«Մենք սպասում էինք, որ դատարան ներկայացված գրավոր դիրքորոշում կլինի։ Դատախազի գործուղումը չէր խանգարում գրավոր դիրքորոշում ներկայացնելուն»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի շահերի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը։
Պաշտպանը կասկածներ ունի, որ դատախազությունը միտումնավոր ձգձգում է գործի քննությունը։ Հիշեցնում է՝ քանիցս է դիրքորոշում հայտնել, որ այս գործով դատախազության միակ եւ ողջամիտ քայլը կլիներ հայցից հրաժարվելը։ Չի բացառում, որ դատախազությունում չեն կարողանում այդ որոշումը կայացնել, այլ լուծումների փնտրտուքի մեջ են։
Aravot.am-ի հարցին՝ քաղաքական հրահանգի՞ են սպասում, մանավանդ ներկայիս զարգացումների համատեքստում, Վահագն Դալլաքյանը պատասխանեց․ «Քաղաքական որակումը կարող եմ տալ, կարող եմ չտալ, բայց առնվազն միասնական, կենտրոնացված, վերադասից եկող հրահանգի մասին դատախազության ներկայացուցիչը խոսեց, երբ ասեց, որ բոլոր գործերը պետք է զեկուցվեն գլխավոր դատախազին եւ որոշումներ կայացվեն»։
Ամեն դեպքում, ձգձգումներն ըստ փաստաբանի, անվերջ չեն կարող լինել, բայց որքան ձգձգվում է գործի քննությունն, այնքան դատախազության անգործությունը ակնհայտ ոչ իրավաչափ է դառնում՝ պետության համար բացասական հետեւանքներով․ «Մասնավորապես, արգելադրված հսկայածավալ գույքերի մասով գործարարին մեծ վնասներ են պատճառում եւ ոչ այդքան մեր ցանկությամբ, բայց հնարավոր է հանգեցնեն վնասի փոխհատուցման պահանջների՝ ընդդեմ պետության»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ այսօր պետք է կայանար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին եւ նրա ընտանիքի անդամներին վերաբերվող ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը: Սակայն նիստը կրկին հետաձգվեց․ դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը գործուղման է մեկնել։ Նախոր նիստը ևս հետաձգվել էր՝ մեկ ամսով՝ դատախազի արձակուրդում գտնվելու պատճառով։ Այս նիստում սպասվում էր ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշման ներկայացումը՝ ՍԴ-ի հրապարակած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի օրենքի սահմանադրականության հարցով որոշման համատեքստում։ Նախորդ նիստում դատախազը հայտարարել էր, որ առանձին քննարկումներ են սկսվել՝ յուրաքանչյուր գործի մասով։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ