«Ավանդույթ է դարձել սահմանադրական օրենքների հերն անիծել»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նիստի օրակարգ ներառված հրատապ նախագծերին։ Նշենք, որ արտահերթ նստաշրջանի օրակարգում է նաեւ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը, որը կառավարությունն առաջարկում է քննարկել 24-ժամյա ռեժիմով։
«Կառավարության եզրակացությունն ընդամենը երեկ է տեղադրվել։ Ռազմավարական նշանակության հարց է, եւ դուք առանց պատշաճ ուսումնասիրության ասում եք՝ այնքան կարեւոր հարց է, որ այս հարցը պիտի քննարկվի»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց, որ ռազմավարական նշանակության հարց է բերվել օրակարգ, եւ կառավարությունն առաջարկում է 24-ժամյա ռեժիմով այն քննարկել։ «Սա ՀԷՑ-ի խլման գործընթաց է, որն իրականում բացասական առումով շատ մեծ ազդեցություն է ունենալու ընդհանուր ներդրումային մթնոլորտի վրա։ Հիմա ասում եք՝ սա հրատապ կարգով քննարկեք։ Ինչո՞ւ հրատապ, իմ պատասխանն այն է, որ եղել է Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը Եկեղեցու պաշտպանության մասով եւ դա հրատապություն է առաջացրել կառավարությունում։ Եթե այս մոտեցման հետ համաձայն չեք, հիմնավորեք, թե ո՞րն է պատճառը, որ մենք այս նախագիծը պետք է հրատապ կերպով քննարկենք»,- նշեց Աննա Գրիգորյանը։
ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն արձագանքեց․ «Այն արտահայտությունը, որը դուք թույլ տվեցիք՝ ՀԷՑ եւ խլել, ես նախագծին ծանոթացել եմ, երկու բառն էլ անծանոթ են, նախագծում առկա չեն։ Սա վերաբերում է ընդհանուր առմամբ էներգետիկ ոլորտին՝ որպես ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ, բարեփոխումների շարունակականությանը։ Դուք բոլորդ տեղյակ եք, որ մենք այս ոլորտում ունենք խնդիրներ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված»։
Մանրամասները՝ տեսանյութում
Աննա Գրիգորյանին արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․ «Իմ քայլը դաշինքի 96-րդ համարը եղած եւ հետո Քոչարյանի դաշինքի 3-րդ համար տեղափոխված Աննա Գրիգորյանն ասում է՝ ՀԷՑ-ը խլելու նախագիծ է։ Տիկին Գրիգորյան, իմ ընկալմամբ ձեր նոր թիմի առաջնորդը կամ թիմի նոր առաջնորդը կարա ձեզ հատորներով պատմի, թե կոնկրետ ՀՀ-ից ինչ է խլել ու ում է տվել»։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն էլ ասաց․ «Տիկին Գրիգորյանը, ձեւակերպումը, թե ինչ է կատարվելու ՀԷՑ-ի հետ, կախված է նրանից, թե ամեն մեկը ոնց է իրեն դիրքավորում այդտեղ։ Եթե հիմա դուք ձեզ դիրքավորում եք որպես ՀԷՑ-ի ներկա սեփականատերերի շահերի պաշտպան, ապա ձեր կողմից, բնական է, դա պետք է ընկալվի որպես խլել։ Բայց եթե դուք ազգայնացումը կամ պետականացումը դիտարկում եք որպես Հայաստանի քաղաքացի, այսինքն՝ մի մարդ, ում վերադարձվում է ՀԷՑ-ը, ապա դա չի լինում խլել, դա լինում է պետականացնել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ