Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կոչ եմ անում բոլորին՝ այդ թվում վարչապետին, հետ քաշվել այս թեմայից»․ Գեղամ Նազարյանը՝ Վեհարանի վրա հարձակման, Կաթողիկոսին Վեհարանից հանելու ցանկության մասին

Հուլիս 01,2025 13:00

«Առանձնացնում եմ Սամվել Կարապետյանին, որովհետև անձնապես չեմ ճանաչել , և′ Բագրատ Սրբազանի,  և′ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումն ինձ համար անձնական ողբերգություն է»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Դիմելով այն մարդկանց, որոնք այս գործը քննում են, Գեղամ Նազարյանը հորդորեց յոթ անգամ մտածել, հետո որոշում կայացնել․ «Ցանկացած մարդ ստեղծված է Աստծո կողմից և Աստծուն է պատասխանատու իր որոշումների համար։ Այնպես որ, իշխանություններն ինչ հրահանգ են տալիս, մարդն է որոշում կայացնում։ Ի վերջո, կարելի է դիմում գրել, գործից դուրս գալ, եթե գտնում ես՝ ապօրինի հրահանգ են տվել»։

Գեղամ Նազարյանը փաստեց՝ Վեհարանի վրա հարձակումը մեր ազգի ամոթն է․ «Մենք պետք է մեզ թափ տանք ու հասկանանք՝ այս ի՞նչ բարոյահոգեբանական վիճակում ենք ապրում, որ կարելի էր այսպիսի դեպք ասեմ, գործողություն ասեմ, որին մենք ականատես եղանք։ Մեկնաբանություն չունեմ։ Ուղղակի կուզեի, որ սա երազ լիներ։ Ուղղակի չտեսնեի, որ նման բան կարող է լինել, որ ուժային կառույցների համազգեստով մարդիկ վճռական քայլերով գնան Մայթ Աթոռի վրա։ Փառք Աստծո՝ ինչ-որ մի պահի երևի Աստված վճռական իր ազդեցությունն ուղարկեց, հետ քաշվեցին և առավել մեծ խայտառակությունից խուսափեցինք․․․Վստահ եմ, որ մարդիկ են կալանավորված, որոնց անունը, եթե նույնիսկ ինչ-որ մի տեղ թղթի վրա գրված է եղել, էդ մարդիկ այն մարդիկ չեն, որ հանրության համար վտանգ ներկայացնեն։ Կարելի էր բավարարվել գոնե տնային կալանքով․ հատկապես կանանց մասին եմ խոսում»։

Հարցին՝ ընդունելի՞ է Կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու մտադրությունը, Գեղամ Նազարյանն ասաց՝ այդ հարցը չի քննարկում ու մեկնաբանում։ Հարցին՝ դատապարտո՞ւմ է, պատգամավորը պատասխանեց․ «Ես կոչ եմ անում բոլորին՝ այդ թվում վարչապետին, հետ քաշվել, քանի որ սա այն թեման է, որը շատ նուրբ մարդկանց շատ նուրբ լարերի է կպչում։ Գիտեմ մոլի նիկոլականների, որոնք Վեհարանի վրա ուժայինների գործողություններից հետո գնացել են եկեղեցին պաշտպանելու։ Որքան էլ ասում են՝ այս գործողություններն ուղղված չեն եկեղեցու դեմ, հասարակ մարդն ընկալում է՝ որպես գործողություններ եկեղեցու դեմ։ Ոչ միայն դատապարտում եմ, այլև վճռական կոչ եմ անում այս թեման փակել ու անցնել ավելի լուրջ հարցերի»։

Լրագրողների փաստմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին գրառում է արել, թե «Կտրիճ Ներսիսյանն էլ է իմ եղբայրը։ Բայց Կաթողիկոս չէ եւ պետք է հեռանա Վեհարանից»՝ Գեղամ Նազարյանն արձագանքեց․ «Ես վերաբերվում եմ այս ամենին, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս եկեղեցու հետ կապված իր հայտարարություններով ոչ թե որպես վարչապետ, քանի որ որպես վարչապետ դրա իրավունքը չունի, այլ սովորական քաղաքացի, ու այդ հայտարարություններին մենք՝ բոլորս պետք է վերաբերվենք այնպես, ինչպես մի մարդ մի բան կգրեր։ Եկեղեցի, աշխարհիկ մարդիկ հարաբերությունն։ Ինչքան էլ այդ ասածները ճշմարիտ լինեն, դա բարձրաձայնելու, դրա մասին խոսելու ձևեր կան ու ոչ այսպիսին»։

Հարցին՝ սրա հիմքում ի՞նչ է դրդապատճառ կա, Գեղամ Նազարյանը պատասխանեց․ «Չգիտեմ, չեմ կարողանում հասկանալ։ Ոչ մի իմաստ, նպատակ չեմ տեսնում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031