Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի աշխատակիցները հասան «Դալմա մոլ». կրկին տեխնիկա են պատրաստվում բերել ու մտնել տարածք

Հուլիս 01,2025 14:50

Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր էլ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող «Դալմա գարդեն մոլ» են այցելել: Ինչպես երեկ «Տաշիր» առեւտրի կենտրոնի շենքից հեռացրին «Ազատություն, Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառը, նույնը այսօր «Դալմայի» շենքից են պատրաստվում անել:

«Նախորդ երկու անգամվա պես այսօր եւս Սամվել Կարապետյանի ազատազրկման հետ կապված իրազեկման ակցիայի շրջանակում փակցրած այս պաստառները փորձում են ապամոնտաժել: Այս պահին նախնական զգուշացրել են, որ փորձելու են ապամոնտաժել, դեռեւս գործընթաց չի սկսվել: Հավանաբար, մի քիչ հետ տեխնիկա է մոտեցվելու ու փորձելու են ապամոնտաժել: Այստեղ, ինչպես նախորդ դեպքերում, սեփականության իրավունքով պատկանող տարածք են փորձելու ներխուժել: Ոստիկանությանը կրկին ահազանգելու ենք, որ տարածքից հանեն մարդկանց, որոնք առանց սեփականատիրոջ թույլտվության փորձելու են ներխուժել տարածք ու որոշակի գործողություններ իրականացնել: Մասնավորապես՝ պաստառները վնասել կամ հանել: Չնայած փորձը ցույց տվեց, որ ոստիկանությունը աչք է փակում ու որեւէ գործողություն չի իրականացնում» ,- լրագրողներին ասաց Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ Վարդան Ալոյանը:

Պարոն Ալոյանը հիշեցրեց, որ Երևանի քաղաքապետարանը որպես ապամոնտաժման հիմք նշում է Երևանի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37-Ն որոշումը: Այդ հիմքը, ըստ Ալոյանի, վերաբերում է այն դեպքերին, երբ գովազդն ու գովազդակիրը միաժամանակ ապօրինի են. «Քանի որ այս պաստառը, ի սկզբանե, գովազդ չէ, իր նկատմամբ կիրառել գովազդի մասին կարգավորումներն ուղղակի ապօրինի է: Հիմնավորում են, որ գովազդ է, բայց սա գովազդ չէ, որեւէ իրադարձություն կամ ապրանք չի գովազդվում այստեղ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031