ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է օրենքների նախագծերի փաթեթ, ըստ որի առաջարկվում է սահմանել վարչական տուգանք՝ տրանսպորտային ծառայություններից առանց վճարման օգտվող անձանց համար։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հարցրեց հարցը զեկուցող ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին․ «Ընենց ներկայացրեցիք էդ նախագիծը, քաղաքացիները չհասկացան, թե ինչի մասին է։ Պարզ ասեիք, էլի։ Երեւան քաղաքում 100 դրամից 150 դրամ եք դարձրել հանրային տրանսպորտային սակագինը, մարդիկ բողոքում են տարբեր ձեւերով՝ սկզբից ակտիվ, հետո ավելի պասիվ։ Եվ լավ օրից չէ, որ չեն կարողանում այդ սակագինը վճարել։ Հիմա էլ ասում եք՝ չեք վճարում, հետեւաբար, մենք ձեզ նաեւ տուգանելու ենք չվճարելու համար։ Հուսամ՝ միայն տուգանքով կվերջացնեք, հետո էլ մի հատ նախագիծ չեք բերի քրեական պատասխանատվության ենթարկեք կամ երկրից արտաքսեք։ Տուգանքի չափը որքա՞ն է լինելու։ Եվ երկրորդ կարեւոր հարցը՝ էս ո՞նց եկաք էդ եզրակացության, որ քաղաքացին փաստորեն տուգանքի մատերիալ է ամեն դեպքում»,- ասաց Ավետիսյանը։
Փոխնախարար Սիմոնյանն ասաց, որ առաջարկվում է ուղեվարձը չվճարելու կամ կրիչը չվավերացնելու դեպքում սահմանել 15 հազար դրամի չափով տուգանք։ Եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերված կամ արտոնություն ունեցող անձի կրիչը կրող քարտից կամ արտոնությունից, ապա այս պարագայում եւս սահմանվում է 15 հազար դրամ տուգանք։ Արմեն Սիմոնյանը կոչ արեց վճարել տրանսպորտի ծառայությունից օգտվելու համար տեղական վճարը եւ չտուգանվել։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն ասաց․ «Եթե քաղաքացին չի ներկայացնում փաստաթղթեր, հսկիչն իրեն պետք է զննության ենթարկի կամ խուզարկության ենթարկի։ Դուք պատկերացնո՞ւմ եք, փողոցում հսկիչը չվճարած քաղաքացու հետեւից ընկած գրպանները ստուգի, որ ինչ կա գրպաններում-ինչ չկա։ Սրա մասին խոսեք՝ ինչքան եք բարդացրել եւ խստացրել։ Այսինքն՝ եթե քաղաքացին տեխնիկական կամ չգիտեմ ինչ պատճառներով չկարողանա վճարել, ձեր հսկիչը պետք է ընկնի քաղաքացու հետեւից քաղաքով մեկ, բռնի, որպեսզի խուզարկի, տեսնի՝ էդ մարդու մոտ անձնագիր կա, թե չկա»։
«Այո, եթե քաղաքացին չի ցանկանում վճարել կամ չի ցանկանում նույնականացվել, ապա օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակներում կարող է նաեւ վարչական ձերբակալության ենթարկվել եւ համապատասխան ընթացակարգերի կիրառմամբ կրել վարչական պատասխանատվության»,- ասաց Արմեն Սիմոնյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ նշեց․ «2018 թվականին Նիկոլ Փաշինյանն ի լուր աշխարհի հայտարարում էր եւ խոստանում, որ Հայաստանի քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Եվ Հայաստանի քաղաքացուն չպետք է տեղի-անտեղի տուգանեն։ Պատրաստվում էր վերանայել մի շարք տուգանքներ, հիմա դուք եկել եք, բերել եք տրամագծորեն հակառակ մի օրինագիծ, որը խախտում է այն բոլոր սկզբունքները, որոնցով առաջնորդվելով՝ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության»։
Նա ասաց, որ հսկիչներին տրված իրավունքը՝ զննության ենթարկելու քաղաքացիներին, մարդու իրավունքների կոպիտ խախտում է, որեւէ հսկիչ որեւէ իրավունք չպետք է ունենա մոտենալ քաղաքացուն, ստուգել նրան գրպանները եւ նրան թեկուզ ժամանակավոր զրկել ազատությունից։
Մանրամասները՝ տեսանյութում
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ հսկիչները մարդկանց գրպանները չեն մտնելու, ինչպես ընդդիմադիր պատգամավորներն են պնդում։ «Սուտ է սա, ժողովուրդ ջան, որովհետեւ ըստ նախագծի՝ հսկիչն իրավունք ունի մարդուն նույնականացնել։ Հսկիչը ստուգում է՝ մարդը տոմս ունի, թե՞ չէ։ Ենթադրենք, պարզվում է, որ չի վճարել, ասում է՝ անձնագիրը տվեք, որ ձեզ տուգանենք։ Ասում է՝ անձնագիր չունեմ։ Ասում է՝ անձնագրի տվյալ կարո՞ղ եք տալ, եթե մարդը հրաժարվում է նույնականացվել, այդ դեպքում հսկիչն իրավունք ունի դիմել ոստիկանին։ Այսպես թե այնպես ոստիկանն իրավունք ունի նույնականացել մարդուն, հիմա էլ ոստիկանը կարող է մարդուն տանել բաժին ու նույնականացնել։ Այլ կերպ ասած՝ պնդումը, որ հսկիչին իրավունք է տրվում նույնականացնել, սուտ է»,- նշեց Ռուբինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Տուգանքի մատերիալ․․․ Չեն հիշում, որ սաշիկների եւ մնացածների ջեբն էր եթում էդ փողը։ Տուգանքի մատերիալ, բառ է, սովորել են մեզանից պատեհ-անպատեհ օգտագործում են»,- արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ