Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ որոշների տառապանքը գիտակցվում է, իսկ մյուսներինը մնում լուսանցքում. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դրա ցայտուն օրինակն է. ԵԱՀԿ 32-րդ ԽՎ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը

Հուլիս 01,2025 13:39

ԵԱՀԿ 32-րդ ԽՎ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը

ՊՈՐՏՈՅՈՒՄ ԿԱՅԱՑՈՂ ԵԱՀԿ 32-րդ ԽՎ-ում ելույթս

1951 թվականին վավերացված Ցեղասպանության կոնվենցիան սահմանել է մարդու դեմ ամենածանր հանցագործությունների կանխարգելման և պատժելու իրավական շրջանակը: Սակայն այսօր մենք կանգնած ենք ցավալի իրականության առջև, երբ այս պարտավորությունները անտեսվում են, իսկ միջազգային ինստիտուտները և կազմակերպությունները ձախողել են իրենց հանձնառությունը՝ կանխելու ողբերգական ծանր հետևանքներով ոճրագործությունները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դրա ցայտուն օրինակն է:

2023 թվականին ավելի քան 120,000 բնիկ հայեր ենթարկվեցին բռնի տեղահանության, որին նախորդել էր Լեռնային Ղարաբաղի ամբողջական և դաժան շրջափակումը։ Հազարավոր մարդիկ զրկված էին սննդից, դեղամիջոցներից և վառելիքից: Ամբողջ մի ժողովուրդ հարկադրվեց բռնի տեղահանության՝ զրկվելով իր հազարամյակների բնօրրանից։
Պատմության ընթացքում առաջին անգամ Լեռնային Ղարաբաղը դատարկվեց իր բնիկ հայկական բնակչությունից: Տները, դպրոցները, մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացվում է կամ հայտնվել են լիակատար վերացման վտանգի տակ: Սա պարզապես հումանիտար ճգնաժամ չէ, այլ էթնիկ զտման դասական օրինակ, որն, ավաղ, իրականացվռց ԵԱՀԿ պատասխանատվության գոտում:

Եվ, այնուամենայնիվ, հակառակ Ադրբեջանի պնդումներին, հատկապես ընդգծում եմ ՝ Ադրբեջանի ագրեսիան չի կարող դիտվել որպես պատմության փակված էջ. հակամարտությունը շարունակում է մնալ ցավոտ իրականություն, քանի դեռ՝
• 150,000 բնիկ հայերին՝ չի վերապահվել միջազգային անվտանգային երաշխիքների ներքո իրենց վերադարձի անվիճարկելի իրավունքը,

• ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք, իսկ բռնապետական ռեժիմի առաջնորդը Հայաստանի որոշ տարածքներ հռչակում է «Արևմտյան Ադրբեջան»,

• Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները և հայ ռազմագերիները շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ՝ չափազանց մտահոգիչ իրողություններում, զրկված արդա դատավարական գործընթացներից։ Վստահելի զեկույցների համաձայն նրանք ենթարկվում են խոշտանգումների և կեղծ դատավարությունների, որոնք խախտում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

Սա մեկ առանձին ողբերգություն չէ, այլ գլոբալ մակարդակում ինստիտուցիոնալ մեծ ձախողման դրսևորում, ինչպիսին այսօր տեսնում ենք Գազայում, ուր շարունակվող ցեղասպանական ողբերգության նկատմամբ համաշխարհային արձագանքը թերի է և հատվածական՝ աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված:

Երբ որոշների տառապանքը գիտակցվում է, իսկ մյուսներինը մնում լուսանցքում, սա ,անշուշտ, խարխլում է արդարության ու մարդկային արժանապատվության համամարդկային սկզբունքները:

Ուստի ես կոչ եմ անում Վեհաժողովին և իմ հարգելի գործընկերներին՝
1. Պահանջել բոլոր հայ ռազմագերիների և կալանավորների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակումը, իսկ մինչ այդ ապահովել ԵԱՀԿ միջազգային դիտորդների մասնակցությունը դատավարություններին՝ դիտարկելու նպատակով։

2. Աջակցել ՅՈւՆԵՍԿՕ-ի հրատապ փաստահավաք առաքելության ուղարկմանը՝ Լեռնային Ղարաբաղի վտանգված մշակութային ժառանգության փաստագրելու և պահպանելու նպատակով։

Մի լռեցնենք ճնշվածների ձայնը:

Ի պատասխան ադրբեջանցի կոլեգայի․
Ես և իմ ներկայացրած քաղաքական ուժը բարձրացնում ենք միլիոնավոր մարդկանց ձայնը, ովքեր սպասում են երկարատև խաղաղություն՝ հիմնված արդարացի լուծումների վրա, ոչ թե ագրեսիայի և ցեղասպանական գործողությունների:

Անհիմն մեղադրանքների փոխարեն՝ ես առաջարկում եմ ադրբեջանցի գործընկերներին ցուցաբերել քաղաքական կամք և թույլ տալ միջազգային դիտորդներին վերահսկել Բաքվում իրականացվող կեղծ դատավարությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական հետքի և ժառանգության ոչնչացումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031