FIP.AM/Գայանե Մարկոսյան. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։
Հունիսի 18-ին «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ հունիսի 16-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում արված հայտարարությանը, թե Հայաստանում միջին աշխատավարձն աշխարհի միջին աշխատավարձից բարձր է։
Սակայն, FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ նախարարի պնդումն անհիմն է, չունի փաստական հենք, հիմնված չէ բացառապես պաշտոնական վիճակագրական տվյալների վրա, հետևաբար չի համապատասխանում իրականությանը։
Հոդվածի հրապարակումից հետո նախարար Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում երկու անգամ անդրադարձել է հարթակի վերլուծությանը։ Հունիսի 18-ին նա գրել է. «Ըստ numbeo կայքի 125 երկրների մեջ 49-ից ավել է Հայաստանում մաքուր աշխատավարձը․․․ Հ․Գ․ Այս գրառումը կատարում եմ ի պատասխան մի կայքի, որը երեկ կասկածի տակ էր դրել իմ խոսքը այն մասին, որ Հայաստանում միջին աշխատավարձը աշխարհի միջինից բարձր է»։
Կարդացեք նաև
Հունիսի 30-ին նախարարը կրկին կիսվել է իր առաջին գրառմամբ՝ նշելով. «fip.am կոչվող կայքի «ստուգված փաստերը» երբեմն այնքան էլ ստուգված չեն։ Կայքը պնդել էր, թե իմ հայտարարությունը, որ Հայաստանի միջին աշխատավարձը աշխարհի միջինից բարձր է, ճիշտ չէ։ Խնդրեմ, ահա ապացույցը»։
Որպես ապացույց նա կցել է Numbeo կայքից արված սքրինշոթը, որտեղ ներկայացված է 126 երկրների ամսական միջին աշխատավարձերի չափերը՝ առանց հարկերի։ Ըստ այդ ցանկի՝ Հայաստանը 610 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով զբաղեցնում է 75-րդ հորիզոնականը։
Չնայած մեր նախորդ հոդվածում մի շարք աղբյուրներից հավաքագրված տվյալների վերլուծության հիմնավոր արդյունքների առկայությանը՝ հաշվի առնելով նախարարի՝ Numbeo-ի տվյալների վրա հիմված պնդումները, «Փաստերի ստուգման հարթակն» այս անգամ վերլուծել է Հայաստանի միջին աշխատավարձի ցուցանիշը՝ նշված 126 երկրների ցանկում։
Նախ հաշվարկել ենք 126 երկրների ամսական միջին աշխատավարձերի ընդհանուր գումարը, որը կազմում է մոտ 172,000 ԱՄՆ դոլար։ Այս գումարը բաժանելով 126-ի՝ ստացվում է տվյալ ցանկում ներառված երկրների պարզ միջին աշխատավարձը՝ շուրջ 1365 դոլար։
126 երկրների ցանկում Հայաստանի ամսական միջին աշխատավարձը (610 դոլար) զգալիորեն ցածր է այս ցուցանիշից, ինչը թույլ է տալիս ասել, որ նախարարի պնդումը, թե Հայաստանի աշխատավարձը գերազանցում է աշխարհի միջինը, առնվազն այս՝ իր կողմից վկայակոչված ցանկում ներառված երկրների համեմատականում, չի համապատասխանում իրականությանը։
Բայց ամենակարևորը՝ էկոնոմիկայի նախարարը հիմնվում է մի աղբյուրի վրա, որը չունի վստահելիություն։ FIP.am-ը նախկինում մի քանի անգամ անդրադարձել էր այս աղբյուրին և պարզել, որ Numbeo-ն չունի վստահելի հարթակի համբավ․ հրապարակած վարկանիշերը հիմնված չեն բացառապես պաշտոնական վիճակագրական տվյալների վրա: Դրանք կազմված են օգտատերերի աջակցությամբ։ Կայքում հրապարակված տվյալները չեն անցնում կրկնակի ստուգում, և չկա հրապարակված մեթոդաբանություն, թե ինչի հիման վրա են արվում հաշվարկները։
Numbeo-ն հիմնադրվել է 2009 թվականին Սերբիայում՝ ոմն Մլադեն Ադամովիչի նախաձեռնությամբ, և հնարավորություն է տալիս օգտատերերին տրամադրել տեղեկություններ և համեմատել աշխարհի տարբեր երկրներում ապրուստի գնին և կյանքի որակին վերաբերող այլ տվյալներ։ Numbeo-ի տվյալները հաճախ հայտնվել են նաև քննադատության կենտրոնում, իսկ հարթակը երբեք չի համարվել վստահելի՝ վիճակագրական տվյալների կամ հետևություններ անելու համար։
Այսպիսով, «Փաստերի ստուգման հարթակը» ևս մեկ անգամ հաստատում է, որ Գևորգ Պապոյանի հայտարարությունն անհիմն է։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագանքել է Fip.am կայքի հրապարակմանը
«Ըստ Fip.am կայքի «փաստեր ստուգողների» տրամաբանության, եթե Լյուքսեմբուրգում, որտեղ ապրում է 0,7 մլն մարդ և միջին աշխատավարձը 5544 դոլար է, իսկ Նիգերիայում, որտեղ ապրում է 237,5 մլն մարդ, 128 դոլար, ապա այս երկու երկրների ընդհանուր բնակչության՝ 238,2 մլնի միջին աշխատավարձը կկազմի 2836 դոլար՝ (5544+128)/2։
Գիտեմ՝ չեք հավատա, որ նման ծանծաղամիտ բան են գրել, բայց այսպիսի անհարմար բան է ստացվել այն բանից հետո, երբ փորձել են հերթական անգամ սևացնել ինձ։
Մի ամբողջ լավաշ են գրել, որտեղ նախ փորձել են այս տրամաբանությամբ հակասել ինձ և հետո կասկածի տակ են դրել numbeo.com կայքի տվյալները։ Ուրեմն numbeo-ն հեչ, fip-ը՝ մեջ ։
Fip.am-ի տղաներ և աղջիկներ, գիտեմ, թե ինչպիսի личная неприязнь ունեք իմ անձի հանդեպ, պատճառներն էլ գիտեմ, բայց չե՞ք հոգնում ամեն անգամ ծիծաղելի վիճակում հայտնվելուց։
Գնացեք ձեր գրանտները վայելեք, ինձ հետ ի՞նչ գործ ունեք», – ՀՀ էկոնոմիկայի նախարար։