության» դրսևորում:

Այս գործընթացը հանգեցրել է հասարակության արժեքային շեղման, որտեղ պետական մտածողությունը և կիրթ ու բանիմաց լինելը ոչ թե խրախուսվում են, այլ ընկալվում որպես սպառնալիք ներկա համակարգին, որտեղ պատմական հիշողությունը ընկալվում է որպես կասկածելի և անպիտան հավատարմություն «հին ժամանակներին», իսկ արժանապատվության ձգտումը՝ իշխանական վերնախավի նկատմամբ անընդունելի դիրքորոշում կամ սպառնալիք։
Այս համատեքստում ձևավորվել է նոր հակարժեքային նարատիվ․ եթե դու գիտելիք ու խորքային ընկալում ունես պետականության և ազգային ինքնության վերաբերյալ, դու վտանգավոր ես և քաղաքականորեն խոցելի: Քեզ կհռչակեն որպես համակարգային «խանգարող», կամ այլոց շահերի սպասարկու, քանի որ այսօրվա պետությունը դիտարկվում է ոչ թե որպես գաղափար, ինստիտուցիոնալ կառուցվածք կամ ազգային ինքնության արտահայտություն, այլ՝ որպես օգտագործման ենթակա տարածք։ Իսկ այդ տարածքի օգտագործման ճանապարհին խելքը, կրթությունը կամ քաղաքացիական խղճմտանքը վեր են ածվում «ավելորդ» ռեսուրսի։

Իսկ երբ պետական կառավարման հիմքում ընկած չէ ինստիտուցիոնալ իմացությունը, այլ՝ ընդամենը հռետորաբանորեն զարդարված անմեղսունակությունը, հանրային-քաղաքական դիսկուրսը դառնում է ոչ թե զարգացման գործիք, այլ՝ պոպուլիզմի, տգիտության և մանիպուլյացիաների հարթակ։

Ուրեմն հարցը վաղուց արդեն ՀԷՑ-ի կամ ՀԷՑ-երի շուրջ չէ։ Հարցը վերաբերում է ավելի խորքային բանին. ի՞նչ է պետությունը այսօրվա Հայաստանում և ո՞ւմ է նա ծառայում այսօր, իսկ ամենակարևորը` ու՞մ է այն ծառայելու վաղը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031